Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ»

12 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։

Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։

Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։

Վարչապետը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ ավելի քան 5 միլիոն դրամի չափով։

Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը «Մեր Տպարանը» ընկերությունում, որտեղ ունի 50 տոկոս բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

Համեմատության համար՝ 2021 թվականի հայտարարագրում Փաշինյանի բանկային ավանդները կազմել էին շուրջ 3 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 27 հազար 701 դրամ և 3.84 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 790 հազար դրամ և 1800 դոլար, իսկ ընդհանուր եկամուտները՝ շուրջ 13,6 միլիոն դրամ։ Այդ ժամանակ վարկային պարտավորությունները կազմել էին մոտ 1,2 միլիոն դրամ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական անցած ուղին

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ավարտական կուրսում հեռացվել է՝ քաղաքական պատճառներով։

1990-ականներից զբաղվել է լրագրությամբ՝ աշխատելով տարբեր թերթերում, այդ թվում՝ «Լրագիր», «Մոլորակ» և այլ պարբերականներում։ 1998 թվականին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը հետագայում փակվել է դատարանի որոշմամբ։ 1999 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է նաև քրեական հետապնդումներով և ազատազրկմամբ։ 1999 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել է։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մեկ տարուց ավելի անցկացրել է ընդհատակում, իսկ 2009 թվականին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ համաներմամբ ազատ է արձակվել։

2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակով։ 2013 թվականին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորումը, որը հետագայում դարձավ կուսակցություն։

2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի ցուցակով կրկին ընտրվել է պատգամավոր և ղեկավարել խորհրդարանական խմբակցությունը։ 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որն ապրիլ-մայիս ամիսներին վերածվել է զանգվածային բողոքի շարժման և հանգեցրել իշխանափոխության։

2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովը նրան ընտրել է վարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերին գլխավորել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և ընտրություններում ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը։ 2021 թվականին ներքաղաքական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն նույն տարվա հունիսի 20-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին հաղթանակ է տարել, և Նիկոլ Փաշինյանը վերանշանակվել է վարչապետ։

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ է կանգնում ոչ միայն որպես իշխանության արդեն ութ տարվա պատասխանատու, այլև որպես քաղաքական գործիչ, որի գործունեությունն ու որոշումները շարունակում են մնալ հասարակության ամենաքննարկվող և հակասական թեմաներից մեկը։ Մի կողմից՝ նա ներկայացնում է իրեն որպես «թավշյա հեղափոխության» առաջնորդ և համակարգային փոփոխությունների հեղինակ, մյուս կողմից՝ նրա կառավարման տարիները ուղեկցվել են պատերազմով, տարածքային կորուստներով, ներքաղաքական ծանր ճգնաժամերով և շարունակվող հասարակական բաժանարար գծերով։ Այդ ֆոնին նրա գույքային վիճակի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների շուրջ հանրային հետաքրքրությունը միայն աճում է, հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը շարունակում է խոսել թափանցիկության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական արդարության մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում Սևան Զովաբեր ավտոճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն...

Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

Շաբաթ օրը Պակիստանում և հարևան Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, նրանք շտապ լքել են իրենց տները, հաղորդել է Associated Press-ը։ Իշխանությունները հայտնել են, որ այս պահին ավերածությունների կամ տուժածների...

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, գրում  է ՌԻԱ Նովոստի-ն։ «Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և...

1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան

1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1993 թվականի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ: Սկսվեց արցախյան ազատամարտի ամենափառահեղ փուլը, երբ թշնամին դուրս նետվեց Արցախի Հանրապետության տարածքից,...

Արևադարձային տաք հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան

Արևադարձային տաք հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան

Հունիսի 28-ից սկսած ցիկլոնը գրեթե ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին։ Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝...