10  10  2018

Ումի՞ց պահանջել աշխատավարձի բարձրացում՝ Նիկոլ Փաշինյանի՞ց, թե՞ հանրահավաքի մասնակիցներից

Ումի՞ց պահանջել աշխատավարձի բարձրացում՝ Նիկոլ Փաշինյանի՞ց, թե՞ հանրահավաքի մասնակիցներից

2018թ․ ապրիլի 19-ին, երբ հանրապետության հրապարակում մարդիկ գնալով շատանում էին՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերից ու խոստումներից ոգևորված, բեմից Փաշինյանը հայտարարեց․ «Ես այսօր այս հանրահավաքի առաջ և անունից ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար (սուլոցներ և համաձայնության բացականչություններ)։ Բայց սա չի նշանակում, որ միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի (սուլոցներ և համաձայնության բացականչություններ): Ի միջի այլոց, գտեք չէ՞, որ կարմիր բերետավորները, շարքային կազմը, լուրջ եմ ասում, ժողովուրդ, փաստացի բան եմ ասում, ազատ օրերին մասնավոր ֆիրմաների միջոցով կամ gg (ջի-ջի) են քշում կամ բանվորություն են անում։ Բանվորություն են անում էդ կարմիր բերետավորները։ Դուք հասկանում ե՞ք ․․․ »։ (տեսանյութը՝ այստեղ, 21:30 րոպեից):   

«Սերժ Սարգսյանի հեռացումից հետո»-ն, վստահաբար, չի նշանակում Սերժ Սարգսյանի հեռացումից 10 տարի անց: Իսկ այս պարագայում հնչում էր ասես հեռացումից անմիջապես հետո։ Սարգսյանը հեռացել է արդեն 6 ամիս, բայց աշխատավարձի բարձրացում ոչ միայն չկա, այլև շշուկ անգամ չկա այդ մասին նաև հաջորդ տարվա պետբյուջեում։

Կարելի է հանդիպել ոստիկանության աշխատողներին, կարմիր բերետավորներին ու հարցնել, թե այլևս տաքսի չե՞ն քշում, կամ բանվորություն չե՞ն անում։ Իսկ եթե միայն պետական աշխատավարձով են ապրում, բավականացնո՞ւմ է։

Ամենաուշագրավը, սակայն, դա չէ։

Նիկոլ Փաշինյանն աշխատավարձի բարձրացման խոստում տվեց հանրահավաքի անունից։ Այսինքն, այն մարդիկ, որոնց աշխատավարձը բարձրացման խոստում տրվել է, բայց չի բարձրացել, հիմա Նիկոլ Փաշինյանի՞ց են պահանջելու աշխատավարձի բարձրացում, թե՞ հանրահավաքի մասնակիցներից։

Երբ վարչապետը խոսում է այն մասին, որ պետք է որոշումները կայացվեն հրապարակներում, ինչպես և արվում է վերջին ամիսներին, այսինքն՝ կոլեկտիվ պատասխանատվությամբ, վերջում ստացվում է, որ կա չկատարած խոստում, բայց չկա պատասխան տվող։ Հավանաբար, պետք է ոստիկանները տեսանյութերի հետքերով գնան, ուսումնասիրեն, թե հանրահավաքին մասնակիցներից ովքե՞ր են սուլել վարչապետի ելույթին՝ ի նշան աշխատավարձը բարձրացնելու խոստմանը համաձայնության և հենց նրանցի՞ց պահանջեն, թե՞, այնուամենայնիվ, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ