Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին վկայում են Բարձրագույն ընտրական դատարանի (կատարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները) տվյալները։ Արդյունքները մաթեմատիկորեն անշրջելի են դարձել քվեաթերթիկների 97,69 տոկոսի հաշվարկից հետո։ Գրում է ՏԱՍՍ-ը։
Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ Ձախակողմյան աշխատավորների կուսակցության առաջնորդ Լուլա դա Սիլվան ստացել է ձայների 51,74 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ աջակողմյան ընդդիմության թեկնածու, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն, հավաքել է ձայների 48,26 տոկոսը և այլևս մաթեմատիկական հնարավորություն չունի հաղթահարելու տարբերությունը։
Լուլա դա Սիլվան դարձել է ժամանակակից Բրազիլիայի պատմության մեջ առաջին քաղաքական գործիչը, որը կարողացել է հաղթել նախագահական ընտրություններում՝ քվեարկության առաջին փուլում զիջելուց հետո։
Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի 2027 թվականի հունվարի 1-ին։
2016 թվականի սեպտեմբերին Լուլա դա Սիլվայի նկատմամբ դատական գործընթաց է սկսվել։ Նրան մեղադրել են կոռուպցիայի և ավելի քան 3,7 միլիոն ռեալի (այն ժամանակվա փոխարժեքով՝ 1,1 միլիոն դոլար) փողերի լվացման մեջ։
Հետաքննության տվյալներով՝ Լուլա դա Սիլվային պատկանել է Սան Պաուլու նահանգի ծովափնյա Գուարուժա քաղաքում գտնվող եռահարկ բնակարան, որը, ենթադրաբար, քաղաքական գործչին և նրա ընտանիքին է փոխանցել OAS շինարարական ընկերությունը։ Վերջինս կապվում էր պետական Petrobras նավթային ընկերությունում իրականացված խարդախությունների հետ։
Ինքը՝ քաղաքական գործիչը, մերժել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ։
2017 թվականի հուլիսին նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 12 տարի 1 ամիս ազատազրկման։ Նրան նաև 19 տարով արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։ Նա բանտում անցկացրել է 580 օր, ապա ազատ է արձակվել՝ մինչև իր գործով բողոքների վերջնական քննությունը։ 2021 թվականի մարտին նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները չեղարկվել են։
Նախագահական երրորդ ժամկետը
Քաղաքական իրավունքների վերականգնումից հետո Լուլա դա Սիլվան Աշխատավորների կուսակցության (PT) կողմից առաջադրվել է 2022 թվականի նախագահական ընտրություններում։ Նրա նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից էին սոցիալական ծրագրերի ընդլայնումը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը։





