04 02 2019

Ովքե՞ր են փորում ոստիկանապետի ոտքի տակը

Ովքե՞ր են փորում ոստիկանապետի ոտքի տակը

Փետրվարի 4-ի գիշերն անհայտ անձինք, Երևանի Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրելով, ներս էին մտել և փորձել հափշտակել չհրկիզվող պահարանը։

Մի քանի ժամ անց Ջրվեժում ևս նույն կազմակերպության գրասենյակի վրա էին հարձակվել՝ չհրչկիզվող պահարանը տանելու համար։

Այս կազմակերպության վրա միայն վերջին մեկ ամսում 4 ավազակային հարձակում գրանցվեց։ Հուվարի 21-ին անհայտ անձը ներս էր մտել Երևանի Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ ևհափշտակել խոշոր չափի գումար։

Նույն օրն անձը մտել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:

Դրանից առաջ՝ հունվարի 29-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ից մի երիտասարդ դանակի սպառնալիքով գումար էր հափշտակել ու դիմել փախուստի:

Նույն հունվարի 29-ին կացնով զինված քաղաքացին մտել էր ՝ «ՎՏԲ» բանկի՝ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ։

Հունվարի 27-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոններից մեկում անհայտ անձը դիմակավորված ներխուժել և 1 մլն 85 հազար դրամ էր հափշտակել։

Հունվարի 18-ին զինված անձը մտել էր Բաղրամյան պողոտայում գտնվող SAS սուպերմարկետ՝ գումար հափշտակելու ակնկալիքով։

Հունվարի 30-ին 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մասից հափշտակել էին խոշոր չափի գումար:

Հունվարի 31-ին անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը: Բանը հասել է այնտեղ, որ թալանում են անգամ վարչապետի նստավայրը։

Մեկ ամսվա ընթացքում այս քանակի ավազակային հարձակումները մեկ բանի մասին են վկայում՝ Հայաստանում իրավապահ համակարգի բացակայության։ Իսկ որ համակարգը բացակայում է, վկան այն երկու դեպքերն են, երբ ավազակային հարձակում գործածները փախել էին նաև դատարանից։

Ահագնացող իրավիճակի մասին ահազանգում ենք արդեն որերորդ անգամ։ Քաղաքացիները դժգոհում են, որ իրենք իրենց տանն արդեն ապահով չեն զգում, տան դռներին փականներ են ավելացնում։

Իսկ ոստիկանապետը, զարմանալիորեն, նման լուրերի հրապարակումն ու վերլուծումը համարում է իր ոտքի տակը փորողների սև գործը։ Հավանաբար, չի էլ մտածում, որ ոտքի տակը փորում է իր և իր ղեկավարած համակարգի անգործությունը, նրան գումարած՝ իրավապահ մյուս կառույցների վատ աշխատանքը։

Փաստում ենք, որ Հայաստանում քրեածին իրավիճակը հասնում է սարսափելի չափերի, անվտանգության մակարդակը գնալով նվազում է և կոչ ենք անում իրավապահ համակարգին մամուլին ու մամուլի տարբեր գործիչների այցելության գնալու փոխարեն զբաղվեն առավելապես ա՛յս հարցերով։

Մի շարք փաստերով նախորդ հրապարակումը՝ այստեղ։

Լուիզա Ավագյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ