Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»… նուրբ արվեստը. «Փաստ»

20 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են: Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք առնելու և ծաղրելու:

«Ո՞ւմ տանը ծիրանը չի փչանում, բոլորիս տանը փչանում է, ինչո՞ւ է դա դառնում թոփ նյուզ» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անթաքույց ու բացահայտ կերպով «կայֆավատ լինել» սեփական ընտրողների, նաև՝ չընտրողների վրա: Սա ուղիղ հասցված ուժգին հարված է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, իսկ հիմա նրանց առաջարկվում է մի պարզ բանաձև. «Հանուն Փաշինյանի քաղաքական ամբիցիաների՝ դուք պիտի սոված մնաք»:

Երկրի ղեկավարն, ըստ էության, հավասարության նշան է դնում սառնարանում մոռացված երկու հատ ծիրանի և տոննաներով փչացող, արտահանման ենթակա բերքի միջև, որի տակ տնտեսվարողները վարկեր, հսկայական պարտքեր ու ընտանիք պահելու հոգսեր ունեն: Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների կործանարար գինը պետք է վճարի շարքային քաղաքացին՝ իր օրվա հացով, սոցիալական վիճակի վատթարացմամբ, բայց դա անձամբ նրա կողմից մատուցվում է որպես սովորական, ընդունելի մի կենցաղային թեմա:

Տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները և լոգիստիկ շղթաները, որոնք կոտրվում են իշխանության անգործության պատճառով, հենց Փաշինյանի մակարդակով իջեցվում են կենցաղային «մուննաթի» մակարդակի: Այս հայտարարությունը լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ աստիճանի անլուրջ, անպատասխանատու ու մակերեսային մոտեցում ունի նա պետական կառավարման և սեփական երկրի գործարարների ու, ընդհանրապես, քաղաքացիների նկատմամբ: Ինչ աստիճանի միևնույնությամբ, անգամ՝ «թքածունեցողական» վերաբերմունք ունի քաղաքացիների վիճակի, սոցիալական ապահովության նկատմամբ: Այ թե ինչ է ցույց տալիս այս ամենը:

Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ», այլ ոչ թե րոպե առաջ լուծում պահանջող ճգնաժամ:

Ու միայն սա չէ: Ուրեմն, ինքն իր վարած «քաղաքականությամբ» փչացնի հարաբերությունները մի երկրի, ավելին՝ տնտեսաքաղաքական միավորման (ԵԱՏՄ-ի) հետ, գյուղմթերք արտադրողները, դրա հետ շաղկապված բիզնեսներն առանց այլընտրանքի հնարավորության զրկվեն իրենց բիզնեսգործունեության շուկայի 98 տոկոսից, բայց Փաշինյանը առաջանցիկ «մուննաթ» գա բոլոր այդ մարդկանց վրա, թե՝ «հարմարվեք նոր շուկաներին»: Ասել կուզի՝ դուք, ձեր ապրանքը, ոնց ուզում եք, տակից դուրս եկեք, ի՞նձ ինչ…

Սա, կարելի է ասել, «կայֆավատ լինելուց» էլ անդին է:

Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական աշխարհաքաղաքական արկածախնդրության պատճառով չի կարողանում ապահովել իր տնտեսվարողների անվտանգությունն ու կայունությունը, իսկ հետո հեգնում է այդ նույն մարդկանց կրած վնասները, դա խոսում է պետական մտածողության իսպառ բացակայության և բացառիկ ցինիզմի մասին: Սա ուղիղ ազդակ է բիզնեսին, որ ճգնաժամի պահին նրանք մնալու են լիովին միայնակ, իսկ ինքը, լավագույն դեպքում, հեռուստաէկրաններից կբացատրի՝ դե, բոլորի տանն էլ ծիրանը փչանում է, դրանից ողբերգություն սարքել պետք չէ:

Ի դեպ, նախ՝ խոսքը միայն ծիրանի մասին չէ: Իրականում պատկերը շատ ավելի ընդգրկուն է և տխուր: Խոսքը գյուղմթերքի գրեթե ամբողջ տեսականու մասին է. լոլիկ, պղպեղ, վարունգ, կորիզապտուղներ (կեռաս, բալ), հարկավ՝ նույն ծիրանը, գումարած՝ դեղձը: Ավելին՝ ծաղիկները:

Ու քանի որ իրենք առավելապես «փիարվելու» հարցում են ուժեղ, գլուխ են գովում, թե 5000 ծաղիկ այստեղ արտահանեցին, 10000 ծաղիկ՝ այնտեղ: Նույնիսկ էական չեն այն տեղեկությունները, որ, ասենք, այդ 10000 ծաղիկն այլ երկիր արտահանելը կառավարության հետ ոչ մի կապ չունի, բիզնեսմենը շատ ավելի վաղ նման գործարք էր կնքել: Բայց, իրոք, նույնիսկ դա չէ կարևոր: Կարևորն այն է, որ կառավարության ղեկավարի վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ ոլորտ զրկվել է շուկայից, որտեղ տարեկան մոտ 95 միլիոն ծաղիկ է իրացնում:

Չնայած «մաթեմատիկայից կաղալու» ինքնախոստովանությանը, հաշվել գոնե պիտի որ կարողանան: Համեմատեք մի քանի հազարն ու 95 միլիոնը:

Նույնը՝ ծիրանի, կեռասի, առհասարակ, չարտահանված ու փչացած, նաև՝ փչանալիք պտուղ-բանջարեղենի մասին:

Եվ սա էլ նույնիսկ ամենը չէ. Փաշինյանն արդեն «մեղավոր է նշանակում» հողագործներին, ֆերմերներին, գործարարներին, թե՝ ձեր անորակ ապրանքով մեր ինքնիշխանության հետ եք խաղում: Այսի՞նքն: Ի՞նչ է ուզում ասած լինել. որ մինչև այս անորակ ապրանք էր մատակարարվո՞ւմ ավանդական դարձած շուկաներ, ասենք՝ Ռուսաստան: Հարց է ծագում. նախ՝ այդ ինչո՞ւ նախկինում նման խնդիրներ չէին ծագում, եթե լինում էլ էին, ապա հատուկենտ դեպքեր, որոնք արագ կարգավորվում էին, և հետո՝ իսկ ինչի՞ համար են Հայաստանի համապատասխան պետական կառույցները, որոնք պետք է հսկողություն իրականացնեն և որոնց ղկավարները, նկատենք, որպես պետական ծառայողներ, աշխատավարձերից բացի, նաև ոչ քիչ պարգևավճարներ են ստանում: Թե՞ իր մեղքով փչացած հարաբերությունների համար հիմա էլ նոր «քավության նոխազներ» է փնտրում: Ինչպես նախկին բոլոր դեպքերում: Ասել ենք, կրկնենք, մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ Փաշինյանն այս ամբողջ աղետների, փորձանքների համար (նաև սպասվող) բոլոր մեղքերը գցելու է ժողովրդի «գրպանը»: Վաղուց արդեն այդ ճանապարհին է…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում․ ՔԿ

Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում․ ՔԿ

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն

  Վաղ առավոտյան ԱԱԾ-ն ներխուժել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Տանն են նաև պատգամավորի անչափահաս երերխաները։ Հիշեցնենք, որ սույն գործողություններին նախորդել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ ամբիոնից, թե՝ «նստցնելու եմ,...

Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»

Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրել է․ «Միայն վերջին 10-11 օրերին բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է արձանագրվում: Երեկ, Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների վրա «մուննաթ եկավ», թե երբևէ պարզե՞լ եք՝ Հայաստանում ինքնասպանության քանի...

«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք»

«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԽՔ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում են՝ ծանր է տարել իր պաշտոնանկությունը.«Ախր ես էն տղան չէի, որ հետս սենց վարվեր, քեռիս ճիշտ էր ասում, որ մի օր էլ ինձ են ասելու «Давай-дасвидание», բայց էս կարգի չէի սպասում»,-ասում են մտերիմ...