Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

13 Հունիսի, 2026

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է․ 

Համատարած կեղծված ընտրությունների, ժողովրդավարական սկզբունքների տապալման և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների գողության՝ ՔՊ-ին բոնուս պարգևելու փորձի վերաբերյալ․

Խստագույնս դատապարտելի է անցկացված ընտրությունների ընթացքում արձանագրված համատարած, համակարգված կեղծարարությունը և իշխանության յուրացման բացահայտ փորձերը, որոնք ամբողջությամբ զրկել են ընտրական գործընթացը լեգիտիմությունից և ոտնահարել քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։

Որպես պրոֆեսիոնալ փաստաբան և իրավապաշտպան՝ արձանագրում եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի է ունենում իրավական կամայականությունների և ընթացակարգային կոպիտ խախտումների պայմաններում, որոնք հանդիսանում են համակարգված հարված Հայաստանի Հանրապետության պետականությանն ու սահմանադրական կարգին:

Արձանագրված հիմնական հանցավոր դրսևորումները և իրավական գնահատականը.

• Արդյունքների կանխամտածված հռչակում և հաշվարկի կասեցում. Ակնհայտ հակաժողովրդավարական քայլով՝ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին, երբ քվեների դեռ նույնիսկ 10%-ը չէր հաշվարկվել, շտապել է իրեն հաղթող հռչակել։ Սրան զուգահեռ, հենց կեսգիշերին դադարեցվել է քվեների պաշտոնական հաշվարկը, ինչը ցույց է տալիս արդյունքները սեփական հայեցողությամբ գծագրելու հստակ միտումը։

• Տվյալների բացահայտ կեղծում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերահսկողության ներքո գտնվող համակարգում. Ընտրական մեքենան դիմել է նախադեպը չունեցող կեղծարարության, երբ էլեկտրոնային համակարգ են ներմուծվել իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Մասնավորապես՝ արձանագրվել են աղաղակող դեպքեր, երբ տեղամասային պաշտոնական արձանագրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ստացել է զրո քվե, սակայն կենտրոնական համակարգում այն կեղծվել և գրանցվել է որպես մոտ 800 քվե։

• Թվաբանական աճպարարություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քվեների գողություն՝ ՔՊ-ին բոնուս պարգևելու նպատակով. Ընտրությունների արդյունքների նկարչության և միլիոնավոր քաղաքացիների կամքի ճնշման ամենախոսուն ապացույցը ԲՀԿ-ի շուրջ ստեղծված արհեստական պատկերն է: Նախապես հայտարարվել է, որ կուսակցությունը հաղթահարել է խորհրդարան անցնելու անհրաժեշտ 4%-ի շեմը, սակայն ԿԸՀ-ի կողմից հետագա համակարգված «թարմացումների» արդյունքում թվերը միտումնավոր նվազեցվել և ուղիղ 3,996%-ի նշագծին են կանգնեցվել։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնով ուժին խորհրդարանից դուրս թողնելը ոչ թե մաթեմատիկական պատահականություն է, այլ բացահայտ քաղաքական պատվեր։ Սրա նպատակն է փոշիացնել ընդդիմադիր քվեն, գողացված ձայների հաշվին լրացուցիչ բոնուս պարգևել ՔՊ-ին և ապահովել գործող վարչախմբի միահեծան իշխանությունը: Սա քաղաքական ուժերի անցողիկությունը սեփական հայեցողությամբ կարգավորելու բացահայտ ապացույց է։

• Ատելության խոսքի, թշնամանքի և հաշվեհարդարի կոչերի անթույլատրելի մթնոլորտ.Քարոզարշավի ողջ ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային հարթակներից հնչեցվել են ատելության, թշնամանքի, բևեռացման և քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ կոչեր, որոնք ունեցել են անմիջական բացասական հետևանքներ՝ հանգեցնելով ապօրինի կալանավորումների։ Նման ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքների լեզուն անթույլատրելի են ժողովրդավարական պետությունում. դրանք խորացրել են հանրային պառակտումը և ուղղակիորեն ճնշել ու ահաբեկել ընտրողներին՝ զրկելով նրանց ազատ կամարտահայտման հնարավորությունից։

• Պատգամավորության թեկնածուների կալանավորում և քաղաքական հալածանքներ.Ընտրական գործընթացի իրավական կողմն ամբողջությամբ կաթվածահար է արվել ընդդիմադիր պատգամավորների թեկնածուների և ակտիվիստների նպատակաուղղված կալանավորումներով ու քրեական հետապնդումներով։ Սա բացահայտ հարված էր ընտրություններին մասնակցող ուժերի իրավահավասարությանը, որի նպատակն էր չեզոքացնել քաղաքական հակառակորդներին և ահաբեկել նրանց ընտրողներին։
• Վարչական ռեսուրսի չարաշահում, ճնշումներ և կազմակերպված մանիպուլյացիաներ.Պետական ապարատի և ուժային կառույցների բացահայտ ներգրավումը քարոզարշավին ստեղծել է վախի մթնոլորտ։ Ընտրացուցակներում անհայտ անձանց զանգվածային գրանցումները, զինծառայողների ուղղորդված ու խմբակային քվեարկությունները, այդ թվում՝ ընտրատեղամասերը փակվելուց հետո նրանց անօրինական քվեարկության կազմակերպումը, փաստում են գործընթացի կանխամտածված նենգափոխումը։
• Տեղեկատվական տեռոր և արտաքին միջամտություն. Հանրային հեռուստաընկերության կողմնակալությունը, ապատեղեկատվության և արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակության նյութերի տարածումը, ինչպես նաև արտաքին ուղղակի տնտեսական ու անվտանգային սպառնալիքներն ամբողջությամբ խեղաթյուրել են մրցակցային միջավայրը։

Միջազգային արձանագրումների հիմնավորումը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցում հստակ նշված «խիստ բևեռացված և առճակատային միջավայրը», «վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումը», «Հանրային հեռուստաընկերության կողմնակալությունը» և «ընտրողների նկատմամբ ճնշումները» լիովին հիմնավորում ու ապացուցում են ընտրությունների կեղծված լինելու փաստը: Յուրաքանչյուր կասկածելի քվե տորպեդահարում է ապագա խորհրդարանի քաղաքական լեգիտիմությունը։

Պահանջներ և հետագա քայլեր

Այս ընտրությունները ոչ թե ժողովրդավարական գործընթաց էին, այլ քաղաքացու ձայնը բռնի ուժով, կազմակերպված կեղծիքով, թեկնածուների ապօրինի կալանավորմամբ, ատելության խոսքի ներարկմամբ, տվյալների նկարչությամբ ու նենգությամբ խլելու հերթական արարը։ Սա սոսկ մեկ քաղաքական ուժի խնդիրը չէ. սա համակարգված հարված է ժողովրդավարությանը, և ընդդիմադիր դաշտի մասնատման ու սեպարատ ճնշումների ցանկացած փորձ պետք է արժանանա իրավական կոշտ հակազդեցության:
Որպես փաստաբան և իրավապաշտպան՝ պահանջում եմ.
1. Անհապաղ չեղարկել կեղծված տվյալների հիման վրա ներկայացվող արդյունքները և իրավական գնահատական տալ համակարգային այս հանցագործությանը:
2. Ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված պատգամավորության թեկնածուներին և ակտիվիստներին:
3. Իրականացնել համատարած, թափանցիկ վերաշհաշվարկ բոլոր խնդրահարույց տեղամասերում՝ պատասխանատվության ենթարկելով ընտրական կեղծարարության մեքենան կառավարողներին։
Հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է կեղծ հեղափոխական խարխուլ հիմքերով՝ զուրկ լինելով իրավական օրինականությունից (լեգիտիմությունից), իսկ այժմ փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը բացառապես հակաիրավական և հակասահմանադրական մեթոդներով։
Ուստի, պետությունն ու իրավակարգն այս շարունակական ապօրինությունից զերծ պահելու միակ իրավաչափ ճանապարհը սահմանադրական իրավունքների շրջանակներում հանրային լայն շերտերի խաղաղ հավաքների, ցանցային բողոքի գործողությունների իրականացումն է և իրավական բոլոր ատյաններում հետևողական պայքարը՝ մինչև ընտրական կեղծարարության և հանցագործությունների հեղինակների նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայացումը և արդարադատության լիակատար հաստատումը։

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել բռնապետական մեթոդներով, ատելության քարոզով և թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք։ Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ՝ դատական ատյաններում գործընթացներին զուգահեռ սահմանադրական իրավունքների իրացման, խաղաղ հավաքների և իրավական պայքարի կազմակերպմամբ, որպեսզի թույլ չտանք կոծկել այս իրավական խայտառակությունը:

 

Նմանատիպ նյութեր

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Փաշինյանը...

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...