Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

21 Հունիսի, 2026

Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները համայն հայության, այդ թվում՝ պատմական հարուստ անցյալ ունեցող Ռումանիոյ հայոց թեմի համար, հանդիսանում են լուրջ խոկման և հոգևոր վերլուծության առարկա; «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ» վերտառության գրառման մեջ ասում  Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ շարունակելով.

«Որպես զավակները մի ազգի, որն ունի հազարամյակների պատմություն և հետայսու ևս պիտի շարունակի իր ընթացքը գալիք դարերում, մեզ համար այս ընտրությունները ունեին կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետության՝ որպես լիարժեք ինքնիշխան պետության, հետագա հեռանկարի առումով։ Որպես քրիստոնեական հնագույն Եկեղեցու մաս կազմող և նվիրապետական կառուցվածք ունեցող ինստիտուտ՝ Հայոց Սուրբ Եկեղեցու հայացքը ներկա գործընթացներին բխում է բացառապես ավանդական, հոգևոր և ազգային արժեքների պահպանման գերակայությունից՝ զերծ մնալով իրավիճակային քաղաքական շահերից կամ աշխարհաքաղաքական բևեռների միջև երկվությունից։

Ժամանակակից քաղաքագիտական և տեղեկատվական հոսքերը հաճախ են ընկնում պարզունակության թակարդը՝ հայաստանյան իրականության մեջ արմատական արժեքների պահպանությանն ուղղված ցանկացած անհանգստություն կամ մտահոգություն որակելով որպես աշխարհաքաղաքական կողմնորոշում, մասնավորապես՝ «ռուսամետություն»։ Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական աշխարհի մեր հոգևոր քույրերին և եղբայրներին ցանկանում ենք փոխանցել կարևոր մի մտածում և արձանագրում. Հայ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի մտահոգությունները վերկուսակցական են և ունեն գոյաբանական բնույթ։ Դրանք ուղղված չեն որևէ արտաքին վեկտորի դեմ, այլ միտված են ներսից հայկական քրիստոնեական դիմագծի անաղարտության պաշտպանությանը։

Ընդհանուր եկեղեցաբանական՝ հատկապես ուղղափառ աստվածաբանական և կանոնական ավանդության մեջ հստակ է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին և Ազգը գտնվում են անքակտելի հոգևոր միասնության մեջ, և սա տեսանելի է նաև եվրոպական շատ պետությունների օրինակով՝ Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա և այլն։ Հայության պարագային էլ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն հիմնական կռվանը, որ պահպանել է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունը, իսկ պետության գոյության պարագային արել է ամեն ինչ՝ հայրենի պետականության զորացման համար:

Այսօր, երբ աշխարհիկացման (սեկուլյարիզացիայի) և համահարթեցնող գլոբալիզացիայի ալիքները փորձում են խարխլել ազգային կառույցները ամբողջ աշխարհում, ավանդական ընտանիքի մոդելը և հոգևոր արմատները, հայ մարդու անհանգստությունը սեփական երկրի ընթացքի վերաբերյալ առավելաբար բնական ինքնապաշտպանական մի արձագանք է։ Դա մտահոգություն է մի ինքնության կորստի համար, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության հիմնասյունը։

Ռումանիոյ հայոց թեմը, հավատարիմ մնալով իր պատմական առաքելությանը և եվրոպական քաղաքակրթական ընտանիքում իր ուրույն տեղին, վերահաստատում է, որ քրիստոնեական հավատքը և ազգային դիմագիծը չեն կարող զոհաբերվել քաղաքական հարմարվողականությանը։ Մենք հեռու ենք քաղաքական կողմնորոշումների պարզունակ պիտակավորումներից. մեր միակ ուղենիշը հայոց պետականության անսասանությունն է և այն հոգևոր ժառանգության պահպանումը, որը կիսում ենք Արևելյան Քրիստոնեական ողջ ընտանիքի հետ։

Ռումանիայի Հայոց Թեմ»

Նմանատիպ նյութեր

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...