Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից, որը ընտանիքի միջոցով հրապարակվել է.
«Ողջունում եմ բոլորին։
Ըըը, երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ կապված մեր բողոքարկման հետ։ Փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք, և երեկ արդեն այդ դատը սկսեց։ Հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։
Գիտեք, «խաղաղություն և դատավարություն» շատ յուրահատուկ են, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը՝ ձգձգումներով և արհեստական խոչընդոտներով, մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին։ Եվ զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ մինչև հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապես չեն ստացել այդ դատավճռի ամբողջական տեքստը․ ստացել են միայն քաղվածքը։
Երեկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպեսզի դատարանը թե՛ պաշտպաններին, թե՛ իմ բոլոր պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպես նաև մեղադրական ակտի ամբողջական տարբերակը։ Բայց դատարանը զարմանալիորեն և ինչ-որ տեղ նաև հասկանալիորեն մերժեց իմ միջնորդությունը։
2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև հիմա ընթացող, մոտ երկու տարի ձգձգվող այս դատական գործընթացի ընթացքում մեղադրական ակտը նույնիսկ պաշտպանական կողմը չունի և չի տրամադրվում։
Ես որևէ առիթ կունենամ խոսելու դատապրոցեսի մասին, կունենամ նաև խոսելու ընդհանուր ընթացքի և հանրայնացման մասին։ Այս անգամ, կարծում եմ, կբավարարվեմ դրանով։
Միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր կարողանան ծանոթանալ մեղադրական ակտի 15 բաժիններին, արդեն անմիջապես կարող են պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ այդ «արդար, ազատ, բաց դատավարություն» ասվածը ֆիկցիա է․ որևէ բան չկա, և այն ամբողջապես վերահսկվող, գրաքննության տակ գտնվող հաշվեհարդարի դատավարություն է։
Այդ առումով նաև հանրայնացումը նույն կերպ է տեղի ունենում՝ մամուլով մոլորեցնելով Ադրբեջանի հասարակությանը և փորձելով մոլորեցնել նաև միջազգային հանրությանը։
Երեկ ես նաև երկու հարց բարձրացրի․ առաջինը՝ բաց դատավարության կազմակերպման և օնլայն հեռարձակման վերաբերյալ։ Նույն առաջարկը ես արել էի առաջին ատյանի դատարանում, բայց այն մերժվել էր, և երեկ էլ կրկին մերժվեց։
Երկրորդ առաջարկս այն էր, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները, AZtv-ի ովքեր ներկա են դատական նիստերին, որոշ դեպքերում արգելվեն մասնակցելու՝ իրենց ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողությունների պատճառով։ Սա ևս մերժվեց։
Ինչևէ, այս հարցը թողնենք մի կողմ։ Կարծում եմ՝ այստեղ ոչ անհայտ կարևոր պաշտպաններից մեկը իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց և պարզապես ասաց, որ մենք մեր սերունդների առաջ ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։
Ընդհանուր առմամբ պիտի ասեմ՝ դա տրագիկոմեդիա է, և Ֆրանց Կաֆկան կցանկանար ներկա գտնվել այս դատավարությանը, որպեսզի գրեր իր «Դատավարության» երկրորդ մասը։
Հաջորդը, ինչի մասին ուզում էի խոսել, մարդու իրավունքների պաշտպանին ուղղված իմ բանավոր դիմումն է։ 2025 թվականի մայիսի 6-ին ես բանավոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա որևէ ձևով ստանա և իմ ընտանիքին փոխանցի դատավճռի ամբողջական՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակները։
Նույն խնդրանքը փոխանցել եմ նաև Ադրբեջանի օմբուդսմենին, ով մայիսի 5-ին մեր հետ հանդիպման էր։ Ես դեռ մարտի 12-ին նամակ էի պատրաստել, բայց երկու ամիս չէի կարողանում փոխանցել․ վերջապես փոխանցեցի։
Խոստացել էի, որ որևէ քայլ կարվի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակը հասնի իմ ընտանիքին և հարազատներին, բայց մինչ այժմ ոչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանից, ոչ Ադրբեջանի կողմից որևէ նորություն չկա։ Ես սպասում եմ, ինչպես նաև իմ ընտանիքը։
Դատավարության հետ կապված պիտի ասեմ՝ սա ձգձգվող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցվող դատավարություն է։ Եվ զարմանալի չէ, որ պիտի անդրադառնամ նաև այն նյութին, որը կարծում եմ հանրության համար էլ հասկանալի կլինի։
Երկու-երեք ամիս առաջ, երբ դեռ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին այստեղ էինք, պաշտոնական անձինք, ովքեր մեզ հետ շփվում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ «դուք այստեղ եք այնքան, որքան ցանկանան Հայաստանի իշխանությունները»։
Մենք սկզբում ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպես կարող է այդպես լինել, ինչպես կարող են մեր հայրենի իշխանությունները չցանկանալ, որ մենք վերադառնանք։ Բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է։
Ցավոք, զարգացումները և այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համապատասխանեցնելու առումով մեզ այլ կարծիք չեն թողնում։ Այդ կարծիքը դառնում է համոզմունք։
Հատկապես վերջին զարգացումների ֆոնին, երբ ղարաբաղցիների հասցեին իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արվում։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի դրա մասին խոսելու։
Բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ում գործունեության հետևանքով է այս ամենը տեղի ունեցել։
Ինչևէ, արդեն մոտ երեք տարի է մենք այստեղ ենք։ Պիտի ասեմ՝ ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու և ոչ կամքի ուժը մեզ չեն լքել և չեն դավաճանել։ Այսուհետ էլ այդպես է լինելու։
Ցավալի է, ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ են կայացրել և հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն։ Այդ բոլոր կառույցներն ու անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք և պետք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը։
Օգտվում եմ նաև առիթից՝ իմ ժողովրդին շնորհավորելու մայիսի 28-ի կապակցությամբ՝ Հայոց պետականության վերականգնման օրվա առիթով։ Մաղթում եմ ոգու, կամքի և միասնության ուժ։
Պինդ եղեք»:






