Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։
Թեև ԵԽԽՎ-ն ընտրությունների օրը ընդհանուր առմամբ գնահատել է որպես «խաղաղ, ներառական և տեխնիկապես լավ կազմակերպված», զեկույցը միաժամանակ արձանագրում է մի շարք էական խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ թե միայն քվեարկության օրվան, այլ ամբողջ ընտրական ցիկլին՝ նախընտրական քարոզարշավից մինչև ընտրությունների արդյունքների վիճարկում և դատական պաշտպանություն։
Մասնավորապես՝
- Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են եղել՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառումներին։
- Ընտրություններից առաջ կառավարության կողմից հայտարարված մի շարք սոցիալական և տնտեսական միջոցառումներ մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի հավասար պայմանների վերաբերյալ։ Այդ միջոցառումները ընտրական օրենսդրության տեսանկյունից կարող էին ձևականորեն չխախտել օրենքը, սակայն դիտորդների կողմից ընկալվել են որպես քարոզարշավի գործիք օգտագործվելու ռիսկ ունեցող քայլեր։
- Արձանագրվել է ավելի քան 200 քրեական գործ, որոնք գրեթե ամբողջությամբ վերաբերել են ընդդիմադիր գործիչներին։ Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել քրեական վարույթների հնարավոր ընտրովի կիրառման վերաբերյալ և կոչ է արել ապահովել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ պատշաճ դատավարական երաշխիքներ։
- Հայաստանի մեդիա միջավայրը համարվել է խիստ բևեռացված․ հանրային հեռարձակողը և մի շարք հեռուստաընկերություններ ցուցաբերել են կողմնակալություն իրենց լուսաբանման մեջ։
- Ընտրատեղամասերի մոտ 44 տոկոսում տարբեր բնույթի խախտումներ են արձանագրվել․ ընթացակարգային, քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ, ընտրողների վրա ազդեցության դեպքեր, քարոզչության սահմանափակումներ և այլ խնդիրներ։
- Անբավարար է համարվել ԿԸՀ-ի հիմնավորումը, թե երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը «չի ազդել ընդհանուր արդյունքի վրա»։ Զեկույցում նշվում է, որ որոշ հաշվարկների համաձայն՝ եթե վիճարկվող տեղամասերի մասնակցության տվյալները ներառվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4 տոկոսի շեմը, ստանալ մանդատներ և ազդել նաև խորհրդարանական մեծամասնության կառուցվածքի վրա, իսկ վերաքվերակությունը չի արվել՝ առանց բավարար բացատրության։
- Արձանագրվել է արդյունավետ և ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերություններ։ Երեք ընտրատեղամասերի արդյունքների հետ կապված վեճի դեպքում զեկույցն արձանագրել է, որ դատարանները չեն վերականգնել իրավիճակը, իսկ դատական գործընթացը չի ապահովել արդյունավետ լուծում, մինչև նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկը։
- Շեշտվել է նախընտրական միջավայրում վախի մթնոլորտի առկայության հանգամանքը։
Վերոնշյալ խնդիրների արձանագրումը, սակայն, չի խանգարել ԵԽԽՎ-ին ընդունելի համարել ընտրությունների վերջնական արդյունքները։
Ստացվում է, ըստ ԵԽԽՎ-ի, ՀՀ ընտրական գործընթացը եղել է անհվասար պայամններում, վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, պետական աշխատողների և ընդդիմադիրների վրա ճնշումներով, սոցիալական կաշառքով, ձայների փոշիացմամբ, ոչ պատշաճ և թերի դատական գործընթացներով, մեդիամանիպուլյացիաներով, կուսակցության՝ խորհրդարանից դուրս թողնելով, բայց ընդունելի։
Այս ամենի համադրությամբ հարց է առաջանում՝ որքա՞ն անհավասար և անօրինական պետք է լինի ընտրական դաշտը, որպեսզի ԵԽԽՎ-ն ընտրությունների արդյունքները համարի անընդունելի և կհամարի՞, արդյո՞ք, եթե «ընտրված» թեկնածուն իր սրտով է․․․






