«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկարատև քննարկումներից հետո իշխանության վերնախավում, կարծես թե, որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցում։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունը կանգ է առել ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանի թեկնածության վրա:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին թեկնածությունը պետք է ներկայացվի ՔՊ վարչությանը, որտեղ էլ նախատեսվում է քննարկել և հաստատել նրան Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրելու հարցը։
Միևնույն ժամանակ, իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է։ ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում Կոտայքի մարզի կառավարման հարցի շուրջ ամիսներ շարունակ լուրջ տարաձայնություններ են եղել։ Կուսակցության ներսում, ըստ մեր տեղեկությունների, ձևավորվել են երկու հիմնական թևեր, և կողմերը երկար ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ, թե որ հատվածի թեկնածուն պետք է ստանձնի մարզի կառավարումը։
Թեման առավել զգայուն է դարձել նաև այն պատճառով, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 25-ին սպասվում են մի շարք կարևոր համայնքային ընտրություններ։ Մասնավորապես՝ ընտրություններ են նախատեսված Հրազդանում, Աբովյանում, Ծաղկաձորում և Արզնիում։
Այսպիսով, Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ որոշումը ՔՊ-ի համար միայն կադրային նշանակություն չունի․ այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ նաև առաջիկա համայնքային ընտրությունների ընթացքի և իշխանության՝ մարզում ունեցած դիրքերի վրա։





