12 02 2019

Սիրիա զորախումբ ուղարկելն ակտիվացնում է հայկական սորոսականներին

Սիրիա զորախումբ ուղարկելն ակտիվացնում է հայկական սորոսականներին

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի շուրջ բարձրացավ հերթական աղմուկը՝ կապված Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հետ: Պե՞տք էր զորախումբ ուղարկել, թե՝ ոչ՝ այդ ամենից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Սա, անշուշտ, խնդրի ամենաէական կողմն է: Սակայն այս օրերի քննարկումները հիմնականում ոչ թե այդ մասին են, այլ նրա, թե ինչպես այդ զորախումբն ուղարկվեց:

Բայց ինչո՞ւ խիստ գաղտնի

Այսպես, ակտիվ քննարկման փուլում է հարցը, թե ինչքանով է ՀՀ օրենսդրությանը համապատասխանում Սիրիա հայաստանյան զորախումբ ուղարկելը (ինչքան էլ որ այն կոչվի հումանիտար առաքելություն, սակայն երբ խումբն ուղարկել է ՀՀ ՊՆ-ն, ապա անկախ նրանից, որ դրա կազմում բժիշկներ, կամավորներ են, այն զինվորականների խումբ է՝ զորախումբ): Այն, որ զորախումբն ուղարկվել է ՀՀ օրենսդրության մի շարք էական դրույթների շրջանցմամբ, դա հասկանալի է: Բայց նաեւ հասկանալի է, որ հայկական զորախումբը Սիրիա է մեկնել ՌԴ ՊՆ-ի հետ համագործակցությամբ, այսինքն, եթե պետք եղավ սրա տակ հանգիստ կարող է դրվել սիրիական կառավարության օգնության խնդրանքը, անգամ՝ ասենք, անցած տարվա հունիսով կամ օգոստոսով թվագրված: Այսինքն, կարելի էր նույն բանն անել օրենսդրության տառի պահպանմամբ, բայց չարվեց: Ուրեմն՝ ինչո՞ւ:

Պատասխանն աչքի առաջ է. Նկատենք, ՀՀ իշխանությունները մինչեւ վերջին պահն այդ առաքելությունը խիստ գաղտնի պահեցին: Հասկանալի է նաեւ գաղտնիության իմաստը. հիշենք, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան այցի ժամանակ ինչ սպառնալի ակնարկներ հնչեցրեց սիրիական այս նախաձեռնության հետ կապված: Իհարկե, զորք ուղարկելու փաստը մեկ օր շուտ, թե մեկ օր ուշ՝ իմացվելու էր, եւ Բոլթոնի ակնարկած բացասական ռեակցիան կլինի: Սակայն օր առաջ իմանալու դեպքում՝ կանխարգելիչ քայլերի հնարավորություն կլիներ: Ասենք՝ հայաստանյան հայտնի «գունավոր էլեմենտների» ներգրավմամբ իրականացվող ակցիաների, օրինակ՝ օդանավակայանների շրջապատման տեսքով: Այդ ամենը կարող էր զորախմբի ուղարկման հարցում խնդիրներ ստեղծել, միգուցե նաեւ՝ ձախողում: Իսկ ահա Մոսկվայում դրանից կարող էին այն կարծիքը կազմել, որ Փաշինյանն ինքն է այդ բողոքի ալիքը սարքել՝ այդ կերպ զորախումբն ուղարկելուց խուսափելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

Սորոսկան պատասխանը կլինի

Բայց նկատենք՝ ներկայացվածը Սիրիա զորախումբ ուղարկելու պատմության ընդամենը տակտիկական կողմն է, եւ կա նաեւ ամենակարեւորը՝ ստրատեգիականը: Այսինքն, այնուամենայնիվ՝ ինչո՞ւ Փաշինյանը տեւական ձգձգումներից հետո, այնուամենայնիվ, գնաց այս քայլին: Ասենք, այստեղ էլ ինչ-որ գերբարդ հաշվարկների խնդիր չկա: Դեռ անցած տարվանից ակնհայտ էր, որ Մոսկվան, մեղմ ասած, վերապահումներով է վերաբերվում հայ-ռուսական բարեկամությունը նոր գագաթնակետերի տանելու Փաշինյանի խոստումներին՝ խոսքի փոխարեն սպասելով գործնական քայլեր: Նման քայլերից մեկն էլ հենց այս զորախմբի թեման էր: Գործնական տեսանկյունից՝ իրականում ՌԴ-ի համար ինչ-որ արտառոց նշանակություն չունի ինչպես հայաստանյան այս փոքրիկ խմբի ներկայությունը, խոշոր հաշվով նաեւ այդ խմբի միջոցով Հայաստանի դրոշի տեղակայումը Սիրիայում: Ավելին, արդեն նաեւ ԱՄՆ-ի համար, որը իր զորքերն է հանում այնտեղից: Իսկ ահա աշխարհաքաղաքական առումով՝ Սիրիա զորախումբ ուղարկել-չուղարկելն այն ինդիգատորներից մեկն է, թե Հայաստանը, ի վերջո, իշխանափոխությունից հետո ո՞ր դիրքում է ֆիքսում իրեն՝ Մոսկվայի, Թեհրանի եւ ամերիկացիների այդքան չսիրած Ասադի կողքի՞ն, թե՝ Վաշինգտոնի:

Նկատենք նաեւ, որ այս քայլն ամենեւին էլ միայն պաշտոնական Վաշինգտոնի խանդը չի առաջացնելու: Այն, որ վերջին ժամանակներս Սորոսը ստիպված էր անձամբ ներգրավել Փաշինյանին «դեմոկրատական դիրքերում» գործընթացի մեջ, պարզ ակնարկ էր, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի նկատմամբ ծայրահեղ ընդդիմադիր սուպերլիբերալ թեւը միգուցեեւ Սպիտակ տնից էլ ավելի ծանր է տանում Մոսկվայի ուղղությամբ Փաշինյանի նման վոյաժները: Եվ դա էլ կարելի է հասկանալ. Սորոսը, ինչպես նրա վերջին թվիթերյան գրառումը եւս ցույց տվեց, համառորեն խոսում է Հայաստանը «մինչեւ վերջ դեմոկրատացնելու» իր երազանքներից, որին ուզում է հասնել հեղափոխական իշխանությունների եւ անհնազանդություն թույլ չտալու համար նրանց «գլխին կախված» տարաբնույթ հայտնի հ/կ-ների, իրավապաշտպանների եւ այլ «գունավոր» գրոհային մեխանիզմների միջոցով: Իմաստն էլ նույնն է, ինչպես աշխարհում ամենուր՝ Հայաստանին եւս ծայրահեղ հակառուսական դաշտ տանելը: Ու երբ սրանից հետո Փաշինյանը, թերեւս արդեն սեփական մաշկի վրա զգալով երկրի աշխարհաքաղաքական դիրքեր փոփոխությունից սպասվող անվտանգության հարցի անլուծելիությունը, պտտվում-պտտվում եւ ի վերջո Մոսկվայի առաջնորդությամբ Հայաստանի դրոշը տանում-տեղադրում է սորոսական համակարգի ամենաատելի մարդկանցից մեկի՝ Ասադի կողքին... Չէ, հազիվ թե սա անպատասխան մնա:

Քերոբ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ