Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

27 Հուլիսի, 2026

Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։
Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։
«Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշեց Սահակյանը։
Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։
«Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշեց Սահակյանը։
Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ–ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։
«Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Սահակյանը։
Որքանո՞վ է հավանական, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն Ադրբեջանում վերականգնվի․ Սահակյանի գնահատմամբ՝ դրա հնարավորությունները փոքր են, ավելի հավանական է պայմանավորվածությունների արդյունքում մեկանգամյա այցելությունների թույլտվություն ստանալը, սակայն այս ուղղությամբ էլ դեռ որևէ շոշափելի արդյունք չկա։ Նրա խոսքով՝ եթե նման այցելություններն էլ հնարավոր չլինեն, միջազգային հանրությունը պետք է այլընտրանքներ փնտրի, այդ թվում՝ անկախ բժշկական խմբի այցելության կազմակերպում կամ 3-րդ երկրի շուրջ համաձայնություն, որը կարող է Հայաստանի անունից հյուպատոսական այցելություններ իրականացնել։ Կան չեզոք երկրներ, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան է, որը պատրաստակամ է հանձնառել այս մարդասիրական առաքելությունը և այցելություններ կազմակերպել Հայաստանի անունից, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ 2 պետությունների միջև համաձայնությունը ձեռք չի բերվել։ Իսկ որքանով է Հայաստանը պրոակտիվ այս գործում, իրավապաշտպանը դժվարանում է ասել։
Նա շեշտեց` բոլոր մեխանիզմների գործարկման պարագայում էլ անհրաժեշտ է նաև Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը։
«Եթե այդ համաձայնությունները չտրվեն, հետագայում շատ ավելի բարդ է լինելու վերջիններիս հերքել խոշտանգումների վերաբերյալ պնդումները»,- հավելեց իրավապաշտպանը։
Դեռևս որևէ շոշափելի արդյունք չկա նաև հայ գերիների հարազատների դիմումներից՝ Բաքու մեկնելու և հարազատների հետ տեսակցելու համար։ Խնդրանքը հասցեագրվել է թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ օտարերկրյա կառույցներին, պետություններին, որոնք կարող են աջակցել այս մարդասիրական առաքելությանը, սակայն այս պահին պաշտոնական պատասխանների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

Տեղի է ունենում կառավարության նիստ։ Օրակարգում 42 հարց է։ Զեկուցվում է ընդամենը 3-ը։ Եվս երկու հարց գաղտնի է, հարցերից մեկն էլ դուրս է եկել օրակարգից։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական...

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է...

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...

1 ամսական երեխա է մահացել

1 ամսական երեխա է մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ...