Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Արարատ» ֆուտբոլային ակումբի ցավակցագրից․ «Ցավակցությունն ենք հայտնում թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ։
Հմայակ Հարոյանն իր կյանքի զգալի մասը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը և հայկական բանակի կայացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հմայակ Հարոյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 9-ին Արագածոտնի Արեգ գյուղում, մտավորականներ Վարազդատ և Մանուշակ Հարոյանների ընտանիքում, որոնք ունեցել են 6 երեխա։ 1973 թվականին ավարտել է Խարկովի ռազմական բարձրագույն ուսումնարանը, եղել է Խարկովի ինժեներա-հրամանատարական ռազմական ուսումնարանի կուրսանտ, ուսանել հրթիռաձիգի մասնագիտություն։ 1973-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր զորամասերում, 1991 թվականից՝ ՀՀ ԶՈՒ-ում։ 1992-1994 թվականներին մասնակցել է Տավուշի, ԼՂՀ Մարտունու ինքնապաշտպանական մարտերին։ 1992-1993 թվականներին եղել է Արևելյան զորախմբի հրամանատար, 1993-1994 թվականներին՝ Հարավային զորախմբի հրամանատար։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։
1994-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ սպառազինության հարցերով։ 1998-2001 թվականներին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, 2001-2004 թվականներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ։





