08  02  2019

Իշխանությունն անլուրջ է․ «Նոր Հայաստանի» լուրջ պրոբլեմը

Իշխանությունն անլուրջ է․ «Նոր Հայաստանի» լուրջ պրոբլեմը

Տարօրինակ է, բայց փաստ, որ իշխանափոխությունը նոր Հայաստանում վերածվեց պետությունը պաշտոն առ պաշտոն բաժանելու պրոցեսի:  Պետության ղեկավարը նախևառաջ  հասկացնել  տվեց, որ պետության երկրորդ պաշտոնյան առաջին տիկինն է: Իշխանական վերնախավում նրան նույնիսկ անվանում են «տիկին վարչապետ»: Նա ունի առանձին նստավայր,  աշխատակազմ,  բյուջե, ավտոպարկ, սպասարկող անձնակազմ, թիկնապահներ:   

Առաջին տիկինը նաև «ընտանեկան» հիմնադրամի տնօրենն է, որի շրջանառու միջոցները գոյանում են  սեփականատեր դարձած նախկին  օլիգարխների  «կամավոր» նվիրատվություններից,  «բռնել-բաց թողնել» պրոցեսում առաջացող փրկագներից, պետական գանձարանից բաժանվող պարգևավճարների 50/50 մասհանումներից, էլի հազար ու մի աղբյուրներից:  «Տիկին վարչապետը»  ագն-ական հաճախականությամբ, տիար վարչապետին ընկերակցելով ու առանձին, պետական գործուղումների է մեկնում՝ հիմնականում  շոփինգի,  բայց անպայման՝  սպասարկող  ողջ անձնակազմի հետ:  

Առաջին տինոջն անվերապահորեն ամենուր ուղեկցում է շքախումբը՝ թիկնապահներ, քարտուղարուհի, օգնական, վարսահարդար: Վարչապետական ընտանիքի համար միանգամայն  բնականոն են և՛ պարբերական «ուղևորությունները», և՛ հավելյալ «ընկերախումբը», բայց ո՛չ՝ նման «թիկնազորը» ու պետության միջոցներով  շքեղությունները:  Իհարկե, ընդունելի է  «ամենաթշվառ մուրացիկն անգամ էլի ավելորդ ինչ-որ բան ունի՝ մի կողմ ներտելու» շեքսպիրյան դիտարկումը, բայց հիշենք նաև, որ սեփական դուստրերն անգամ չուզեցին ստացած  ժառանգության գոնե մի մասը «վատնել» արքա Լիրի ասպետախմբին կերակրելու վրա: Ուրեմն. պետք չէ նաև չարաշահել հարկատուների համբերությունը:

Ահավասիկ. փոխվարչապետի ստորագրած՝ ՀՀ վարչապետի 2019-ի հունվարի 25-ի N 70-Ա որոշումը, որից տեղեկանում ենք, որ հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը Գերմանիայի  Դաշնային Հանրապետություն մեկնող կառավարական պատվիրակության կազմում ներգրավվել են 30 հոգի: Ցանկում երկրորդը՝ առաջին    տիկինն է. ինչը պաշտոնակարգային  կոպիտ խախտում է ու գավառամիտ շողոքորթության դրսևորում` այն պարզ պատճառով, որ «տիկին վարչապետն», այնուամենայնիվ, կառավարության անդամ ու պետական պաշտոնյա չէ։

Կառավարական պատվիրակության կազմում են արտգործնախարարը, ԳԴՀ-ում մեր երկրի դեսպանը, վարչապետի 2 խորհրդականներն ու օգնականը, արարողակարգի պատասխանատուն, աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 2 գլխավոր մասնագետները, արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետը, խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողն ու արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, 2 գլխավոր օպերատորները, թարգմանիչը, ՊՊԾ 7 աշխատակից, ԱԳՆ պետարարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը, ՀՀՀ թղթակիցն ու օպերատորը, «Արմենիա» ու «Շանթ» ՀԸ-ների, «Արմենպրես» ու «Սիվիլնեթ» ԼԳ թղթակիցները։

Շրջանառվող իրազեկ լրատվությունը տեղեկացնում է, որ կառավարական պատվիրակության կազմում ներգրավված` ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խրհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Ս. Նավասարդյանն, ընդամենը, առաջին տիկնոջ անձնական վարսավիր Սոֆյան է։ Ըստ հավաստի լուրերի, նաև` առողջ տրամաբանության, վարսավիր Սոֆան վարչապետի աշխատակազմի ու արարողակարգի աշխատանքին որևէ կերպ չի առնչվում և ենթադրվող աշխատատեղում չի լինում, սահմանված աշխատակարգով խորհրդատվություն չի կատարում ու չկա որևէ առանձին գործառույթ, որ նա համակարգի։

Նա միայն «տիկին վարչապետի» վարսերն է հարդարում և նույնն է արել նաև իր նախկին պաշտոնում` երբ ՀՀ վարչապետի օգնականն էր, բայց պետական բյուջեից և առանց որևէ այլևայլության ամիսներ շարունակ բարձր աշխատավարձ է ստանում։ Պետության ղեկավարի աշխատակազմում սա բնավ բացառիկ երևույթ չէ և արատավոր իր նախադեպն ունեցել է` քառորդ դար առաջ։

Գործող վարչապետի քաղաքական հոգևոր հոր` ԼՏՊ-ի աշխատակազմում պաշտոնապես կար հոգեբույժի հաստիք, որն ուներ և՛ իր աշխատասենյանկը, և՛ հեռախոսահամարը։ Տարօրինակ էր` որ երկրի առաջին նախագահը հոգեբույժի կարիք ունի, բայց ամեն ինչ օրինական էր, մարդն էլ ամեն օր աշխատանքի էր գալիս ու իր գործն էր անում։ Հոգեզավակի օրոք ամեն ինչ անօրինակ է ու վատ քողարկված, զավեշտի հասցված ու խիստ վարակիչ։ Նոր Հայաստանի մասին ամենօրյա լուրերի գերակշիռ մասը, ցավոք, փաստում է, որ փոխվարչապետերից մինչև վարչությունների պետեր, պատգամավորներից մինչև համայնքապետեր, ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների տնօրեններ` բոլորը վարչապետի հարազատները, բարեկամները, ընկերներն ու մերձավորներն են։ Եվ ողջ այս իշխանական «վերնախավը», իր վարչապետի նման, բաժանում է իր ենթակայության տակ եղած պաշտոնները իր մերձավորներին` առանց մասնագիտական ու կրթական խտրականության։

Սա իշխանությանն անլուրջ վերաբերվելու արդյունք է և լրջագույն պրոբլեմ է պետականության համար։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ