Ընդդիմության համախմբման գործընթացը քանի միս ու արյուն է ստանում, իշխանությունը արտաքուստ հանգստություն ցուցաբերելով, այնուամենայնիվ, դիմում է տարիներով փորձված և անթերի աշխատող մեթոդին. տարբեր ձևերով՝ ուղիղ կամ միջնորդավորված, ընդդիմությանը սատարելու հայտարարություններ է կորզում հայկական քաղաքական դաշտի ամենաօդիոզ դեմքերից։
Խոսքը, մասնավորապես, Արշակ Կարապետյանի, Միքայել Մինասյանի, Միհրան Պողոսյանի, Տիգրան Արզաքանցյանի նման անհատների մասին է, որոնց մի մասի հեղինակությունը Հայաստանում, մեղմ ասած, զրոյական է, մի մասին էլ առավել ներքև, ու նրանց ցանկացած «հայտնություն» ժողովրդի անթաքույց զայրույթն է առաջացնում կամ պարզապես անլրջացնում է։
Վստահաբար, նման անձանց «աջակցությունը» հետապնդում է պայքարին խանգարելու, անլրջացնելու և ձախողելու նպատակ։
Հավանականությունը մեծ է, որ այս անգամ էլ նրանք անպայման կշտապեն «սատարել» ընդդիմությանը՝ իրենց հայտնությամբ թուլացնելով գործընթացը և հերթական անգամ ստիպելով, որպեսզի մարդիկ ասեն՝ «ավելի լավ է Նիկոլը, քան սրանք»։
Արշակ Կարապետյանի կոչը, ենթադրում ենք, սկիզբն է միայն։






