Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

3 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում ստեղծված առաջին մասնագիտական խորհրդի մասին է, որը շուրջ երեք տասնամյակ գործել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և կազմակերպել թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ։

Ավելի քան երկու տասնամյակ՝ դեռևս 2000-ականների սկզբից, խորհուրդը ղեկավարում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։

Խորհրդի լուծարման մասին տեղեկությունը հատկապես ուշագրավ է վերջին ամիսներին Գագիկ Ղազինյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Այս տարվա օգոստոսի վերջին ԵՊՀ ղեկավարությունը որոշեց չշարունակել աշխատանքային հարաբերությունները Գագիկ Ղազինյանի հետ։ Ղազինյանը ԵՊՀ ռեկտորի համապատասխան որոշումն արդեն վիճարկում է դատական կարգով՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Իր աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու որոշումը Գագիկ Ղազինյանը հրապարակայնորեն գնահատել է որպես քաղաքական՝ այն կապելով նաև իր որդիների քաղաքական գործունեության հետ։

Ղազինյանների ընտանիքի անդամները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում և հանդես եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքերից։ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Արթուր Ղազինյանը, եղել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր և իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ հանդես եկած քաղաքական գործիչ։ Նրա մյուս որդին՝ Դավիթ Ղազինյանը, ներկայում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Այս ֆոնին արդեն Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունների դադարեցումն էր նրա և նրա ընտանիքի ներկայացուցիչների կողմից գնահատվել որպես քաղաքական շարժառիթ ունեցող որոշում։ Այժմ դրան հաջորդում է մեկ այլ զարգացում, այն է՝ վաղաժամ լուծարվում է նաև ավելի քան երկու տասնամյակ Գագիկ Ղազինյանի ղեկավարած «Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը։

Ընդ որում, խորհրդի գործունեության ժամկետը երկարաձգված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ գիտության և կրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգին անցնելու կապակցությամբ։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է դրա գործունեությունը դադարեցնել արդեն հոկտեմբերի 1-ից։ Մեր աղբյուրները այս որոշումը ևս կապում են Գագիկ Ղազինյանի անձի և վերջին շրջանում նրա շուրջ գործընթացների հետ՝ այն դիտարկելով որպես քաղաքական հայացքներով պայմանավորված վարչական ճնշման շարունակություն։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում նախ՝ դադարեցվում են Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ, իսկ այնուհետև՝ նաև նրա՝ ավելի քան երկու տասնամյակ ղեկավարած մասնագիտական խորհրդի գործունեությունը։

Հատկանշական է նաև, որ խոսքը պարզապես Ղազինյանին խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու կամ խորհրդի կազմը փոփոխելու մասին չէ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել դադարեցնել հենց ամբողջ մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Սա էական հանգամանք է քաղաքական հետապնդման մասին հնչող պնդումների համատեքստում. եթե խնդիրը Գագիկ Ղազինյանի՝ խորհրդի նախագահ լինելն էր, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ լուծարել ամբողջ խորհուրդը։

Որոշումը հետևանքներ ունի նաև գիտական հանրության համար։ Հայաստանում իրավագիտության ոլորտում գործում է նաև այլ մասնագիտական խորհուրդ, հետևաբար գիտական աստիճան հայցողները չեն զրկվում պաշտպանության հնարավորությունից, սակայն ԵՊՀ խորհրդի լուծարմամբ սահմանափակվում է նրանց՝ մասնագիտական խորհուրդ ընտրելու հնարավորությունը։

Այս պատմության մեջ, սակայն, առանձին պարզաբանման կարիք ունի նաև Երևանի պետական համալսարանի դիրքորոշումը։

«Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը շուրջ երեք տասնամյակ գործել է հենց ԵՊՀ-ում։ Ավելին՝ ԵՊՀ պաշտոնական կայքում այն մինչ այժմ ներկայացված է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդների շարքում, իսկ Գագիկ Ղազինյանը՝ որպես խորհրդի նախագահ։ Հետևաբար, ԵՊՀ ղեկավարությունից ակնկալվում է պարզաբանում՝ տեղյա՞կ է, արդյոք, համալսարանը մասնագիտական խորհրդի գործունեությունը հոկտեմբերի 1-ից դադարեցնելու որոշման մասին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԵՊՀ ղեկավարությունն այդ որոշման վերաբերյալ, և դիմե՞լ է, արդյոք, համալսարանը իրավասու մարմիններին՝ շուրջ երեք տասնամյակ ԵՊՀ-ում գործող խորհրդի գործունեությունը պահպանելու հարցով։

Հատկապես կարևոր է պարզել՝ ԵՊՀ ղեկավարությունը համաձայնե՞լ է խորհրդի լուծարմանը, առարկե՞լ է դրան, թե՞ որևէ դիրքորոշում ընդհանրապես չի հայտնել։

Այս հարցերի պատասխանները կարող են նաև հստակեցնել՝ մասնագիտական խորհրդի լուծարումը գիտական համակարգի վերակազմավորման սովորական վարչական որոշո՞ւմ է, թե՞ այն տեղավորվում է Գագիկ Ղազինյանի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների և նրա նկատմամբ քաղաքական շարժառիթներով վարչական ճնշման մասին հնչող պնդումների ընդհանուր շղթայում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»    թերթի՝   03. 10․ 26թ

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...