20 04 2015

Հարյուր տարվա մենություն. Ազնավուրի հոդվածը

Հարյուր տարվա մենություն. Ազնավուրի հոդվածը

Ֆրանսիական Le Monde պարբերականի ապրիլի 20-ի համարում «Հարյուր տարվա մենություն՝ հայերի համար» խորագրով աշխարհահռչակ հայ շանսոնյե Շարլ Ազնավուրի մտքերն են՝ հայերի ազնվության դեմ թուրքական ժխտողականության և վախերի մասին: Շանսոնյեն անդրադառնում է հայ-թուրքական երկխոսությանը, նշում, որ պետք է լինել աչալուրջ, քանի որ անպատժելիությունը հանցանքի կրկնություն է ենթադրում: Նա հարց է ուղղում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանին. «Ինչու՞ թուրքական երիտկառավարությունը դիմեց այդ հրեշավոր եղեռնագործությանը»: Ազնավուրը հիշատակում է ինչպես Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այնպես էլ Սիրիայում տիրող դրությունը, հիշեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից Թուրքիայի հրաժարվելը, ապա նաև ֆրանսիական դիմադրությանը՝ Միսաք Մանուշյանի հետ: «Քանի՞ անգամ է հայ ժողովուրդը եղել մերժված, մոռացված, դավաճանված, բախտի քմահաճույքին հանձնված»,- հարց է ուղղում Ազնավուրը: Շանսոնյեն նաև նշում է, որ իրեն ատելության մեջ չեն դաստիարակել, և ինքը չարացած չէ թուրք ժողովրդի նկատմամբ: «Նրանց անտեղյակության մեջ են դաստիարակել։ Ես գիտեմ, որ նրանք մի օր կբացեն աչքերը և կպահանջեն հաշիվ տալ իրենց ստի և սեփական պատմությունը չիմանալու տարիների համար»,- գրում է նա: Հոդվածագիրը նշում է, որ մահը շարունակում է սողալ հայ ժողովրդի շուրջ: Հոդվածը, սակայն, լավատեսությամբ է ավարտվում, հիշեցմամբ, որ թուրք երիտասարդության շուրջ 30%-ը դրական է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ