Մենք անգամ չգիտենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղ գործընթացի բովանդակության մասին։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակցությունների ոլորտի փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Կարո՞ղ են նրանք այն բացահայտել մեզ համար։ Թե՞ անգամ դա էլ չեն կարող անել։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ մինչև Հայաստանում ընտրությունները այս շփումներն ու բանակցություննենը ընթանում էին խաղաղության վերաբերյալ ադրբեջանական պատկերացումների շրջանակում։ Այսինքն՝ հարցն այն էր, թե ինչ պետք է անի հայկական կողմը, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես հայտարարի՝ իբր «վերջ, այժմ մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել» և այլն», — ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ «համագործակցությունը» կարգավորելու համար Բաքուն Երևանից պահանջում է հնարավորինս շուտ «փակել Ղարաբաղի հարցը»։ Ընդ որում, դա պետք է դրսևորվի ոչ այնքան հանրային, որքան քաղաքական դաշտում։
«Քաղաքական հարթությունում չպետք է մնան քաղաքական գործիչներ, որոնք իրենց թույլ կտան օգտագործել «Արցախ» տեղանունը։ Ես համոզված եմ, որ սա Ալիևի պահանջներից մեկն է։ Նրա պատկերացմամբ՝ հենց այդպես էլ պետք է լինի», — ավելացրել է Մարտիրոսյանը։
Նա համոզված է՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են հենց այդ պատճառով։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ընտրություններից հետո «առաջին անձնական հանդիպման» համար պետք էր որոշակի ֆոն։ Քոչարյանի ձերբակալությունը նվեր է Ալիևին։ Կարծես վերադարձել ենք ֆեոդալիզմի դարաշրջան։ Եվ սա պարզապես նվեր չէ։ Սա ապացույց է, որ Փաշինյանը հուսալի է։ Կա ցուցակ, և նա պետք է այն իրականացնի՝ իր հուսալիությունն ապացուցելու համար։ Նա պետք է ապացուցի, որ իրեն կարելի է հավատալ», — պարզաբանել է բանակցությունների ոլորտի մասնագետը։






