Մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր ապագան․ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել նախընտրական ուղերձով

4 Հունիսի, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել նախընտրական ուղերձով․

«Սիրելի հայրենակիցներ,

Գործող իշխանությունն այս քարոզարշավը վերածել է Հայաստանի պատմության ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։ Այս քարոզարշավը դարձել է նրանց ութամյա իշխանության ամբողջ էության մարմնավորումը՝ մանիպուլյացիաների, ստի, ատելության, ագրեսիայի և պոպուլիզմի։

Մենք պարտավոր ենք այս ութ տարիների խայտառակությունը փոխարինել արագ վերականգնման տարիներով՝ վերականգնելով հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը և ներուժը։ Ես համոզված եմ, որ նույնիսկ այսօրվա բարդ պայմաններում հնարավոր է հասնել իրական և նշանակալի արդյունքների։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։

Անհրաժեշտ է, որ հունիսի 7-ը դառնա պատմական օր հայ ժողովրդի համար։ Մենք պետք է ապացուցենք ամենակարևորը՝ միայն մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր ապագան։ Այս ընտրությամբ մենք պետք է վերադարձնենք հայկական պետության գոյության ամբողջական իմաստը։

Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապես զբաղված է ճգնաժամեր հաղթահարելով։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։ Մեր նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ։ Մեր նպատակը հայկական պետության որակի վերականգնումն է։

Պետություն, որը կարողանում է պաշտպանել իր քաղաքացիներին, հարգում է իր դաշնակիցներին և վայելում է հարևանների հարգանքը։ Մեզ կրկին կհարգեն, այլ ոչ թե կօգտագործեն։

Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի, դաշնակիցների հետ առճակատում չի լինի, հարևանների հետ ավելորդ լարվածություն չի լինի։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։

Հայաստանում այլևս երբեք չպետք է ստեղծվեն այն պայմաններն ու ֆեոդալական կարգերը, որոնք 2018 թվականին մարդկանց դուրս բերեցին փողոց։ Ես դա երաշխավորում եմ։

Թե որքան արդար, զարգացած և հանդուրժող կլինի հայկական հասարակությունը, կախված է միայն մեզանից։ Մեր յուրաքանչյուր գործողություն պետք է ծառայի մեկ նպատակի. հինգ տարի հետո Հայաստանը պետք է լինի ավելի ուժեղ, ավելի անվտանգ և ավելի արդար երկիր։

Երկրի արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի սեփական ժողովրդի շահերին, ոչ թե այլ պետությունների շահերին։ Այս իշխանությունն անում է հակառակը։ Այն ճգնաժամերի և խնդիրների աղբյուրը, որոնց առջև կանգնած ենք, այս իշխանության գոյության ձևն է։

Ինձ և իմ թիմին ժամանակին բաժին ընկավ երկիրը բարձրացնել 90-ականների ավերակներից, և մենք կարողացանք հաղթահարել այդ խնդիրը։ Այսօր մեր առջև կանգնած է ևս մեկ պատմական առաքելություն՝ Հայաստանը դուրս բերել ներքին և արտաքին քաոսից։ Մենք կարողացանք այն ժամանակ, կկարողանանք նաև հիմա։

Մենք չենք խաղա մեծ տերությունների հակասությունների վրա։ Մենք կարող ենք բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և միաժամանակ զարգացած հարաբերություններ ունենալ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Մենք այդ հաջող փորձն ունենք։

Ոչ ոք չի կարող մեզ դատապարտել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կամ Իրանի հետ գործընկերային կապերի համար, այն պատճառով, որ մենք անվտանգության և զարգացման հարցերին մոտենում ենք պատասխանատու և խելամիտ կերպով։

Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի հետ, ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը՝ փոխադարձ շահերի հարգման հիման վրա։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։

Այս տարիների ընթացքում աշխարհը զգալիորեն փոխվել է։ Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն։ Այսօր այլ կերպ արդյունավետ լինել հնարավոր չէ։ Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը։

Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից։ Ուստի այսօր մենք գնում ենք ընտրությունների ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ։

Անկեղծ ասեմ՝ մեզ սպասում է շատ բարդ և մեծ ջանքեր պահանջող աշխատանք։ Մենք պետք է միաժամանակ ուղղենք վերջին տարիների սխալները, իրականացնենք բարեփոխումներ, ընդունենք հրատապ որոշումներ և առաջ շարժվենք։ Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն, անհրաժեշտ է թիմային աշխատանք։

Հեշտ չի լինելու, բայց ես համոզված եմ, որ դա կլինի աշխատանք, որը կբերի ոչ միայն արդյունք, այլև հպարտության զգացում։

Հենց այդ պատճառով ատելության ներկայիս մթնոլորտը պետք է մնա միայն որպես այս ընտրարշավի հիշողություն։ Երկրի բնականոն և կայուն աշխատանքի համար նման իրավիճակը կործանարար է։

Ընտրություններից հետո մենք պետք է կրկին սովորենք ապրել մեկ երկրում, աշխատել միասին և հարգել իրար՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Մեզ հաճախ հարցնում են՝ եթե գաք իշխանության, պատժվելո՞ւ են պետական մարմինների աշխատակիցները։ Անկեղծորեն ասեմ՝ վենդետան այն ճանապարհը չէ, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։

Պետական ծառայողները պետք է անմիջապես զգան այլ մթնոլորտ՝ հանգիստ, արդար և մասնագիտական։ Մենք նրանց կազատենք այս իշխանության չարաշահումներից։

Մենք պարտավոր ենք քաղաքական գնահատական տալ գործող իշխանության և նրա ղեկավարի գործունեությանը, ինչպես նաև համակարգը մաքրել իրենց վարկաբեկած ղեկավարներից։ Նրանք պետք է պատասխան տան իրենց գործողությունների ծանրագույն հետևանքների համար։ Հազարավոր մահերը չեն կարող մոռացվել։

Միաժամանակ անհրաժեշտ է համընդհանուր համաներում՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։

Իշխանափոխությունը կբերի կայունություն, բայց կայունության հետ կգա նաև բարձր պահանջկոտություն։ Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, որպեսզի ապահովի երկրի զարգացման հզոր թռիչքը։

Հենց դրա համար ենք խնդրում ձեր ձայները։ Վստահեցնում եմ ձեզ, որ  միասին կարող ենք»։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...