08  02  2019

Ինչո՞ւ Սորոսը որոշեց անձամբ մտնել խաղի մեջ

Ինչո՞ւ Սորոսը որոշեց անձամբ մտնել խաղի մեջ

Այս օրերին Հայաստանում շարունակվում են ակտիվ քննարկումները՝ կապված «գունավոր հեղափոխությունների» ճարտարապետ Ջորջ Սորոսի հայտնի թվիթերյան գրառման հետ: Հիշեցնենք, համաշխարհային սուպերլիբերալիզմի հիմնասյուներից մեկը հանդիսացող Սորոսը գրել էր. «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»:

Սորոսը Փաշինյանին լավությո՞ւն, թե՝ վատություն արեց

Մեկնաբանությունների բազմազանության պակաս չկա: Սկսած նրանից, թե այս կերպ Սորոսը Փաշինյանին «դուխ» է տալիս, թե չվախենաս, թիկունքիդ եմ: Վերջացրած նրանով, որ, ընդհակառակը, իր հետ կապերի մասին ակնարկելով, Սորոսը պարզապես հարվածում է Փաշինյանին: Ընդ որում, այս տարբերակը զերծ չէ նաև մինչև զառանցանք հասնող տարաբնույթ ենթավարկածներից, ընդհուպ, թե այդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կաշառել Սորոսին, որ նա «փչացնի» Փաշինյանին: Սակայն մասնավորաապես այս վարկածի աբսուրդ լինելը միանգամայն հստակ ցույց տվեց «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ . «Փաստորեն, ըստ զառանցողների, ստացվում է, որ Քոչարյանը ավելի շատ տղա է, որ կարողանում է գնել ամբողջ աշխարհը առնող Սորոսին, իսկ Նիկոլը այնքան տղա չէ, որ պարում է այդ Սորոսի նվագի տակ»:

Բայց այս տարաբնույթ մեկնաբանություններով հանդերձ, Սորոսի հայտարարությունը փաստ է, հետևաբար, կարևոր է նաև հասկանալը, թե այդ ինչո՞ւ հիմնականում «ստվերային թելերով» իր ծրագրերը գործողության մեջ դնող սուպերլիբերալ «գորշ կարդինալը» այս անգամ ծանր տեղը թեթևացրեց՝ անձամբ խաղի մեջ մտնելով: Այսպիսով, ի՞նչ էր ասում Սորոսը: Իրոք, նրա գրվածքն ակնհայտորեն երկիմաստ տեսք ունի, ինչպես ուզես, կարող ես մեկնաբանել: Այդ թվում. Սորոսը խոսում է «Հայաստանի ժողովրդավարական ներկայի» մասին, և կարելի է դրանից ենթադրել, որ Փաշինյանին և նրա գլխավորած իշխանական համակարգն էլ համարում է այդ «ժողովրդավարության կերտողն ու ջահակիրը» խոստանալով «հզոր աջակցություն»՝ այդ «ժողովրդավարությունը ապագա» տեղափոխելու համար: Բայց մյուս կողմից՝ այդ աջակցությունը խոստանում է ոչ թե Փաշինյանի ղեկավարած Հայաստանին կամ նրա կառավարությանը, այլ՝ «քաղաքացիական հասարակության», ինչն ամենևին էլ նույն բանը չէ: Մինչդեռ Փաշինյանն օդ ու ջրի պես արտաքին ֆինանսական աջակցության կարիք ունի՝ գոնե ինչ-որ առաջընթաց ապահովելու և ահագնացող տեմպերով փլուզվող հեղինակությունը փրկելու համար: Մինչդեռ եթե փողերը գնան «քաղաքացիական հասարակությանը», ապա դա նշված խնդիրը չի լուծելու:

Եվ, ամենաէականը. Ո՞ր դեպքում են դեպի «քաղաքացիական հասարակություն» հորջորջված տարաբնույթ հ/կ-ներին և անձանց սորոսյան փողեր տալիս: Ճիշտ է, եթե ինչ-որ «գունավոր» խժդժության խնդիր կա: Իսկ նման ՙգունավոր՚ հարվածները հասցվում են գործող իշխանություններին, և առաջ է գալիս այն մյուս մեկնաբանությունը, որ իրականում Սորոսը ոչ թե փող է խոստանում Փաշինյանին, այլ հրապարակավ սպառնում է «քաղաքացիական հասարակությունով»:

Ասվածի մասին է խոսում նաև հետևյալ հանգամանքը: Գաղտնիք չէ, որ այսօր Փաշինյանը մաշկից դուրս է գալիս՝ մասնավորապես, ռուսական աշխարհաքաղաքական բլոկին ցույց տալու համար, որ իր արած իշխանափոխությունն ի սկզբանե ամենևին էլ «գունավոր» նպատակներ չի հետապնդում, իսկ իր թիմը՝ որևէ կապ չունի տարաբնութ սորոսական փողերի հետ: Եվ հիմա այդ մի փոքրիկ թվիթերյան գրառմամբ Սորոսը Փաշինյանին ամիսների աշխատանքը ջուրը լցնելու շեմին է կանգնեցնում: Այսինքն, հարցադրումը, որ եթե կապեր չկան, և Փաշինյանն էլ ՌԴ-ի հետ ամենասերտ ռազմավարական դաշինքի նախկին կուրսը ոչ թե փոխելու է, այլ խոստացածի պես ավելի է ամրապնդելու, ծայրահեղ ռուսատյաց Սորոսն այդ ինչո՞ւ է այդպես գովերգում Փաշինյանի խոստացած ռուսամետ Հայաստանի «Ժողովրդավարական ներկան»: Դե գնա Փաշինյան ու գլուխ կոտրի, թե ինչ պատասխանես ռուսներին:

Չնայած մեկ բացատրություն Փաշինյանը հաստատ ունի՝ «Սորոսն այս կերպ ինձ «պադստավկա» է անում»: Սակայն այստեղ մեկ այլ հարց էլ է ծագելու՝ հենց այնպես, օդի մեջ «պադստավկա» չես անի, շատ կոպիտ, անհավանական կլիներ: Իսկ քարոզչական տրյուկների մագիստրոս Սորոսը, այն էլ անձամբ հազիվ թե նման կոպիտ աշխատանք աներ, ուրեմն՝ տակը մի բան կա: Կարճ ասած, Սորոսի այդ կարճ գրառումը դեռ շատ է մտահոգելու Փաշինյանին:

Ոչ մի ճնշում, միայն բանակցելու պահանջ

Սակայն հարցը մի այլ կողմ ունի: Նախ, որ իրականում այս գրառումը Փաշինյանի համար լուրջ հարված էր, ամենահավանական տարբերակն է: Բայց ինչո՞ւ հանկարծ Սորոսնը հենց այս պահին որոշեց սեփական ձեռքով նման հարված հասցնել Փաշինյանին: Նաև նկատենք, հենց այն պահին, երբ նման մի «պադստավկա» էլ օրերս Մերկելից եկավ, երբ նա սկսեց գովերգել Արցախի հետ կապված Փաշինյանի ինչ-որ անհասկանալի «խիզախ քայլը»: Ընդ որում, հարվածն այնքան լուրջ էր, որ սկսած Փաշինյանից, վերջացրած՝ ԱԳ նախարարով և պաշտոնական քարոզչամեքենայով մի քանի օր է փորձում են համառորեն բացատրել, թե Փաշինյանի այդ ո՞ր «խիզախությունն» է այդքան ոգևորել տիկին Մերկելին, և այդպես էլ խելքին մոտ մեկնաբանություն չեն կարողանում տալ: Ի դեպ, չմոռանանք. հին ֆեմինիստուհի Մերկելը պետք է որ դեռ շարունակի գաղափարապես իրեն հոգեհարազատ համարել Սորոսին, առավել ևս՝ միգրանտներին Եվրոպա թողնելու գաղափարի ուղղությամբ փոխլրացնող աշխատանքից հետո: Եվ ի՞նչ ենք ստանում, որ այս երկու կարկառուն լիբերալները հիմա էլ միաժամանակ, լայն ժպիտները դեմքներին, Փաշինյանի գլխին նման օյիններ են սարքում: Պատահականություն է սա. Մերկելն էլ իր ամեն մի բառի արժեքը լավ գիտի, Սորոսն էլ, և, առհասարակ, նման բաները, որպես կանոն, պատահական չեն լինում:

Եթե մտածենք, որ պատահականություն չէ, այսինքն՝ գլոբալ սուպերլիբերալիզմն է հարվածներ հասցնում Փաշինյանին, ապա կհասնենք այս տրամաբանությանը: Մերկելի հարվածը կապված էր Արցախի հետ, և կարելի է ենթադրել, որ նման հիմք կարող է ունենալ նաև Սորոսի գրառումը: Եվ երկրորդ հանգամանքը. այն, որ սուպերլիբերալիզմի այս երկու կարկառուն ներկայացուցիչներն առաջին դեմքով ինչ-որ խաղի մեջ են մտնում, դա արդեն իսկ ակնարկ է, որ այդ խաղը գտնվում է կուլմինացիոն կետում:

Այս ամենից ելնելով, կարո՞ղ ենք նաև ենթադրել, որ այս պահին ղարաբաղյան գործընթացն իրոք գտնվում է նման կուլմինացիոն կետում: Այս օրերին երկու հետաքրքիր հանգամանք ևս նկատվեցին: Նախ՝ Փաշինյանը սկսել է ակտիվորեն հստակեցնել իր տեսակետը՝ բանակցային գործընթացի հետ կապված: Հաջորդը, զուգահեռաբար ներհայաստանյան հարթակում ակտիվ քարոզչություն կա, որ արցախյան բանակցությունների հետ կապված Հայաստանի նկատմամբ և ոչ մի ճնշում էլ չկա: Ճնշում լինել-չլինելու հետ կապված նախ մեկ պարզ հանգամանք դիտարկենք. իսկ ո՞վ է ասում, որ ճնշում կա: Ընդհակառակը, Մինսկի խումբն ամենասիրալիր տեսքով ասում է՝ այլևս խոչընդոտ չկա, եկեք բանակցությունները շարունակենք ու հասնենք հանգուցալուծման: Սա ճնշո՞ւմ է. չէ, ընդամենը առաջարկ, որից հրաժարվելու դեպքում, պարզապես բանակցային գործընթացը կարող է դադարել՝ պատասխանատվությունը թողնելով հրաժարվողի վրա: Իսկ բանակցելու դեպքում, պարզ է, առաջ է գալու փոխզիջման տեսքով հողեր տալու հարցը: Եվ երբ նաև պարզվեց, որ չնայած վերջին ընտրություններում ստացած ձայների թվից, «հող տալու» գաղափարը Հայաստանում առաջ է բերել հսկայական հակազդեցություն, որը ոչ մի ԱԱԾ-ով և ՀՔԾ-ով չես փոխի, Փաշինյանը կանգնեց լուրջ երկընտրանքի առաջ: Կա՛մ գնալ ու բանակցային կուլիսներում խոստովանել, որ չնայած 100 տոկոսանոց իշխանության, ի զորու չէ «փոխզիջման գնալ»՝ դրանից սպասվող բազում տհաճ հարցադրումներով հանդերձ: Որպես դրան նախորդող էտապ, կա նաև բանակցություններից ինքն իրեն մեկուսացնելու հին խաղին վերադառնալու տարբերակը՝ նորից առաջ քաշելով Ստեփանակերտի մասնակցության և պատասխանատվությունը վերջինիս վրա թողնելու պահաջը, որը ներկայումս տեսնում ենք: Սակայն նման մոտեցումը միայն նրա ցանկությունն է, և հազիվ թե դրանից բանակցային ձևաչափն ու օրակարգն իրականում փոխվի: Իսկ եթե օրակարգը չփոխվի, ավելին, անգամ Փաշինյանի նշված կուլիսային տրտնջոցներին ուշադրություն չդարձնեն, թե՝ դու ես Հայաստանի ղեկավարը և պարտավոր ես բանակցել, ապա անգամ այս դեպքում արտաքին ճնշման խնդիր չկա. ընդամենը նույն սիրալիր դեմքով առաջարկելու են՝ բանակցային սեղանին առկա փաստաթուղթը ստորագրել: Եվ նորից չստորագրելը կարող է տանել բանակցությունների դադարեցման՝ նորից պատասխանատվությունը և հետևանքները թողնելով չստորագրողի վրա: Եվ երկրորդ տարբերակը՝ գնալ բանաակցությունների և առաջարկվող փաստաթուղթը ստերագրել՝ չմտածելով հետևանքների մասին: Ճիշտ է, կա նաև երրորդ տարբերակը՝ հրաժարվել վարչապետի պաշտոնից էլ, անձնական պատասխանատվությունից էլ: Բայց այս դեպքում ի՞նչ կասեն այն բոլոր տեսանելի և «անտեսանելի» ուժերը, որոնք նպաստել են Փաշինյանի իշխանության գալուն. չէ, սա վտանգավոր քայլ կլիներ:

Ուրեմն, ի՞նչ է պետք Սորոսին

Բայց վերադառնանք Սորոսին:

Մի կողմ թողնենք, թե ինչ փաստաթուղթ է դրված բանակցային սեղանին. այդ մասին շատ է խոսվել, անգամ Փաշինյանն է կոնկրետ մանրամասներ ներկայացրել: Խնդիրը կոնկրետ դեպքում այն է, որ կա ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մեծ հավանականություն (դրանից ով ինչ կշահի, այլ հարց է), այսինքն՝ գագաթնակետային իրավիճակ, այնուամենայնիվ, ունենք: Եվ որ դա այդքան կարող է հուզել սուպերլիբերալներին, իր հերթին է հասկանալի: Մասնավորապես` հարավկովկասյան և մերձավորարևելյան խաղատախտակներին կայունությունը Սորոսի համար ամենաանցանկալի սցենարներից մեկն է, որը կնշանակի ոչ միայն հսկայական ֆինանսական միջոցների, այլ աշխարհաքաղաքական ծրագրերի կորուստ, և որ ամենավատն է, ներամերիկյան հարթակում Թրամփի հետ պայքարում դիրքերի հերթական վատթարացում: Իսկ ահա հայաստանյան «ժողովրդավարական ներկան» կարող է ձգձգել արցախյան հանգուցալուծումը, իսկ եթե չկարողացավ, ապա «քաղաքացիական հասարակությունը» կա ու կա: Իսկ դա կարող է և էֆեկտիվ լինել, եթե հաշվի առնենք, որ ամերիկյան կառավարության, այսպես ասած, բոլթոնական թևն էլ իր հերթին կարծես թե ոգևորված չէ այդ հնարավոր հանգուցալուծմամբ, որը կարող է տանել ՌԴ-ի և Իրանի դիրքերի ամրապնդման:

Այսպիսով, եթե ընդունենք, որ բանակցային օրակարգում իրոք շրջաններ հանձնելու թեման է, կամ Հայաստանի համար մեկ այլ անցանկալի սցենար, ապա հիշատակված ուղղության հետ թեկուզև ժամանակավոր համագործակցությունն առաջին հայցքից կարող էր ելք լինել: Սակայն այս դեպքում պարզապես չի կարելի հաշվից դուրս թողնել ամենաանցանկալի սցենարը՝ պատերազմը: Իսկ այդ դեպքում ծայրահեղ ռուսատյաց Սորոսի հետ դաշինքը կարո՞ղ է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նախ, «անգլիական նավերը դեռ լեռներ մագլցել չեն սովորել», էլ չասած, որ Սորոսը ռազմանավեր չունի: Երկրորդը, նույն Սորոսը պակաս ջերմ հարաբերություններ չունի նաև Ալիևի հետ, և «չար լեզուները» ժամանակին շշնջում էին, որ Բաքուն «տակից» բավականին լուրջ ֆինանսավորում է ցուցաբերել սորոսյան հիմնադրամին՝ Հայաստանում անկայունություն ստեղծելու համար: Ի դեպ, այս գործոնը կարող է Սորոսի հայտարարությունը բացատրող ևս մեկ վարկած լինել՝ շարունակում է թուլացնել Հայաստանը: Բայց ամեն դեպքում, անվտանգության հարցում Սորոսի հետ հույսեր կապելը հաստատ կործանման տանող ամենակարճ ուղին է: Իսկ առանց երաշխավորված անվտանգության, թե հնարավոր պատերազմը (այդ դեպքում, նաև Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ) ինչ կխոստանա մեզ, դժվար չէ պատկերացնել, ինչքան էլ որ սուպերլիբերալիզմի տարատեսակ հովանավորյալներ տեղավորվել են հայաստանյան իշխանական համակարգում:

Քերոբ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ