Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունը. «Հետք»

13 Նոյեմբերի, 2025

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ Հայաստանի քաղաքացիների համար, ըստ էության, նոր «հարկատեսակ» է ներդրվում՝ պարտադիր վճար։  

Ապահովագրության վերաբերյալ ծախսերը ներառվել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, սակայն ապահովագրության նախագիծը վերջնական ընդունվելու համար դեռևս պետք է արժանանա Ազգային ժողովի հավանությանը։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ նախագիծն ընդունվելու է։

Բազմաթիվ աշխատող քաղաքացիներ չգիտեն, թե իրենք ներկայում որքան հարկ կամ պարտադիր վճարներ են վճարում իրենց աշխատավարձից, քանի որ հիմնականում տեսնում են մաքուր՝ հարկված աշխատավարձը։ «Հետքը» փորձել է հասկանալ՝ ինչ բեռի մասին է խոսքը, և որքանով կնվազի քաղաքացիների աշխատավարձը, երբ դառնան առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի անդամ։

Եկամտային հարկ, կուտակային կենսաթոշակի վճար, «Զինապահի» վճարներ

Հայաստանում գրանցված աշխատող քաղաքացիները վճարում են երեք տեսակի հարկ և վճար՝ եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար։

Ամենածանր հարկատեսակը եկամտային հարկն է։ Հայաստանում եկամտային հարկը համահարթ է, և բոլոր աշխատող քաղաքացիները իրենց, այպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձի ուղիղ 20%-ը վճարում են պետությանը որպես եկամտային հարկ։

Օրինակ՝ ամսական 400 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է 80 հազար դրամ եկամտային հարկ։

Եթե քաղաքացին ծնվել է 1974 թվականին կամ դրանից հետո, ապա նա նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է։ Իր աշխատավարձի 5%-ը նա վճարում է ապագա կենսաթոշակի համար։ Դա կոչվում է սոցիալական վճար։

Այդպիսով, 400 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, եկամտային հարկից բացի, պետությանը ամսական վճարում է 20 հազար դրամ սոցիալական վճար։

Ի դեպ, ևս այդքան պետությունը բյուջեից է ավելացնում քաղաքացու կենսաթոշակային հաշվին։ Առհասարակ, սոցիալական վճարի դրույքաչափը կախված է աշխատավարձի չափից։ Եթե ամսական աշխատավարձը չի գերազանցում 500 000 դրամը, ապա սոցիալական վճարը 5% է։ Եթե գերազանցում է 500 000 դրամը, ապա վճարվում է դրա 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերության չափով։

Աշխատողն ազատվում է սոցվճարից, եթե ծնվել է 1974 թվականից առաջ կամ կամավոր չի միացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Այն պարտադիր է միայն նշված տարեթվին և դրանից հետո ծնվածների համար։

Աշխատողները նաև «Զինապահ» զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են գումար հատկացնում իրենց աշխատավարձից։ Դա ևս պարտադիր վճար է, կոչվում է դրոշմանիշային վճար։

Դրոշմանիշային վճարը եւս կախված է աշխատավարձի չափից։ Դրույքաչափերը հետևյալն են.

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի (աշխատավարձի) դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամի դեպքում՝ 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամի դեպքում՝ 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամի դեպքում՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելիի դեպքում՝ 15 000 դրամ

Մյուս հարկատեսակները, որոնց մասին հաճախ լսում ենք՝ ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, շրջանառության հարկ և այլն, նախատեսված են իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար։ Դրանք քաղաքացու աշխատավարձից չեն գանձվում։

Ընկերությունները և ԱՁ-ները գործում են տարբեր հարկային համակարգերում։ Այստեղ ևս հարկային տարբեր նրբություններ և բացառություններ կան։

Այսպիսով, աշխատող քաղաղաքին, որն իր 400 հազար դրամ կեղտոտ աշխատավարձից արդեն 80 հազար դրամ եկամտային հարկ է տվել և 20 հազար դրամ սոցիալական վճար, 5500 դրամ էլ կտա «Զինապահին»։

Նրա մաքուր աշխատավարձը կկազմի 294 500 դրամ։ 

Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագծով նախատեսվում է, որ ապահովագրության ներդրմանը զուգահեռ նվազելու են «Զինապահ» հիմնադրամին կատարվող փոխանցումները, ինչպես նաև՝ եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում։ Բայց սա առայժմ միայն 2026 թվականի համար է հստակ։ Չի բացառվում, որ քաղաքացիների հարկային բեռը նվազեցնելու այս պայմանները հաջորդ տարիներին չգործեն։

«Հետքին» տված հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ ի տարբերություն սոցիալական վճարի՝ կուտակային կենսաթոշակի վճարի, ապահովագրության վճարումների արդյունքը միանգամից է երևալու՝ վճարում ես և օգտվում առողջապահական ծառայությունների փաթեթից։

Տարեկան 129 600 դրամ՝ առողջության ապահովագրությանը. գումարն ամեն տարի կարող է փոխվել

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026 թվականին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է տարեկան 129 600 դրամ պարտադիր ապահովագրավճար կատարի։ Դա ամսական կազմում է 10 800 դրամ։

Ապահովագրավճարը և փաթեթը նույնական են բոլորի համար։

Ապահովագրավճարն իրականացնելու է հարկային գործակալը։ Այսինքն՝ դա կպահվի աշխատավարձից այնպես, ինչպես պահվում են եկամտային հարկը, սոցիալական վճարը և այլն։

Ըստ Առողջապահության նախարարության՝ ապահովագրության ներդրմանը զուգահեռ քաղաքացիներից գանձվող պարտադիր վճարներից երկուսի մասով նվազեցում է նախատեսվում։ Առաջինը դրոշմանիշային վճարներին է վերաբերում, երկրորդը՝ եկամտային հարկին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս այդ մասին գրառում է արել.

 

Սակայն, այստեղ խնդիրն այն է, որ այսօր էլ, առանց առողջության ապահովագրության ներդրման, քաղաքացիները հնարավորություն ունեն, հայտարարագիր լրացնելով, եկամտային հարկի որոշ մասը վերադարձնել (մինչև 100 հազար դրամ՝ առողջապահության և կրթության գծով միասին)։

Կամ, եթե նույն քաղաքացին արդեն իսկ օգտվում է հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտային հարկի վերադարձի ծրագրից, հաշվի առնելով աշխատավարձի այս շեմը, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ամբողջությամբ հետ է ստանում իր եկամտային հարկը։ Դա նշանակում է, որ ապահովագրության շրջանակներում վերադարձի ենթակա եկամտային հարկ այլևս չի ունենա։

Այստեղ կարևոր է կրկին շեշտել, որ խոսքն առայժմ միայն 2026 թվականի մասին է։ Այս նվազեցումները կկիրառվեն, քանի որ ապահովագրության ներդրման համար 2026-ը համարվում է անցումային։ Ի՞նչ կլինի 2027 թվականից հետո, հայտնի չէ։ Առողջապահության նախարությունն էլ դեռևս չի հստակեցնում։ Ավելին՝ չի բացառվում, որ գալիք տարիներին այդ գումարներն աճեն։ 

Ի սկզբանե, ինչպես նշված էր e-draft-ում ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, 2026-2027 թվականների համար ապահովագրավճարի տարեկան չափն առաջարկվում է սահմանել 129 600 դրամ, իսկ 2028 թվականից՝ 164 400 դրամ։ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ 164 400 դրամը հանվում է նախագծից։ Թե գալիք տարիներին տարեկան որքան ապահովագրավճար կսահմանվի, չի հայտարարվում. Կառավարությունը դեռևս պետք է քննարկի դա։

Թե ինչ հաշվարկների հիման վրա է պետությունը որոշել կրճատել «Զինապահին» ուղղվող վճարները, չի հանրայնացվում։ Ո՛չ «Զինապահ» հիմնադրամը, ո՛չ  Առողջապահության նախարարությունը մեզ չեն տվել այդ հաշվարկները։ Փոխարենը վստահեցրել են՝ «Զինապահի» շահառուները ոչ մի դեպքում չեն տուժի։

Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության նախարարության՝ 2026 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պարտադիր մասնակիցներ կդառնան 200 001 դրամ և ավելի աշխատավարձ (հարկերը ներառյալ) ստացող քաղաքացիները։ Նրանք կվճարեն ապահովագրության համար։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...