02 04 2020

Հաշվի առնելով այս թվերը պետք է իրավիճակին ավելի լրջորեն վերաբերվել․ Արսեն Թորոսյան

Հաշվի առնելով այս թվերը պետք է իրավիճակին ավելի լրջորեն վերաբերվել․ Արսեն Թորոսյան

Ապրիլի 1-ին իրականացվել է 328 նմուշի հետազոտություն, որի արդյունքում 92 դրական պատասխան է ստացվել: Նրանց կեսից ավելին ի սկզբանե հայտնի անձինք են եղել՝ կամ եղել են մեկուսարանում, կամ ինքնամեկուսացման վայրում կամ շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքերի հետ: Իհարկե կան նաև նոր օջախներ, հատկապես՝ բերովի՝ մեր հայրենակիցների միջոցով: Նրանք, մեր կարծիքով, բավական վաղ են հայտնաբերվել: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ վերջիններիս շփման շրջանակը պարզվում է, սակայյն այն այդքան էլ լայն չէ:

«Հաշվի առնելով այս թվերը՝ պետք է առավել քան զգոն լինենք դրա տարածումը կանխելու համար։ Իհարկե պետք չի խուճապի մատնվել, բայց մեր կողմից խորհուրդ տրվող հիգիենայի սահմանափակումները և այլ գործողություններ պետք է կրկնապատկել, եռապատկել, հնարավորինս այնքան անել, որ մենք կարողանանք կոտրել դրա տարածումը։ Այլ տարբերակ, քան հայտնաբերել և տարածման ուղիները կոտրել, կանխարգելիչ առումով պարզապես չկա»,- նշեց Թորոսյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով իրավիճակին վերաբերվել լրջորեն և սեփական պատասխանատվության զգացողությամբ, քանի որ մեծ վտանգի տակ են քրոնիկական հիվանդություններ ունեցող և տարեց քաղաքացիները։

Թորոսյանը խոսեց նաև երեկվա 89-ամյա մահացողի մասին, ինչպես նաև երկու առողջացած դեպքի մասին՝ հույս հայտնելով, որ ամեն օր առողջացած քաղաքացիների թիվը կշատանա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 16 հյուրանոցներում ու հանգստյան տներում պահվող քաղաքացիներ կան։ Նրանց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող հիվանդ են, մի մասն էլ ուղղակի կոնտակտավորներ են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ