16 11 2018

Բացասական հետևանքներով «շրջադարձային փոփոխություններ»

Բացասական հետևանքներով «շրջադարձային փոփոխություններ»

Ազգային Ժողովում պետական բյուջեի քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը մեկ անգամ ևս հաստատեց այն փաստը, որ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիր և ընդհանրապես որևէ ռազմավարություն կառավարությունը պարզապես չունի։ Եկամտային հարկի համահարթեցումը, տաքսիներին արտոնագրային վճարից ազատելն ու միկրոբիզնեսին եկամտային հարկի արտոնություն տալը ոչ մի կերպ չեն կարող նպաստել տնտեսական զարգացմանը։ Առավել ևս՝ անցած վեց ամիսների ընթացքում գործող կառավարության կողմից «ներառական տնտեսական աճ» ունենալու և «ներդրումային միջավայրի բարելավման» ուղղությամբ որևէ ջանք չի գործադրվել։ Դրա հետևանքով տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա առաջին երեք ամիսների 10,6 տոկոսից նվազել է մինչև ինը ամիսների արդյունքով՝ 6,5 տոկոսի։

Նիկոլ Փաշինյանի կողմից շրջադարձային համարվող փոփոխություններից մեկը եկամտային հարկի համահարթեցումը և բոլորի համար 23 տոկոս սահմանելն է։ Դա իր հետ բերելու է երկու լուրջ բացասական ազդեցությունների։ Առաջինը՝ բյուջեն չի ստանալու միլիարդավոր դրամներ, երկրորդը՝ դրանով հանդերձ ցածր աշխատավարձ ստացողների «մաքուր» աշխատավարձը չի ավելանալու, փոխարենը ավելանալու է բարձր աշխատավարձ ստացողներինը։ Այդպիսով, խորանալու է վարձատրության անարդարությունը՝ շատ ստացողները կստանան ավելի շատ, քիչ ստացողները կստանան նույնը։ Ընդ որում, բարձր աշխատավարձ ստացողների համար մաքուր աշխատավարձի փաստացի ավելացումը 2-3 տոկոսով էական չի, իսկ դրա հետևանքով, ինչպես արդեն նշվեց, բյուջեն չի ստանա գումարներ, որոնք կարող էին ուղղվել թեկուզ հենց սոցիալապես անապահով խավերին։

Նիկոլ Փաշինյանի հույսը, որ այս քայլով կվերանա կամ կնվազի թաքնված աշխատուժը, նույնպես որևէ քննադատության չի դիմանում։ Բարձր վարձատրվողները հիմնականում աշխատում են բանկային համակարգում, ֆինանսական, ապահովագրական ընկերություններում, ՏՏ և հեռահաղորդակցության ընկերություններում, հանքարդյունաբերությունում։ Այդ ոլորտներում թաքնված աշխատուժ չկա կամ գրեթե չկա՝ բոլորը գրանցված են։ Հետևաբար, այստեղ եկամտային հարկը նվազեցնելու միջոցով ստվերից աշխատուժ դուրս բերելու խնդիր էլ չկա։

Չգրանցված են հիմնականում ցածր աշխատավարձ ստացող մարդիկ, որոնք աշխատում են առևտրի, ծառայությունների ոլորտներում և փոքր արտադրություններում։ Եկամտային հարկի անփոփոխ թողնելն այստեղ ոչ կնպաստի, ոչ էլ կխանգարի այդ աշխատողներին ստվերից դուրս բերելուն։ Սրան էլ ավելացնենք, որ եկամտային հարկի այս փոփոխության ազդեցությունը «ներառական տնտեսական աճի» վրա որևէ կերպ չի հիմնավորվել և անհասկանալի է, թե ինչի՞ հիման վրա է վարչապետի պաշտոնակատարը հայտարարում, թե սրա շնորհիվ 50 մլրդ դրամ կներարկվի տնտեսություն։

Անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարից ազատելը պոպուլիստական քայլ է՝ առավելապես նախընտրական շրջանի տրամաբանության շրջանակներում։ Սա ավելի շատ նման է ընտրակաշառքի՝ պարզապես անկանխիկ և պետության բյուջեի հաշվին։ Այլապես, ամսական ընդամենը 12 հազար դրամ Երևանում և 8 հազար դրամ մարզերում արտոնագրային վճարից տաքսու վարորդներին ազատելը ոչ մի էական բարելավում նրանց սոցիալական վիճակում չի բերի, առավել ևս որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած 50 հազարից չնչին մասն է գրանցված և վճարում այդ գումարը։ Դրա վառ ապացույցն է, որ 50 հազար անհատ տաքսիստների առակայության մասին թիվը վարչապետի պաշտոնակատարը նշում է որպես փորձագիտական գնահատականով հաշվարկված թիվ, այլ ոչ թե հարկայինում գրանցված։ Եթե սրան էլ ավելացնենք, որ անհավասար մրցակցային դաշտ է ստեղծվում քիչ թե շատ օրինական աշխատող և քաղաքակիրթ սպասարկում իրականացնող օն լայն տաքսի ծառայությունների հետ, այս քայլի հետևանքները ոչ մի լավ բան չեն խոստանում։ Բնական է նաև, որ տաքսիստներին տրվող այս արտոնությունը ընդհանրապես կապ չունի տնտեսական զարգացման հետ, քանի որ այս ոլորտը ավելացված արժեք չի ստեղծում, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից փաստացի դիտարկվում է որպես տնտեսական գերակայություն։

Եվ վերջապես, եկամտային հարկի գծով միկրոբիզնեսին արտոնություն տալը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի, կնպաստի 70 հազար քաղաքացիների եկամուտների ավելացմանը։ Այստեղ առաջարկվում է մինչև երեք աշխատող ունեցող բիզնեսի համար եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն դարձնել 5000 դրամ։ Նախ՝ ներկայում անհատ ձեռնարկատարերերն արդեն իսկ վճարում են 5000 դրամ որպես եկամտային հարկ։ Գուցե յուրաքանչյուր աշխատակցի համա՞ր է եկամտային հարկը դառնալու 5000 դրամ։ Եթե այո, ապա անհասկանալի է, թե ինչպե՞ս են նրանց եկամուտները ավելանալու։ Եթե գործատուն ստվերային երեք աշխատող է պահում և նրանց , օրինակ՝ 70-80 հազար դրամ, ապա նա ոչ մի կերպ չի ցանկանա գրանցել այդ երեք աշխատողներին և լրացուցիչ որպես հարկ վճարել 15000 դրամ։ Երկրորդ, եթե նա դա վճարի, ապա ճիշտ այդքանով կնվազեցնի այդ աշխատողներին փաստացի տրվող աշխատավարձը։

Եթե խոսքն օրինական երեք աշխատող պահող գործատուի մասին է, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ երեք աշխատողի համար ավելի քիչ եկամտային հարկ վճարելով, նա կբարձրացնի իր աշխատակիցների աշխատավարձը։ Ի վերջո, ունենք օրինակ, երբ մասնավոր կրթությունն ազատվեց ավելացված արժեքի հարկից, բայց դրանից հետո ոչ դրա վճարները նվազեցին, ոչ այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը ավելացան։ Հետևաբար, այս փոփոխության շրջադարձային լինելու մասին թեզը ևս նախորդ երկուսի նման պայթում է պղպջակի պես։

Եվ ամենակարևորը․ բոլոր արտոնություններն ու նվազեցումները գրոշի արժեք չեն ունենալու առանց տնտեսական բարձր ակտիվության, բարձր պահանջարկի և գնողունակության։ Հետևաբար, ջանքեր պետք է գործադրել այդ ուղղությամբ, քանի որ եթե ամեն ինչ շարունակի ընթանալ հակառակ ուղղությամբ և անհատ տաքսիստների կամ այլ գործունեություն իրականցնողների, ընկերությունների հաճախորդները պակասեն, շրջանառությունները նվազեն և եկամուտները իջնեն, ոչ մի արտոնություն ոչ մեկին այլևս անհրաժեշտ չի լինի։ Մարդիկ պարզապես ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունն անկախ որևէ արտոնությունից։

Արա Մարտիրոսյան     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ