Արմավիրի 166 միլիոնանոց շատրվանը ավարտական ակտ չունի. այն 2 տարի «փորձարկվում է». «Հետք»

20 Ապրիլի, 2026

2024թ. հուլիսին մեծ շուքով բացվեց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցված շատրվանը: Լուսաձայնային էֆեկտներով շատրվանի բացմանը ներկա էին Կառավարության անդամներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, նույնիսկ հարևան մարզերի համայնքների ղեկավարները: Սակայն, շատրվանը մինչ օրս չունի ավարտական ակտ: Այժմ էլ վերանորոգվում է, քանի որ ավազանից ջրի արտահոսք կա: Գրում է «Հետք»-ը:

Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման սուբվենցիոն ծրագրի հայտին հավանություն է տվել  ավագանին: Աշխատանքներն իրականացվել են համաֆինանսավորման ծրագրի շրջանակում՝ 70% համայնք, 30% պետություն համամասնությամբ։

2023թ. մարտի 20-ին հայտարարվել է բաց մրցույթ, սակայն մասնակից չլինելու պատճառով այն չի կայացել։ Հաջորդ մրցույթը հայտարարվել է 2023թ. ապրիլի 25-ին՝ նախահաշվային 166 մլն 430 հազար 790 դրամ արժեքով։

Հաղթող է ճանաչվել «Օմեգա Շին» ՍՊԸ-ն: 2023թ. հունիսի 5-ին ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 166 մլն 430 հազար դրամ արժեքով: Պայմանագրի կատարման ժամկետ է սահմանվել 300 աշխատանքային օրը։ Շատրվանը վերակառուցվել է՝ պահպանելով նախկին տեսքը, սակայն նոր ավազան է կառուցվել: Տեղադրվել են լուսաձայնային էֆեկտներ,  ֆիլտրացիոն համակարգ, կառուցվել է կառավարման կետ:

Շինարարությունն իրականացրած «Օմեգա Շին»-ը համեմատաբար նոր ընկերություն է, ստեղծվել է 2021թ. օգոստոսին: Հիմնադիրն ու տնօրենը Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղի բնակիչ Միսակ Մարգարյանն է։

Կառավարությունը 2023թ. դեկտեմբերի 28-ին որոշել է սուբվենցիոն ծրագրի աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանել 2024թ. նոյեմբերի 1-ը: Այդ ժամկետում աշխատանքները չեն ավարտվել: 2024թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ նոր ժամկետ է սահմանվել մինչև 2025թ. նոյեմբերի 15-ը։ Սակայն, 2026թ. ապրիլի 18-ի դրությամբ աշխատանքներն ավարտված չեն:

«Շատրվանը չունի շահագործման ակտ, քանի որ այն չի հանձնվել շահագործման և գտնվել է փորձնական գործարկման փուլում, որի ժամանակ ի հայտ եկած թերությունները պատվիրատու Արմավիրի համայնքապետարանի առաջարկությունների  և տեխնիկական հսկողի առաջադրանքի հիման վրա իրականացնում է «Օմեգա Շին» ՍՊԸ-ն»,- հայտնում է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2026թ. մարտի 5-ին իր քաղաքական թիմի հետ այցելել էր Իջևան, որտեղ ևս շատրվան է կառուցվել, հետաքրքրվում էր որակով: Որպես դրական օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի շատրվանները ներկայացրեց։

«Պարոն Խուդաթյան, քանի որ Արմավիրի շատրվանը շատ լավ է եղել, անընդհատ մարզպետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասում եմ՝ տեսեք, Արմավիրն այնպիսի նշաձող է դրել, որ պետք է բան անենք»,- դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

2024թ. հուլիսի 26-ին վարչապետն այցելել էր Արմավիրի մարզ և երեկոյան դիտել Արմավիր քաղաքի շատրվանի լուսաձայնային շոուն։

«Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան»,- հրապարակված տեսանյութին կից գրել էր Ն. Փաշինյանը:

Թեև համայնքապետարանը հայտնում է, որ շատրվանը չի հանձնվել շահագործման, սակայն 2024թ. հուլիսի 27-ին Արմավիրի  համայնքապետարանը հայտարարել է շատրվանի բացման հանդիսավոր արարողության մասին: Միջոցառմանը ներկա էին այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Կառավարության ներկայացուցիչներ, մարզային կառույցների և համայնքների ղեկավարներ:

Կենտրոնական հրապարակի վերակառուցված շատրվանի բացման արարողության առթիվ համերգ էր կազմակերպվել: Այդ նպատակով Արմավիրի համայնքապետարանը պայմանագիր էր կնքել «Ռեինկարնացիա» ՍՊԸ-ի հետ, որի արժեքը եղել է 4 մլն 800 հազար դրամ:

Թե՛ 2024թ.-ին, թե՛ 2025թ.-ին շատրվանը գործել է: Արմավիրի համայնքապետարանը նույնիսկ արգելապատնեշներ է տեղադրել, որպեսզի քաղաքի գլխավոր շատրվանի աշխատանքի ժամանակ երթևեկության մասնակիցների և հետիոտների անվտանգությունն ապահովվի: Պարզվում է՝ այդ ամենը շահագործում չէ, ուղղակի փորձնական գործարկում է: Իսկ վարչապետի վկայակոչած նշաձողն այնքան էլ բարձր չէ, քանի որ շատրվանը դեռ պատշաճ չշահագործած` որակական խնդիրներ են ծագել։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...