Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։
«Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչները՝ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցերի շուրջ։
Նիստի մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև 2024-2026 թվականներին ռուս և հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Նշվել է, որ ուսումնասիրվել են 15 890 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մի շարք շենքեր և կառույցներ, մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նիստի արդյունքներով կողմերը համաձայնեցրել են 2027-2030 թվականների միջոցառումների իրականացման ծրագիրը։
«Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի խոսքով՝ 2027 թվականին նախատեսվում է ՀԱԷԿ-ի հիմնական համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացում՝ կայանի աշխատանքը մինչև 2036 թվականը շարունակելու նպատակով։




