«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

18 Օգոստոսի, 2026

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․

«Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց կարգալույծությունից հետո՝ բամբասանքի, զրպարտության ու աղմկահարույց հայտարարությունների շնորհիվ, թերևս կարելի է արդեն պատկերացնել, թե ինչպիսի «բարեփոխումների» մասին է խոսքը։

Սակայն այստեղ կա ավելի հետաքրքիր և միաժամանակ խոսուն հանգամանք՝ անձնական վիրավորվածությունը ներկայացվում է որպես գաղափարախոսություն, իսկ անձնական խնդիրները՝ որպես «եկեղեցական ճգնաժամ»։

Երեկ լրատվականներից մեկը հրապարակեց ոմն Հարություն Հարությունյանի հարցազրույցը՝ նրան ներկայացնելով որպես աստվածաբան։ Հարությունյանը, որն այսօր արդեն նախկին հոգևորական է, եթեր էր եկել փաստորեն մեկ բան արձանագրելու՝ իրենց այսպես կոչված «բարեփոխիչների» խմբակի ձախողումը։ Բայց, փոխանակ սեփական ձախողման պատճառները փնտրելու իրենց իսկ գործունեության մեջ, նա սլաքներն ուղղում էր իշխանությունների կողմը՝ ակնարկելով, թե Եկեղեցում, իր պատկերացմամբ, առաջացած խնդիրները պետք է լուծվեն Ազգային ժողովում և քաղաքական իշխանության միջամտությամբ։

Այսինքն՝ մարդիկ, որոնք տարիներ շարունակ Եկեղեցուն մեղադրում են քաղաքականության մեջ ներքաշվելու համար, այսօր իրենք են առաջարկում եկեղեցական հարցերը տեղափոխել քաղաքական իշխանության դաշտ և լուծել իշխանությունների միջամտությամբ։

Հարությունյանը հայտարարում է, թե իրենց փոքրաթիվ «բարեփոխիչների» խումբը Եկեղեցու ներսում հայտնաբերել է ինչ-որ անդառնալի խնդիրներ և փորձում է դրանք ներկայացնել որպես համընդհանուր ճգնաժամ։ Սակայն այստեղ մի պարզ հարց է առաջանում․ արդյո՞ք ճգնաժամի մեջ գտնվողը Եկեղեցին է, թե՞ այն մարդը, որը ժամանակին եղել է ճեմարանի սան, որի կրթության, կեցության և պատրաստության հարցերով անձամբ զբաղվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա նրան հնարավորություն է տրվել կրթությունը շարունակելու արտերկրում։

Հարությունյանը եղել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնակատար։ Սակայն իր անհնազանդ ընթացքի հետևանքով կարգալույծ է հռչակվել և դասվել աշխարհականների շարքին։

Սա պարզապես կենսագրական փաստ չէ։ Սա կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար, թե որտեղից են ծնվում այսօր նրա «բարեփոխչական» դատողությունները։ Երբ մարդը չի կարողանում հաշտվել սեփական ընտրությունների հետևանքների հետ, մեծ է վտանգը, որ սեփական անձնական ձախողումը կփորձի ներկայացնել որպես ամբողջ կառույցի ձախողում։

Ցավոք, այսպիսի ճանապարհ անցած մարդն այսօր արտահայտում է մտքեր, որոնք լուրջ կասկածներ են առաջացնում նրա գիտելիքների և դատողությունների մակարդակի վերաբերյալ։ Խոսելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մասին՝ նա հայտարարում է, թե կառույցը դեմ է TRIPP նախագծին, պնդումէ, թե այն ինչ-որ հակամերիկյան լոբինգի մաս է կազմում, և հենց դրա համար էլ աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Այսպիսի հայտարարությամբ մարդը փաստորեն փորձում է հարյուրավոր միլիոնավոր հավատացյալների ներկայացնող և շուրջ երկու հարյուր եկեղեցիներ միավորող համաշխարհային եկեղեցական կառույցի դիրքորոշումը բացատրել անհիմն քաղաքական պիտակներով։

Եթե մարդը նման մակարդակի դատողություններ է անում միջազգային եկեղեցական կառույցների մասին, ապա գուցե նախ պետք է վերանայի սեփական տեղեկացվածությունը, այլ ոչ թե հեռուստաեթերից հարցազրույցներ վարի։

Հարությունյանը Հայ Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը բնութագրում է որպես «ավտորիտար ռեժիմ», իսկ իրենց շրջանակի հոգևորականներին բաժանում է տարբեր «ճամբարների»։ Ստացվում է՝ այն շարժումը, որը իսկզբանե ներկայացվում էր որպես «բարեփոխումների» շուրջ համախմբվածություն, այսօր արդեն վերածվել է փոխադարձ կասկածների, պիտակավորումների և ներքին ճամբարների։

Այսօր արդեն պարզ է մի բան․ երբ Եկեղեցու «բարեփոխումը» հանձնվում է մարդկանց, որոնց շարժիչ ուժը ոչ թե Եկեղեցու հանդեպ սերն է, այլ անձնական հակակրանքն ու վրեժխնդրությունը, արդյունքում չի բարեփոխվում ոչինչ։ Ընդհակառակը՝ խորանում են հակասությունները, մեծանում է անվստահությունը, և ամենից շատ տուժում են նրանք, ովքեր անկեղծորեն հավատացել էին այդ կոչերին։

Ի վերջո, բավական է միայն հայացք նետել Հայ Եկեղեցու վերջին 27 տարիների գործունեությանը՝ հասկանալու համար մի պարզ ճշմարտություն․ իրական բարեփոխումները չեն իրականացնում բարձրագոչ հայտարարություններով, «ճամբարներ» ստեղծելով և քաղաքական իշխանության միջամտություն պահանջելով։ Այս տարիներին Հայ Եկեղեցին իսկապես անցել է բարեփոխումների ճանապարհով, և այդ փոփոխությունները մնացել են ոչ թե խոսքեր, այլ տվել են տեսանելի արդյունքներ։ Այդ արդյունքների լավագույն վկայությունը Հայ Եկեղեցու այսօրվա ամուր և ուժեղ դիրքերն են։ Եվ, թերևս, հենց սա է ամենամեծ անհարմարությունը նրանց համար, ովքեր տարիներ շարունակ փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «անդառնալի ճգնաժամի» մեջ հայտնված կառույց։

Ով լսելու ականջ ունի թող լսի»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կապահովի...

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...