12 02 2019

Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի․ ո՞ւմ է նկատի ունեցել նախարարը

Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի․ ո՞ւմ է նկատի ունեցել նախարարը

Երևան քաղաքի դատարանում կայացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի՝ ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով այցով նիստը։

Մինասյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ Մինասյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջում է ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներողություն խնդրել՝ իրեն զրպարտելու և վիրավորելու համար։ Նրա խոսքով՝ նախարարի վիրավորական արտահայտություններն ուղղված են եղել հենց Արա Մինասյանին։

Որպես փաստ՝ հայցվորը ներկայացրել է 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչած արտահայտությունները։ Մասնավորապես, դրանցից են․

«Մինչեւ հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում եւ 200 հազար դրամի բուժում են ստացել»,

«8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից եւ տարիներ շարունակ»,

«հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժում են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց»,

«Տարիներ շարունակ բժիշկները աշխատավարձ չեն ստացել նորմալ»,

«Ինչ վերաբերում է քրգործերին, 99 տոկոսով վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, ու դրանք պետք է ունենան նաեւ իրավական հետեւանքներ»: 

Մինչդեռ նախարարի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պնդել է, որ իր վստահորդի արտահայտությունները գնահատողական դատողություններ են, դրանք անվանական չեն, վերաբերել են երրորդ անձի և ուղղված չեն կոնկրետ ընդդեմ Արա Մինասյանի։

«Մենք կապացուցենք, որ իմ վստահորդը որեւէ մեկին չի վիրավորել: Իմ վստահորդը քաղաքական գործիչ է։ Նա պետք է հաշվետու լինի հասարակությանը, եւ այս հաշվետու լինելու շրջանակներում է, որ տեղեկատվություն է մատուցել հանրությանը: Իմ վստահորդը որեւէ մեկին չի վիրավորել առհասարակ, հատկապես՝ Արա Մինասյանին»,-ասել է Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը:

Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց․ «Պաշտոնատար անձն իրավունք չունի կատարել նման արտահայտություններ՝ նախքան դատավճիռը, նույնիսկ եթե քրեական գործն ընթացքի մեջ է, դա դեռ կառավարության անդամի համար բավարար չէ՝ անձի մեղավորությունը հաստատված համարող արտահայտություն կատարելու համար։ Եթե խոսվում է նրա մասին, որ «դրսում բանդան ցույց է անում, որ բանդայի պարագլուխն աթոռից չզրկվի», հասկանալի է, թե ում նկատի ունեն, քանի որ բոլորը գիտեն, թե ում և  ինչի համար էին այդ օրերին ցույց անում, և եթե խոսվում է չարաշահումների մասին, այդ համատեքստում ակնհայտ է, որ  մնացած բոլոր արտահայտությունները ևս ուղղված են իմ վստահորդի դեմ»,–ասաց նա։

Հաջորդ նիստին կողմերը կներկայացնեն գործի ապացույցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ