Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ 2028 թվականի հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու վճարը 138 դոլարից կբարձրանա մինչև 689 դոլար, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վճարը՝ 413-ից մինչև 4132 դոլար։ Նախագիծը նաև սահմանում է բնակության ավելի խիստ պահանջներ։ Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Ազգային ժողովի կողմից հաստատվելու դեպքում։
Ըստ նախագծի՝ քաղաքացիություն հայցող անձանցից կպահանջվի վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակության կարգավիճակ և այդ ժամանակահատվածում փաստացի գտնվել երկրում առնվազն 915 օր։ Նրանցից կպահանջվի նաև ցուցաբերել հայերենի բավարար իմացություն և Սահմանադրության վերաբերյալ գիտելիքներ։ Երդման արարողությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ առնվազն երկու տարի օրինական ամուսնության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա կամ ծնող ունեցող դիմողները և փախստականները պարտավոր են ունենալ օրինական բնակության երեք տարվա ժամկետ և առնվազն 549 օրվա փաստացի ներկայություն Հայաստանում։
Էթնիկ հայերը քաղաքացիություն ստանալու իրավունք կունենան այն դեպքում, եթե նախորդ երկու տարվա ընթացքում Հայաստանում հաստատեն օրինական բնակություն և փաստացի երկրում գտնվեն առնվազն 366։ Հայկական ծագումը կհաստատվի Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի, արխիվային տվյալների, ինչպես նաև եկեղեցիների կամ համայնքային կազմակերպությունների տրամադրած վկայականների վրա։
Հայաստանի քաղաքացիությունից նախկինում հրաժարված անձանց թույլ կտրվի կրկին դիմել դրա համար միայն հինգ տարի անց՝ պայմանով, որ նախորդ երկու տարվա ընթացքում նրանք առնվազն 366 օր բնակված լինեն Հայաստանում։
Քաղաքացիություն ստանալու դիմումը կարող է մերժվել, եթե անձի գործունեությունը վնաս է հասցնում (կամ առկա է հիմնավոր կասկած, որ այն կարող է վնաս հասցնել) պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրային առողջությանն ու բարոյականությանը կամ այլոց իրավունքներին ու ազատություններին։ Նոր նախագծի համաձայն՝ ազգային անվտանգության կամ հասարակական կարգի նկատառումներով դիմումը մերժելու մասին նախագահի որոշումը ենթակա չի լինի վարչական կամ դատական վերանայման։
Քաղաքացիություն ստանալու ծախսատար և ավելի խիստ այս պահանջները հակասում են Հայաստանի կառավարության՝ երկրի բնակչության թվաքանակն ավելացնելու հայտարարած նպատակին։ Տրամաբանական կլիներ ակնկալել, որ կառավարությունը քաղաքացիություն ստանալու գործընթացն ավելի կհեշտացնի և կդարձնի ավելի նվազ ծախսատար։
Իմ կարծիքով, այս փոփոխությունների հիմքում ընկած են երկու անհիմն պատճառներ։ Վճարների բարձրացումը կհանգեցնի հետևյալին.
1․ Ավելի շատ եկամուտ ապահովում երկրի բյուջեի համար։
Սա, սակայն, ամենևին էլ անհրաժեշտ չէ։ Փոխարենը կառավարությունը պետք է դադարեցնի բյուջետային միջոցների անիմաստ վատնումը՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներին և պետական ծառայողներին տրվող խոշոր ու անհիմն պարգևավճարների, ինչպես նաև փառատոնների ու համերգների կազմակերպման վրա։ Իշխանությունները պետք է նաև դադարեցնեն պետական պարտքի ավելացումը՝ միջազգային ֆինանսական կառույցներից միլիարդավոր դոլարներ պարտքով վերցնելու միջոցով։ 1991-2018 թվականներին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ դոլար, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ վերջին ութ տարում, այն կրկնապատկվել է՝ հասնելով 14 միլիարդ դոլարի։
2․ Սահմանափակել Հայաստան ներգաղթել ցանկացող օտարերկրացիների (ինչպես ազգությամբ հայերի, այնպես էլ ոչ հայերի) թվաքանակը։
Կարելի էր կարծել, որ Հայաստանի կառավարությունը կորդեգրեր հակառակ քաղաքականությունը՝ քաջալերելով սփյուռքահայերին ներգաղթել հայրենիք՝ քաղաքացիության ձեռքբերման վճարը նվազեցնելու կամ այն լիովին անվճար դարձնելու միջոցով։
Վերջին հանգամանքը խիստ մտահոգիչ է, քանի որ Հայաստանի կառավարությունը ձգտում է սփյուռքահայերին հեռու պահել երկրից, քանի որ նրանցից շատերը համաձայն չեն Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը։
Հաշվի առնելով, որ այսօր շատ մարդիկ մեծ շարժունակություն են ցուցաբերում՝ թե՛ աշխատանքային, թե՛ անձնական նպատակներով, տրամաբանական չէ պահանջել, որ նրանք քաղաքացիություն ստանալու համար դիմելուց առաջ մի քանի տարի բնակվեն Հայաստանում։ Դեռևս 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարությունը արդեն փորձել էր սահմանափակել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները։ Ակնհայտ նպատակն էր թույլ չտալ Հայաստան ժամանողներին մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնյաները կասկածում էին, թե նրանք քվեարկելու են ընդդիմադիր կուսակցությունների օգտին։
Քաղաքացիության վերաբերյալ առաջարկվող նոր կանոնների ամենաանհեթեթ դրույթը Հայաստանի քաղաքացիներից մոտ 4000 դոլար գանձելն է՝ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Ինչո՞ւ պետք է որևէ մեկը 4000 դոլար վճարի քաղաքացիությունը դադարեցնելու համար, եթե այլևս չի ցանկանում լինել ՀՀ քաղաքացի։ Թեև խիստ ցավալի է, որ արտերկրում բնակվող Հայաստանի որոշ քաղաքացիներ ցանկանում են խզել կապը հայրենիքի հետ, նրանց համար բավարար է պարզապես չօգտագործել իրենց հայկական անձնագրերը՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար 4000 դոլար վճարելու փոխարեն։
Միակ բացառությունը կլինի այն դեպքը, երբ տվյալ օտարերկրյա պետությունը, որտեղ նրանք բնակվում են, պահանջի պաշտոնապես հրաժարվել երկրորդ քաղաքացիությունից: Այդ դեպքում այդ երկքաղաքացիներին այլ բան չի մնում, քան վճարել 4 հազարական դոլար և պաշտոնապես դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը՝ ԱՄՆ-ի կամ բնակության որևէ այլ երկրի հետ իրավական խնդիրներից խուսափելու համար:
ՀՀ կառավարությանը ներկայացվող իմ առաջարկն է՝ հրաժարվել քաղաքացիության առաջարկվող վերանայված կանոններից և վերացնել վճարը՝ բնակության պահանջի հետ միասին: Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը, իր դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով, պետք է համաշխարհային արշավ նախաձեռնի՝ խրախուսելու սփյուռքահայերին դառնալ երկքաղաքացի, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նրանց մշտական ներգաղթին Հայաստան: Հայկական անձնագիր ունենալն սփյուռքահայերի համար խոր հուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ՝ խրախուսելով նրանց ավելի հաճախ այցելել Հայաստան, հնարավոր է՝ ներդրումներ կատարել երկրում և, ի վերջո, մտածել այնտեղ տեղափոխվելու մասին: Սա շատ ավելի խելամիտ տարբերակ կլինի, քան քաղաքացիության համար ավելի բարձր վճարներ գանձելն ու բնակության պահանջ սահմանելը:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի






