11 12 2018

Հետհեղափոխական ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքն ավելացել է

Հետհեղափոխական ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքն ավելացել է

Հայաստանի տնտեսական խնդիրները գնալով ահագնանում են։ Տնտեսական աճի տեմպի սրընթաց նվազման, իսկ որոշ ճյուղերում էլ արձանագրվող անկմանն անդրադարձել ենք։ Եթե մի քանի ամիս առաջ դրանք զուտ թվային ցուցանիշներ էին, որոնք բնակչության լայն շրջանակի վրա դեռևս ազդեցություն չէին գործում, ապա վերջին մեկ-երկու ամիսներին իրական կյանքում աստիճանաբար սկսում են երևալ արձանագրվող թվային ցուցանիշները։ Գյուղատնտեսությունում կառավարության ապաշնորհ գործունեության պատճառով ամռանը միլիարդավոր դրամների բերքի կորուստ ունեցանք, արդյունաբերությունում փակվեց կոմբինատ Ալավերդիում, կասեցվեց Ամուլսրաի ներդրումային խոշոր ծրագիրը, իսկ նախատեսվող մի քանի ներդրումային ծրագրեր այդպես էլ չսկսվեցին։

Այս ամենի հետևանքները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսեցին իրենց ազդեցությունը գործել առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Ինչպես առևտրով զբաղվողները, այնպես էլ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողները միաբերան պնդում են, որ վերջին ամսիներին իրենց ծավալները կտրուկ նվազել են։ Որքան էլ որ ազգային վիճակագրական ծառայությունը փորձի սրբագրել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության անմխիթար վիճակը պատկերող իրական կացությունը, միևնույնն է, ստիպված է արձանագրել դրա գոնե մոտավոր պատկերը։ Սակայն սա ամբողջը չէ։

Այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության առաջին ամսից սկսած Հայաստանում նկատվում է գումարների արտահոսքի ուժգնացում։ Ի՞նչ է տեղի ունենում։

Չնայած Ռուսաստանի տնտեսական կացության վատթարացմանը, որտեղից հիմնականում էլ Հայաստան են գալիս մասնավոր փոխանցումները, դրանց հոսքը Հայաստան անցյալ տարվա ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Այսպես, 2018-ի ապրիլ-հոկտեմբերին մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան մուտք է գործել 1 մլրդ 97 մլն դոլար, 2017ի ապրիլ-հոկտեմբերին՝ 1 մլրդ 84 մլն դոլար։ Սակայն հակառակ դրան, զուտ ներհոսքը՝ այսինքն դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների և Հայաստանից արտերկիր մասնավոր փոխանցումների տարբերություն նվազել է։ 2018-ի ապրիլ-հոկտեմբերին փոխանցումների վերոնշյալ զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 420 մլն դոլար, 2017ի ապրիլ-հոկտեմբերի 489 մլն դոլարի դիմաց։ Այսինքն, վերոնշյալ 7 ամիսներին Հայաստան 69 մլն դոլարով ավելի քիչ գումար է մուտք գործել։ Եթե մասնավոր փոխանցումները դեպի Հայաստան ավելանում են, իսկ զուտ ներհոսքը՝ պակասում, ապա դրա պատճառը կարող է լինել միայն Հայաստանից գումարների արտահոսքի ավելացումը։ Այո, հենց դա էլ տեղի ունենում «թավշյա» հեղափոխությանը հաջորդող ամիսներին։ Բնական է, որ ինչպես մյուս բոլոր տնտեսական ձախողումների, այնպես էլ այս մեկի մասին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասում։

Այսպիսով, գումարների արտահոսքի պատկերը հետևյալն է՝ 2018-ի ապրիլ-հոկտեմբերին Հայաստանից արտերկիր է արտահոսել 677 մլն դոլար, իսկ 2017ի ապրիլ-հոկտեմբերին՝ 595 մլն։ Այսինքն, վերոնշյալ 7 ամիսներին Հայաստանից արտահոսել է 82 մլն դոլարով ավելի գումար։ Ընդ որում, վերջին՝ հոկտեմբեր ամսին աարտահոսքի կտրուկ աճ է արձանագրվել՝ ավելի քան 121 մլն դոլար սեպտեմբերի գրեթե 99 մլն դոլարի հասնող գումարի դիմաց։

Բնական է հարց է ծագում, ի՞նչ է պատահել Հայաստանում, ինչո՞ւ են մարդիկ իրենց գումարները տարբեր ձևերով դուրս հանում երկրից, ի՞նչ եղավ հեղափոխական էյֆորիան և «մի լավ բանի» սպասումն ու հույսը։ Դրանք պարզապես աստիճանաբար ի դերև են լինում: Առայժմ Հայաստանում տեղի ունեցող երևույթների խորքային պատճառները հասկացող մարդիկ են ապահովագրում իրենց գումարները և դուրս հանում դրանք երկրից։ Հետո կգա մյուսների հերթը։

Որո՞նք են գումարների արտահոսքի երևույթի պատճառները։

Առաջինը՝ երկրի ներկայիս ղեկավարի անհավասարակշիռ պահվածքը ներքին քաղաքական գործընթացներում, պետական մակարդակի հալածանքները արտերկրյա և ներքին ներդողների նկատմամբ, տնտեսական քաղաքականության լիակատար բացակայությունը, կառավարության անգործությունը, տնտեսական երևույթներից անտեղյակությունը, դրանից բխող կոպիտ սխալները և դրանց հետևանքները։

Երկրորդը՝ անկանխատեսելի և անհասկանալի արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունները և վեջինիս ղեկավարության անվստահությունը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ կառավարության կազմում և այլ կարևոր պաշտոններում հայտնված մարդկանց նկատմամբ, որոնք մինչ այդ աչքի էին ընկել հակառուսական քարոզչությամբ և ագրեսիվ գործողություններով։

Երրորդը, հարևան երկրի հետ պատերազմի վտանգը, որը թեև օբյեկտիվորեն գոյություն ունի մշտապես, սակայն վերջին ամիսների չարագուշակ լռությունը և Արցախի սահմանների ամբողջ երկայնքով ադրբեջանական զորամիավորումների ապրիլից սկսված կուտակումների պահպանումը պատերազմի վերսկսման իրական վտանգի սպառնալիքի մասին է խոսում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ