Սբ. Հարության տոնը չի ջնջում անցյալը, բայց բացում է մի հեռանկար, որ մինչ այդ փակ էր թվում. Մակար Սրբազան

5 Ապրիլի, 2026

Սյունյաց թեմի առաջնորդ, Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ Մակար եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առիթով։

«Այս լուսավոր և օրհնյալ առավոտը գուցե շատերի համար սկսվել է սովորականի պես. արթնանալ, պատրաստվել, զբաղվել առօրյա գործերով, մտածել նրա մասին, թե ինչ է մեզ խոստանում օրը։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ այն ոչնչով չի տարբերվում մյուսներից: Բայց լինում են օրեր, որոնք արտաքուստ սովորական, իսկ ներքուստ էապես տարբերվող են, ներունակ ամբողջովին փոխելու մարդու տեսողությունն ու զգացողությունը կյանքի հանդեպ: Ա՛յս օրը հենց այդպիսիններից է։ Օր, երբ մեր սրտերը լցվում են անանց ուրախությամբ, քանզի կրկին ականատես ենք դառնում մեր փրկության մեծագույն խորհրդին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Օր, երբ այս խոսքը հնչում է ուրախության, վշտի, կորստի, սպասման մեջ գտնվող անհամար մարդկանց շուրթերով։ Օր, որ մեզ հիշեցնում է՝ չկան այնպիսի փակուղիներ, որոնցից ելք չկա, չկան այնպիսի անկումներ, որոնցից հետո վեր բարձրանալը հնարավոր չէ, և, վերջապես, որ մարդու մեջ կա մի զորություն, որն օգնում է ոտքի կանգնել, նորոգվել և շարունակել ճանապարհը: Եվ այդ զորության ներկայությունն է, որ այս օրը դարձնում է խորախորհուրդ։

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»…. Թեև այս ավետիսն ամեն անգամ հնչում է նույն կերպ, բայց այն յուրաքանչյուրիս մեջ արձագանքվում է յուրովի, յուրաքանչյուրիս սրտում բացվում նոր իմաստներով՝ իբրև ոչ միայն հիշեցում կատարված հրաշքի, այլև ապրվող իրականություն մարդու ներքին վերափոխման և նոր կյանքի հույսի։ Շատերս դա հասկանում ենք, երբ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ այլևս ոչինչ չի օգնում՝ ո՛չ խոսքը, ո՛չ ուժը, ո՛չ ծրագիրը։ Եվ հենց այդ պահին աննկատ սկսվում է մի այլ ընթացք։

Սբ. Հարության տոնն ա՛յդ ընթացքի մասին է։ Այն չի վերացնում կենսական դժվարությունները, չի ջնջում անցյալը, բայց բացում է մի հեռանկար, որ մինչ այդ փակ էր թվում։ Այն չի ստիպում, տալիս է հնարավորություն: Չի աղմկում, գործում է լուռ՝ մեր ներսում: Եվ այդ պատճառով է, որ այս ավետիսը չի հնանում։

Սիրելի՛ հավատացյալներ, մենք հաճախ սպասում ենք մեծ փոփոխությունների, մեծ նշանների, մինչդեռ երբեմն ամենակարևոր շրջադարձերը սկսվում են այլ տեղից՝ մեր իսկ ներսից՝ արտահայտվելով մեր մտածողության մեջ, ինքներս մեզ և ուրիշների հետ մեր հարաբերություններում, մեր ընտրություններում: Երբ, կանգնելով դժվարության, կորստի կամ անորոշության առջև, մենք չենք կործանվում ներսից, այլ գտնում ենք շարունակելու ուժ, հենց այդտեղ է սկսվում հարության ճանապարհը։ Եվ հենց այդպիսի շարունակության մեջ, երբ ոչինչ կարծես չի փոխվում, մենք իրականում սկսում ենք ապրել այլ կերպ՝ ավելի սթափ, ավելի վստահ, ավելի ուժեղ, հավատով ավելի լեցուն: Հարության լույսը հենց այդպե՛ս է գործում։

Ուստի, սիրելի՛ զավակներ, թող Սուրբ Հարության ավետիսը չմնա լոկ խոսք, այլ դառնա ապրող իրականություն ձեր առօրյա կենսագործունեության մեջ։ Թող այն զորացնի ձեզ դժվարությունների մեջ, ուղղորդի ձեզ կասկածների պահին և լուսավորի ձեր ճանապարհը, երբ ամեն ինչ մթագնած է թվում։ Թող ձեր ընտանիքներում հաստատվի խաղաղություն, ձեր սրտերում՝ վստահություն, և ձեր կյանքում՝ այն նորոգությունը, որ պարգևում է Հարության խորհուրդը:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»»,- ասվում է Սրբազանի ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...