Wizz Air-ը Բուդապեշտի օդանավակայանում պիջակը ինքնաթիռ տանելու համար 78 եվրո է պահանջել ուղևորից. «Ժողովուրդ»

13 Հունվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ Բուդապեշտի օդանավակայանում հունվարի 9-ին Wizz Air-ի ուղևորները բախվել են հրապարակային ճնշման և նվաստացուցիչ վերաբերմունքի. անգամ մի կնոջ արգելել են պիջակը հագնել, նստել ինքնաթիռ՝ դա համարելով ավելորդ ուղեբեռ, և պահանջելով վճարել դրա համար։

Ուղևորներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ ավիաընկերության/գետնային սպասարկման անձնակազմը կանգնեցրել է իրենց և վերջնագիր ներկայացրել՝ ձեր տոմսը միայն մեկ ուսապարկ տանելու համար է, ուստի ձեր ձեռքին ուրիշ ոչինչ չպետք է լինի, ապա պահանջել են կա՛մ վճարել 77.99 եվրո, կամ մնալ օդանավակայանում: Ուղևորների պնդմամբ՝ իրենց նաև սպառնացել են, որ չվճարելու դեպքում «կմնան թռիչքից դուրս»՝ օդանավակայանի միջանցքում:

Իսկ ինչն է խնդիրը. պարզվում է՝ Հայաստանից մարդիկ մեկ ուսապարկով և ձեռքի անձնական պայուսակով ամխոչընդոտ թռչել են նույն Wizz Air-ի ավիաչվերթով և որևէ խնդիր չի առաջացել, բայց հետ գալուց նույն ուսապարկը արգելել են ինքնաթիռ բարձրացնել:

«Ես Հայաստանից գնացի իմ ուսապարկով, ինձ որևէ մեկը չասաց, որ չափից մեծ է, ծանր է, անթուլատրելի է կամ որևէ այլ նախապայման: Ունեի տոմս, որ կարող եմ միայն ուսապարկ վերցնել հետս: Նույն ուսապարկով հետ գալուց աշխատակիցն ինձ ասաց, թե չեք կարող այն ինքնաթիռ բարձրացնել, վճարեք 77.99 եվրո: Իմ հարցին, թե ինչու, ասաց սարքի մեջ չի մտնում: Ասացի, որ նույն ուսապարկն է, որ Հայաստանում չի արգելվել հետս վերցնեմ, չէին լսում. կոպիտ, բռի, պահանջատիրական ասում էին. կամ վճարում եք, կամ մնում եք օդանավակայանում: Ստիպված վճարեցի, բայց անգամ կտրոն չտվեցին, որ հասկանամ ինչի համար էի վճարում»,- պատմեց ուղևորներից մեկը՝ դժգոհելով, որ ինքնաթիռի մեծ մասից կամայական գումարներ կորզեցին Wizz Air-ի աշխատակիցները: Նա հետ է եկել Հայաստան, նույն ուսապարկը դրել սարքի մեջ, նորմալ տեղավորվել է:

Մի տիկին՝ Ա.Պ.-ն, զավեշտալի միջադեպի մասին պատմեց. Wizz Air-ի աշխատակիցները արգելել են իր պիջակը հագնել (շորի տակից) և ինքնաթիռ անցնել: «Նախ ասացին, թե այն ձեռքի պայուսակը, որով ես Հայաստանից եկել էի, չեմ կարող հետս վերցնել, պետք է վճարեմ դրա համար 77.99 եվրո: Ես բարկացած հրաժարվեցի: Փորձում էի ձեռքիս պայուսակը տեղավորել իմ սահմանված պայուսակի մեջ, չէր ստացվում: Աշխատակիցները արգելեցին, որ ուղեկցող անձը ինձ օգնի. բոլորով կանգնած նայում էին, թե ինչպես եմ չարչարվում՝ տեղավորելու իրերս: Արդյունքում պիջակս մնաց ձեռքիս, չտեղավորվեց, փորձեցի հագնել վերարկուիս տակ, արգելեցին՝ պահանջելով այդ 1 պիջակի համար վճարել 77.99 եվրո: Խնդիր էին դրել բոլոր հայ ուղևորներից, ովքեր ճամպրուկով տոմս չէին վերցրել, խլել 78 եվրո: Ու այդ գործընթացը վերածվել էր հրապարակային նվաստացման՝ անձնակազմի և շրջապատողների ներկայությամբ։

Իմ հագուստը ինչպես կարող էին կամայականորեն դիտարկել որպես «ավելորդ իր» և դրա համար պահանջել վճարում. սպառնալ, որ կմնամ միջանցքում: Երիտասարդ այդ անձնակազմի հետ շփումը կոպիտ էր, ճնշող ու նվաստացուցիչ, ինչից բարկացած ասացի, որ գումար չունեմ, նվիրում եմ ձեզ պիջակս և առանց ոչինչ վճարելու անցա ինքնաթիռ: Լսեցի, որ մեկը մյուսին ասում էր, թե ձեռքի հեռախոսը նայի՝ ասում է փող չունեմ: Խնդիր էին դրել մեզանից գումարներ կորզել»,- պատմեց քաղաքացին։

Տիկինը մեզ պատմեց նաև, որ Զվարթնոց օդանավակայանում մոտեցել է Wizz Air-ի աշխատակցին: «4-րդ հարկի գրասենյակում մի երիտասարդ աղջիկ ծամելով ներս մտավ, ներկայացրեցի բողոքս, ասաց օնլայն գրեք, ես ձեզ չեմ կարող օգնել: Պահանջեցի մենեջերին կամ որևէ պատասխանատուի հրավիրել, ասաց որ ոչ ոք չկա, բարկացավ, որ իր ընդմիջումը խանգարեցինք և հեռացավ՝ ինձ թողնելով ապակիների մոտ կանգնած: Այսպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիներին»,- պատմեց տիկինը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շատ ուղևորներ արդեն պաշտոնական բողոք են ներկայացրել Wizz Air-ին՝ պահանջելով ներքին քննություն գրավոր պարզաբանում՝ ինչ կանոնակարգով է արգելվել նույն ուսապարկը կամ պիջակը կրել վերադարձին, ինչ հիմքով է արգելվել ուղեկցողի օգնությունը, ինչպես նաև պաշտոնական ներողություն և իրենց խլված պիջակի ու գումարի վերադարձ։

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ Քաղավիացիայից պարզաբանում պահանջեց. ինչպես է, որ Կառավարությունը ամեն տոմսի համար ՀՀ հպարտ հարկատուների հաշվին 20 հազար դրամ սուբսիդիա է տալիս Wizz Air-ին, որ էժան չվերթներ ապահովի, բայց Բուդապեշտում փաստացի թալանել են հայերին՝ ստիպելով 1 ուղեբեռի գին վճարել անգամ 1 պիջակի համար:

Կոմիտեից փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը Կոմիտեի գործառույթից դուրս է։ Իսկ Wizz Air ավիաընկերության հետ կապվել չհաջողվեց, քանի որ վերջինս Հայաստանում անգամ գրասենյակ չունեն։

Դիմեցինք նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը Wizz Air-ի պաշտոնական բացման ժապավենն էր կտրում. «Էկոնոմիկայի նախարարությունը ավիաընկերության գնային քաղաքականությանը խառնվելու որևէ իրավասություն չունի։ Գնային քաղաքականության կամ ծանուցումների հետ կապված պիտի դիմեք ավիաընկերությանը»,- նշեցին նախարարությունից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ևս հնչեց համանման պատասխան։

Ստացվում է, որ ժապավեն կտրելն ու սուբսիդիա տալը մտնում է նախարարների լիազորությունների մեջ, սակայն սեփական քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում տոտալ անգործություն է տիրում։

Այսպիսով, հունագարական ընկերությունը մի կողմից ՀՀ-ից սուբսիդիա է ստանում՝ էժան ավիատոմսեր ապահովելու համար, մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, նրանց վճարել է տալիս անգամ սահմանված 1 ուսապարկի համար: Սա միջազգային խայտառակություն է, որը ՀՀ Կառավարությունը չի կարող անհետևանք թողնել: «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի»։

Նմանատիպ նյութեր

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...