Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»

21 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի կրակոցներով, մեկ անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով և դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք, արդեն վաղուց բացառություն չէ: Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման «իրադարձությունների» պակաս չկա (օրինակ՝ Վաղարշյան փողոցում օրը ցերեկով կրակոցները և այլն): Եթե նույնիսկ վիճակագրական չոր թվերի առումով հանցագործությունների քանակը էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից, ինչպես սիրում են հայտարարել պաշտոնական գերատեսչությունները, ապա հանցագործությունների բնույթն ու հանրային ընկալումը կտրուկ փոխվել են: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային տիրույթը ողողված է բացառապես տագնապեցնող ինֆորմացիայով, իսկ շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է երկու ծայրահեղությունների արանքում:

Մի կողմից՝ լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի՝ հաճախ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից՝ դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային կրակոցների, պայթյունների ու կրիմինալ «ռազբորկաների» մանրամասները:

Այս երևույթների համադրությունը ստեղծում է մի ճնշող մթնոլորտ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ո՛չ իրավական, ո՛չ էլ ֆիզիկական առումով: Այս ամենի ֆոնին ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգն ավելի շատ ներքաշված է քաղաքական գործընթացների սպասարկման, քան կրիմինալի դեմ օպերատիվ աշխատանքի մեջ: Սակայն նման իրավիճակներում ամենահեշտ ճանապարհը ամեն ինչ իրավապահների վրա բարդելն է. լինելով հսկայական, բազմաշերտ համակարգ՝ ավելի հեշտ է կրում հանրային քննադատության հարվածները, քան կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնողները: Բայց պետք է օբյեկտիվ և իրատես լինել. իրավապահ համակարգի ներսում ևս մինչև կոկորդները կուշտ են քաղաքականացված գործերից, և այնտեղ յուրաքանչյուրը պարզապես աղոթում է, որ իրենց չմակագրվեն քաղաքական բնույթի թղթապանակներ: Ցավոք, ելնելով իրենց ծառայողական գործառույթներից ու կանոնակարգերից՝ նրանք հաճախ ստիպված են լինում իրականացնել այդ գործառույթը:

Այստեղ պատրանքներ պետք է չունենալ, թե հանուն սկզբունքի կամ վեհ գաղափարների իրավապահները կհրաժարվեն կատարել վերևներից եկող հրահանգները: Փորձը ցույց է տվել, որ հրամանը չկատարողի փոխարեն անմիջապես նշանակվում է մեկ ուրիշը, ով անմնացորդ կատարում է այն: Հետևաբար, պետք չէ սին հույսեր փայփայել, թե իրավապահ համակարգն ինքնուրույն երբևէ դիմադրելու է այս գործերին ու քաղաքական հրահանգներին: Ուժային կառույցները միշտ եղել և մնում են օրվա իշխող քաղաքական ուժի որդեգրած գծի հայելային կրողը: Ահա թե ինչու միասնական հանրային պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինքնին իրավապահ համակարգի դեմ, այլ ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անել նրանց քաղաքական ազդեցություններից ու միջավայրից զերծ պահելու համար: Թիրախը պետք է լինի կոնկրետ քաղաքական իշխանությունը, որը թիրախավորում է, հրահանգավորում և իրավապահներին դրդում է զբաղվել իրենց համար ոչ կոմպետենտ ու ոչ հարազատ գործերով: Այս հարցում համակարգին մենակ չթողնելն ու քաղաքական հրահանգների կապանքներից ազատելուն նպաստելը նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնային անելիքն է:

Այս ամենի հետևանքով երկրում ձևավորվում է ծայրահեղ ծանր և թունավոր սոցիալական միջավայր, որտեղ մարդիկ ապրում են մշտական սթրեսի, անորոշության և վախի մթնոլորտում: Երբ հասարակությունը դադարում է վստահել իրավապահների՝ իրեն պաշտպանելու ունակությանը և տեսնում է միայն քաղաքականացված արդարադատություն, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը հավասարվում է զրոյի: Այսպես շարունակվել չի կարող, և երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է արմատապես փոխել հոգեբանական ու սոցիալական մթնոլորտը: Իշխանությանը պետք է պարտադրել բացառել իրավապահների վրա ճնշումները քաղաքական նպատակներով և թույլ տալ, որ նրանք վերադառնան իրենց բուն առաքելությանը՝ հանցագործությունների կանխմանը, փողոցներում անվտանգության ապահովմանը և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարին: Հանրությունը կարիք ունի կայունության և անվտանգության զգացումի, այլ ոչ թե ամենօրյա տեռորի՝ քաղաքական հաշվեհարդարների և քրեական պատերազմների տեսքով: Շարքային քաղաքացին արժանի է ապրելու անվտանգ, կանխատեսելի երկրում, որտեղ փողոց դուրս գալիս ստիպված չի լինի մտածել պատահական փամփուշտի կամ չպայթած նռնակի զոհ դառնալու մասին, իսկ այդ փոփոխությունը պետք է սկսվի համակարգային մոտեցումների վերանայումից՝ քաղաքական նպատակահարմարությունը զոհաբերելով հանուն հանրային անվտանգության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...