Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ

10 Օգոստոսի, 2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ հայտարարությունը՝ Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ․

Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խորը հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները  հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա։ Ի ճանաչումն խաղաղության ապահովմանն ուղղված այս պատմական և հսկայական ջանքերի՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովեց հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

  • Հայաստանը և Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և երկարատև կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։
  • «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության՝ հստակ առաջընթացով, ինչպիսին է ենթակառուցվածքների զարգացումն առաջ մղելու համար ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն ստեղծելու վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնությունը։ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
  • Միացյալ Նահանգները 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Թրանս-Կասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։
  • Միացյալ Նահանգները խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների և անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության, և  կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ, որոնք ներդրում են երեք պետությունների երկարաժամկետ բարգավաճման մեջ և արդեն շոշափելի արդյունքներ են տվել։
  • Հետևելով Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի ոգուն՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման  սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։
  • Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության և դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։
  • Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։
  • Միացյալ Նահանգների հրավերով Հայաստանը և Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին՝ ցույց տալով, որ նրանք Միացյալ Նահանգների կողքին են ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհ կերտելու ջանքերում։

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա։

Նմանատիպ նյութեր

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու...