Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ «ՓաստԻնֆո»

29 Հուլիսի, 2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները՝ ևս երեք ամսով։ Դատարանը գտել է, որ դատալսումների սույն փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով քրեական վարույթին խոչընդոտելու և Օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։

«Դատարանի այդ դիրքորոշումը պայմանավորված է գործի նյութերից բխող որոշակի հանգամանքներով, մասնավորապես, Դատարանի կողմից գնահատման է ենթարկում՝ մեղսագրվող ենթադրյալ հանցանքում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի դերակատարությունը, մասնավորապես այն, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ հենց վերջինս է հանդիսացել առերևույթ կաշառք ստանալու նախաձեռնողը, ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, ակնկալվող հնարավոր պատժի խստությունը, մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվող արարքի բարձր լատենտայնությունը, որը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են դատական իշխանության հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, մեղադրյալի և գործով մյուս մեղադրյալների փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև այն, որ Արտուշ Գաբրիելյանն ավելի քան երկու տասնամյակ զբաղեցրել է դատավորի պաշտոնը, որպիսի հանգամանքը ողջամտորեն ենթադրում է որոշակի հեղինակություն, կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ, ինչը ենթադրաբար կարող է օգտագործվել քրեական գործի բնականոն ընթացքի առնչությամբ որոշակի խոչընդոտներ հարուցելու հարցում, դատալսումների ընթացքում մեղադրյալների չհարցաքննված լինելու, ինչպես նաև ապացույցների հետազոտումն ավարտած չլինելու հանգամանքները։ Դատարանը, անդրադարձ կատարելով Արտուշ Գաբրիելյանի արարքին, հարկ է համարում նշել, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և ծանրության աստիճանը չեն կարող գնահատվել որպես ազատությունից զրկելու հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն տարրեր, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և դրանք համադրելով գործից բխող մյուս փաստական հանգամանքների հետ կարող ենք հիմնավորված եզրակացության գալ անձի ազատության իրավունքը սահմանափակելու անհրաժեշտության կամ այդ անհրաժեշտության բացակայության մասին»,- նշել է դատարանն՝ ըստ էության կրկնելով նախորդ որոշումներում առկա գնահատականները:

Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։

Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։

Վերջինս հենց այն մեղադրյալն է, որն անցնում էր թմրանյութերի վերաբերյալ գործով և, ըստ մեղադրանքի,պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ իր վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Ավելի վաղ նա վայր էր դրել Հայաստանի Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը։ Մինչ պատգամավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության օրակարգում, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության օրակարգում, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

Տեղի է ունենում կառավարության նիստ։ Օրակարգում 42 հարց է։ Զեկուցվում է ընդամենը 3-ը։ Եվս երկու հարց գաղտնի է, հարցերից մեկն էլ դուրս է եկել օրակարգից։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական...

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է...

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...