09 01 2019

Փաշինյանն այժմ էլ կաշխատի որպես աղբահավաք՝ Սանիտեկի փոխարեն

Փաշինյանն այժմ էլ կաշխատի որպես աղբահավաք՝ Սանիտեկի փոխարեն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին երեկոյան այցելել էր Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը հետո լրագրողներին ասաց, որ Փաշինյանը եկել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցելու համար: Թե ինչ հարցեր են քննարկվել և ինչ օրակարգով, այդպես էլ հայտնի չեղավ, որովհետև նիստը գաղտնի էր: Այնուամենայնիվ, դժվար չէ կռահելը, որ խոսքը մայրաքաղաքում կուտակված խնդիրների մասով է ու հատկապես՝ աղբահանության։

Այն, որ վերջին շրջանում քաղաքապետարանում այդքան էլ հանգիստ չէ, դա պարզ է: Տարեվերջին երկուստեք մեղադրանքներով և բանավեճերով ընթացած ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանի նյարդերը ակնհայտորեն տեղի տվեցին: Հետո տոնական օրերին կրքերը ծավալվեցին և թեժացան աղբի շուրջ: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր աղբի նկարներ էին հրապարակում և հրավիրում Սանիտեկի և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը, իսկ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները, փոխքաղաքապետի գլխավորությամբ, պնդում էին, որ դա մանր հարց է և պետք չէ այդչափ ուշադրություն դարձնել: Այս «աղբամարտից» հետո հերթը հասավ փողոցային առևտրին: Արգելքից հետո առևտրականների շրջանում բողոքի ալիք բարձրացավ քաղաքապետի դեմ:

Մի խոսքով, կարգին խառն են քաղաքապետարանում: Բայց խնդիրների խորությունը գիտակցելու և լուծում տալու փոխարեն, մեղադրում են, թե էն ժամանակ, երբ նախկին իշխանությունն էր, ինչո՞ւ չէիք ասում և ուրեմն կողմ եք նրանց վերադարձին, հակահեղափոխություն եք անում և այլն։

Եվ այս ամենի ֆոնին տրամաբանական է դառնում Նիկոլ Փաշինյանի այցը քաղաքապետարան։

Բանն այն է, որ կադրային ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում Փաշինյանը ստիպված է միայնակ կատարել գրեթե ողջ կառավարության ու ՏԻՄ-ի գործը։ Անգամ դպրոցի տնօրենի նշանակում-ազատման հարցն է լուծում։

«Միաժամանակ նույն մարդը, երբ վարչապետ է, միաժամանակ դատավոր է, դատախազ է, այդ ժամանակ է խնդիրը սկսում է: Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործությունն ապահովելն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, մնացածը գործառնություններ են, որ այդ մարմինները պետք է իրականացնեն: Ես կարող եմ երաշխավորել, որ այդ սկզբունքը կպահպանվի, և ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ և այլն»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետության առաջին օրը։ Ի՞նչ իմանար, որ շուտով նաև այս խոստումը չի կատարելու։

Գուցե Նիկոլ Փաշինյանն իրոք չէր ուզում բոլոր պաշտոնները համատեղել, բայց երբ իր նշանակած կադրերը ինքնուրույն գլուխ չեն հանում, Փաշինյանը քայլ է անում, օգնության ձեռք է մեկնում: Դա անում է առաջին հերթին իր համար, չէ՞ որ այդ աշխատանքից է կախված իր կառավարության գոյությունն ընդհանրապես։

Ուղղակի մի փոքրիկ մանրուք կա, երբ ամեն ինչ միայնակ ես անում, ձախողելու կամ մեղմ ասած չհաջողելու շանսերը մեծանում են:

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ