13 02 2019

Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելը պատահական չէր

Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելը պատահական չէր

Այն, որ ՀՀ կառավարության ծրագիրն ու ԱԺ-ում դրա քննարկումները պետք է դժգոհության ալիք առաջ բերեին, սպասելի էր: Սակայն փաստացի դժգոհությունը սպասվածից էլ ավելի ծանր էր: Բանը հասավ նրան, որ անգամ Փաշինյանի հետ միանգամայն «ջան-ջիգյարային» հարաբերություններով խորհրդարան մտած ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն սկսեցին թուր ճոճել Փաշինյանի դեմ, ու կարծես նկատվեց նաև ոչ միայն ընդդիմություն խաղալու, այլ` իրական անհամաձայնության երանգներ:

Այսպես, ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը նշեց, որ դա տնտեսական հեղափոխության ծրագիր անվանելն ամոթ է` խղճուկ 5 տոկոս աճով, երբ նախորդ «հանցավոր ռեժիմը» առնվազն 7-8 տոկոս ապահովում էր:

ԲՀԿ-ն անցավ ավելի հեռուն: Գագիկ Ծառուկյանն անձամբ բավականին կոշտ և քամահրական ձևով քննադատեց այդ ծրագիրը, մինչդեռ ոչ վաղ անցյալում զգուշանում էր Նիկոլին անգամ շատ ավելի պարզ հարցերում հակառակվելուց: Թե ինչը հանկարծ այդքան կտրուկ փոխեց պարոն Ծառուկյանի տրամադրությունը` չենք կարող ասել: Բայց երբ հայտնի դարձավ, որ նա Սոչի է մեկնում, այն էլ, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, անձամբ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով», հարց է առաջանում`այդ կոշտացումն ու Սոչի մեկնելն արդյոք իրար հետ սերտ կապեր չունե՞ն:

Իսկ թե ինչպիսի քննադատության է ենթարկում այդ ծրագիրը արտախորհրդարանական ընդդիմությունը և մասնագիտական հանրությունը, կարելի է բնութագրել մեկ բառով`կոտորած: Վերջապես, ծրագրի քննարկումների մի շարք դրվագներ նաև հանրային բավականին ծանր քննադատության տեղիք տվեցին: Այդ թվում`ԱԺ-ի ելույթում Փաշինյանի մտքերի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում այն պնդումը, որ աղքատությունը չի հաղթահարվի, քանի դեռ այն մարդկանց ուղեղի մեջ է: Ու դա առաջ բերեց քննադատական հարցերի մի ամբողջ շարան. այսինքն ի՞նչ, ժողովուրդն ի՞նքն է մեղավոր, որ աղքատ է: Բա այդ դեպքում էլ ինչո՞ւ էին մի գլուխ նախորդ «հանցավոր ռեժիմին» մեղադրում, մի ամբողջ հեղափոխություն արեցին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թողած ավելի քան 10 տոկոս տնտեսական աճը կիսով չափ կրճատվե՞ր:

Հասկանալի է, Փաշինյանի համար ամենավտանգավորը հենց հանրային նման տրամադրություններն են: Ի վերջո, նրա իշխանությունը կառուցվեց և դեռ հիմնված է հանրային վարկանիշի վրա: Սակայն այդ վարկանիշի տակ էլ դրված էին վաղվա լավ օրվա հանդեպ մարդկանց սպասելիքները`«կգնա ՀՀԿ-ն, կգա Նիկոլը, և արագորեն վիճակներս կկարգավորվի» տրամաբանությամբ: Մինչդեռ կառավարության այս ծրագիրը հենց այդ տրամաբանությանն է հարվածում. բոլորն են հասկանում, որ 5 տոկոսանոց աճով, եթե անգամ դա իրագործվի, հաստատ «վիճակներս չի կարգավորվի»: Ու միաժամանակ, Աժ-ի առյուծի բաժինը կազմող փաշինյանականներն էլ իրենց հերթին ի զորու չեղան հոդաբաշխ բացատրություն տալ 5 տոկոսանոց աճով «տնտեսական հեղափոխության» հասնելու հանելուկին` սպասվող վարկանիշային անկումների տակից դուրս գալու ծանրությունը այս անգամ ևս թողնելով Փաշինյանի ուսերին:

Եվ կարծես թե հերթական անգամ փորձում են սպասվող դժգոհության ալիքը կոտրել նույն մեթոդով` աղմկոտ քր.գործով: Ու հազիվ թե պատահական էր, որ կառավարության ծրագրի հենց այս կատարյալ ֆիասկոյի պահին` ՀՔԾ-ն հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու մասին` խոշոր կաշառք վերցնելու: Չնայած, սա կարծես «մեկ գնդակով երկու նապաստաակ խփելու տարբերակն է»: Նախ, երևի մտածել են, որ կհաջողվի կառավարության ծրագրի առաջ բերած հիասթափութունը հերթական «թամաշայով» շտկել: Մյուս կողմից, հասկանալի է, որ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը եփած հավի ծիծաղ է շարժում, և մոտենում է ժամանակը, որ եթե ոչ հայաստանյան, ապա, ինչպես Մայրապետյանի գործի պարագայում, եվրոպական դատարանը միանգամայն այլ կերպ կնայի այդ մեղադրանքին: Իսկ նոր մեղադրանքը կարող է դառնալ լավ առիթ, որ եթե եվրոպական դատարանի դատապարտի Մարտի 1-ի գործով Քոչարյանին կալանավորելը, այստեղ կարողանան կաշառքի նոր գործով նրան պահել կալանքի տակ:

Իսկ թե ինչու են այդքան շատ ցանկանում Քոչարյանին կալանքի տակ պահել, դա էլ է հասկանալի: Որոշ անկախ սոցիոլոգիական աղբյուրներ խոսում են երկրորդ նախագահի շարունակաբար աճող և գործող վարչապետի` նույն տեմպերով նվազող վարկանիշի մասին: Եվ, որ այդ միտումները կառավարության այս ծրագրից հետո միայն կսրվեն, ենթադրելի է: Բայց իրականում այս նոր մեղադրանքն այդ իրավիճակը կփոխի՞, մեծ հարց է: Բանն այն է, որ այն կարգի արհեստաական մեղադրանքի մասին է խոսքը, որ այն արդեն իսկ շատ փորձագետների կողմից համարվել է պարզունակ քաղաքական հալածանք: Իսկ այդ հանգամանքը կարող է էլ ավելի արագացնել Քոչարյանի վարկանիշային աճը` նրան դարձնելով շատ ավելի վտանգավոր մրցակից:

Սարգիս Աբրահամյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ