14 12 2018

2000-ականներին արտահանման անգամներով աճը և «երկիր քանդելու» մասին նենգափոխված իրականությունը

2000-ականներին արտահանման անգամներով աճը և «երկիր քանդելու» մասին նենգափոխված իրականությունը

Հայաստանում անցած 20 տարվա ընթացքում տեղի ունեցածը նենգափոխելն այսօր դարձել է պետական քաղաքականություն։ Վերջին 5-6 տարիներին այդ ուղղությամբ բավականին ակտիվ քարոզչություն է տարվել։ Նախորդ իշխանության կողմից իրականությունը ներկայացնող հակաքարոզչության բացակայության պարագայում, «20 տարվա երկիր քանդելու» մասին առասպելը շատերի կողմից ընդունվել է որպես իրականություն։ Մարդկանց գիտակցությունն այն աստիճանի է մթագնել, որ չեն էլ փորձում գոնե հիշել, թե ինչպիսի՞ն էր 90-ականների Հայաստանը և ինչպիսի՞ն էր 2000-ականների Հայաստանը։ Մեր նախորդ հրապարակմամբ (Հայաստանում մարդկանց եկամուտները 2000-ականներին ավելացել էին 9 անգամ)  ներկայացրել էինք, թե ինչպիսի էր մեր տնտեսության վիճակը 1997-ին և դրանից 10 տարի հետո և թե մարդկանց եկամուտներն ինչպես են փոխվել այդ ժամանակահատվածում՝ աճելով 9 անգամ։

Երկրի տնտեսության զարգացման և մարդկանց կենսամակարդակի բարձրացման մասին վկայող ցուցանիշներից մեկը արտաքին առևտրին է վերաբերվում։ Հատկապես արտահանմանը, որի աճը բերում է արտարժույթային ներհոսքի երկիր, վկայելով արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման և միաժամանակ նպաստելով նաև առևտրի, շինարարության, ծառայությունների ոլորտներում շրջանառության ավելացմանը։ Այս առումով ևս ցուցանիշները փաստում են, որ այդ 2000-ականները եղել են Հայաստանի զարգացման լավագույն ժամանակահատվածը։ Դրան հաջորդող 10 տարիներին զարգացման տեմպը թեև պահպանվում էր, բայց ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ավելի ցածր էր։ Ինչն էլ թերևս պատճառ դարձավ հրապարակ նետել երկիրը «քանդելու» մասին կեղծիքը։ Ներկայացնենք ասվածը փաստող ցուցանիշները։

Այսպիսով, 1997 թ․-ին մեր երկրի արտաքին առևտրի ծավալները կազմել են մոտ 1 մլրդ 124 մլն դոլար։ Արտահանումը կազմել է ընդամենը 232 մլն դոլար և մոտ 4 անգամ զիջել ներմուծման ծավալներին։ Ներմուծումը այդ տարի կազմել էր 892 մլն դոլար։ Թերի տեղեկացվածներին տեղեկացնենք, որ 90-ականներին Հայաստանում արտահանվող պատրաստի արտադրանք գրեթե չկար և գրեթե ամեն ինչ ներմուծվում էր։ Դա նշանակում է, որ արդյունաբերություն ևս գրեթե չկար։ Պատահական չէ, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ գերակշռում էին մետաղներն ու թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, կազմելով ամբողջ արտահանման շուրջ 24 տոկոսը։ Ընդ որում, մետաղներ անվան տակ 90-ականներին որպես մետաղի ջարդոն հարևան երկրներ էին արտահանվում մեր արդեն չգործող արդյունաբերական ձեռնարկությունների սարքավորումները, ինչը խոսում էր նախորդ 70 տարիների ընթացքում ստեղծված արդյունաբեևրական հզորությունների փոշիացման մասին։

Ի՞նչ տեղի ունեցավ 10 տարի անց։ 2008-ին արդեն մեր արտաքին առևտրաշրջանառությունն աճել էր մոտ 4,5 անգամ, կազմելով 5 մլրդ 483 մլն դոլար։ Արտահանման ծավալները 2008-ին կազմել էին 1 մլրդ 57 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 426 մլն դոլար։ 10 տարվա ընթացքում արտահանման ծավալների մոտ 4 անգամ աճ ունենալը ցուցանիշ է, որը վկայում էր երկրի իսկապես թռիչքային զարգացման մասին, ինչն այն ժամանակ փաստում էին նաև միջազգային ֆինանսական կառույցների, մասնավորապես Համաշխարհային բանկի զեկույցները։ Արտահանման մեջ մետաղներն ու թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ծավալը արդեն 16,4 տոկոս էր, ոգելից և ոչ ոգելից խմիչքներինը՝ մոտ 14 տոկոսը։ Նկատելիորեն աճել էր այդ տարիներին գործարկվող սննդարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը։ Փոխվել էր նաև մետաղների և թանկարժեք քարերի արտահանման կառուցվածքը՝ էապես ավելացել էր ադամանդագործական արտադրանքի արտահանումը։ Այդ տարիներին ադամանդագործությունը մեր արդյունաբերության խոշորագույն ճյուղն էր դարձել։ Մետաղների մեջ սկսել էր գերակշռել արդեն հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը՝ հանքանյութը, քանզի մետաղից պատրաստի սարքավորումների արտահանումը որպես մետաղի ժարդոն այլևս տեղի չէր ունենում։ Բնական է, որ այս ամենը վկայում է, որ ստեղծվել էին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, որոնց մասին ըստ կոնկրետ ոլոտների և ձեռնարկությւունների իր մամուլի ասուլիսի ժամանակ համապատասխան փաստաթղթերով ներկայացնում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ապացույց իր նախագահության տարիներին տրված խոստումների կատարման։

Սակայն, 2008-ի վերջին սկսվեց միջազգային տնտեսական ճգնաժամը՝ լուրջ հարված հասցնելով Հայաստանի տնտեսությանը ու հատկապես նրա զարգացումն առաջնորդող երկու ճյուղերին՝ շինարարությանը և հանքարդյունաբերությանը։ Արդյունքում, 2009-ին բոլոր ցուցանիշները նվազեցին։ Այդուհանդերձ, հետագա տարիներին դրանք վերակնագնվեցին, իսկ 2017-ին արդեն սկսվել էր տնտեսական զարգացման նոր՝ բարձր տեմպ։ Մասնավորապես, արտաքին առևտրի շրջանառությունն անցյալ տարի կազմել էր 6 մլրդ 334 մլն դոլար, որից արտահանումը՝ 2 մլրդ 237 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 25 տոկոսով։ Ներմուծման ծավալները գրեթե մոտ էին 2008-ի ցուցանիշին՝ 4 մլրդ 90 մլն դոլար։

Ինչ մնում է այս տարվան, ակնհայտ է արտաքին առևտրի աճի տեմպի նվազումը։ Տարվա առաջին երեք ամիսների բարձր աճից հետո (37,4 տոկոս աճ, որից արտահանումն աճել էր 34,4 տոկոսով) այն աստիճանաբար սկսեց նվազել, իսկ սեպտեմբեր ամսին անգամ անկում արձանագրվեց՝ պայմանավորված արտահանման ծավալների կտրուկ՝ 14,5 տոկոս անկմամբ։ Արդյունքում, 10 ամսում արտաքին առևտրի ծավալների աճը նվազելով հասել է 20,7 տոկոսի, իսկ արտահանման աճը՝ 11,7 տոկոսի։ Այսինքն, արտահանման աճի տեմպը առնվազն երեք անգամ նվազել է, ինչը ներկայիս կառավարության գործունեությունը բնութագրող ակնառու ցուցանիշ է։ Ի դեպ, նկատի ունենալով արտահանման կտրուկ աճը, որ գրանցվել էր այս տարվա առաջին երեք ամիսներին, մեծ հավանականությամբ, եկող տարվա առաջին եռամսյակում արտահանման ծավալները անկում կարձանագրեն ․․․

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ