Հայաստանը ուղղակի որոշեց չհարգել միջազգային տրիբունալի որոշումը և առաջնորդվել իր պլաններով․ Արա Ղազարյան

7 Օգոստոսի, 2025

ՀԷՑ-ի շուրջ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շուրջ իրավիճակը նոր չէ։ Դեռ նույնն էր իրավիճակը 2007 թվականին, երբ Եվրոպական դատարանը իր առաջին վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի, նույնն էր 2008-ին, երբ «Ա1+»-ի վճիռը կայացվեց, հետո Արտադրության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ որոշումն էր ու բազմաթիվ այլ դեպքեր։ Երբ պետությունը ցանկություն չունի վճիռը կամ որոշումը կատարելու՝ սկսում է մեկնաբանել այն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Արդյունքում, կառավարությունը սկսում է հղում կատարել իր ներպետական օրենքներին կամ ինչ-ինչ չեղած միջազգային սկզբունքներին, թե իբր այդ որոշումը մենք պարտավոր չենք կատարել, մինչդեռ ճշմարտությունը մեկն է. եթե դու ընդունել ես այդ դատարանի իրավասությունը որևէ կոնվենցիայով, ապա միջազգային տրիբունալի որոշումը պարտադիր է կատարման համար, վերջ։ Որևէ այլ մեկնաբանություն անտեղի է»,– ասաց նա՝ ընդգծելով, որ չնայած դրան, պետությունները մանևրելու լայն դաշտ ունեն։

Իրավաբանն ընդգծեց, որ մանևրելու օրինակները շատ են։ «Կարող ենք առանձնացնել Իսրայելի օրինակը՝ Երուսաղեմի պատի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը։ Պետք է հասկանալ, որ խոսում ենք սուվերեն պետության մասին․ իշխանությունն ուղղակի ասաց՝ ես չեմ կատարելու այդ որոշումը և սարքելու եմ պատը։ Ուզում եմ ասել՝ օրինակները շատ են․ պետությունները, եթե ուզենան, կարող են չկատարել որոշումները, բայց իրավաբանորեն այդ որոշումները պարտադիր են․ դրանք պետք է հարգել ու կատարել՝ անկախ նրանից դա վերջնական դատական ակտ է, թե նախնական, թե միջանկյալ։ Տվյալ դեպքում դա միջանկյալ որոշում է, որը պարտադիր է կատարման համար»։

Դիտարկմանը, թե ակնհայտ է, որ իշխանությունները ոչ միայն չեն կատարում, այլ բավական ակտիվորեն իրականացվում է ՀԷՑ-ի ՔՊ-ականացումը, քանի որ օր օրի տեսնում ենք, որ նոր նշանակումներ են կատարվում, ու, ընդ որում, նշանակվելու պարտադիր պայմանը հենց ՔՊ-ական լինելն է, ուստի ի՞նչ ռեսուրս ունի սեփականատերը իր իրավունքների ոտնահարումը կասեցնելու համար՝ Ղազարյանն ասաց, որ ուղղակի պետք է շարունակի դատական քննությունը և հասնի վերջնական դատական ակտի կայացմանը, որի դեպքում, եթե պետությունը պարտվեց, ոչ թե առաջարկեց հաշտություն, ապա, կախված դատարանի որոշումից, պետությունը պետք է կատարի դատարանի որոշումը։

«ՀԷՑ-ը կամ Սամվել Կարապետյանը պետք է իրավական գործընթացով առաջնորդվեն՝ շարունակելով ատյանում քննությունը։ Այն, որ Հայաստանը որոշեց չհարգել կայացված դատական ակտը, իր վրա ռիսկ վերցրեց՝ իրավական գործընթացի ռիսկ։ Այստեղ նաև քաղաքական ռիսկեր կան։ Օրինակ՝ կազդի՞, թե՞ ոչ Հայաստանի վրա հետագա ներդրումների կամ Հայաստանի վարկանիշի վրա։ Բայց Հայաստանը ուղղակի որոշեց չհարգել միջազգային տրիբունալի որոշումը և առաջնորդվել իր պլաններով։ Բնականաբար, սա ձևավորելու է որոշակի կարծիք դատավորների մոտ Հայաստանի վերաբերյալ։ Բնականաբար, Հայաստանի կառավարության այդ քայլը ազդելու է ամբողջական գործի քննության վրա՝ ի շահ հայցվորների, դիմատուների, որովհետև դատավորները չեն սիրում, երբ դատավարության մասնակիցը չի ենթարկվում դատարանի հրահանգներին։ Սա կարող է էլ ավելի մեծացնել Հայաստանի պարտության հավանականությունը»։

Ղազարյանը կարծում է, որ ի վերջո Հայաստանը կառաջարկի հաշտություն, որը կլորիկ գումար կարժենա երկրի բյուջեի վրա։

«Ի վերջո, եթե գույք է խլվում, ապա պետք է անպայման փոխհատուցում տալ։ Ընդ որում՝ կարծեմ հայտարարություն հնչել է, որ չեն պատրաստվում փոխհատուցում չտալ։ Այսինքն՝ Հայաստանը որոշել է գույքը խլել, տալ մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի՝ գույքի սեփականատերերին փոխհատուցում տրամադրելով։ Միայն թե դրա համար պետք է ներկայացնի, թե որն է հանրային շահը, ինչ հիմքով է դա անում։ Մենք այդպես էլ չհասկացանք՝ այդ հանրային շահն այս դեպքում որն է․ դրա վերաբերյալ քննարկումներ կա՞ն, եղե՞լ են, արդյո՞ք հասարակական սուր պահանջ կա, թե կուսակցությունը կամ քաղաքական մեծամասնությունը ուղղակի է կայացրել, որ ժամանակն է փոխել սեփականատիրոջը»։

Նրա դիտարկմամբ՝ այն հիմնավորումը, որ ներկայացվում է՝ խոսքն անջատումների մասին է, չէր կարող հանրային իսկապես սուր անհրաժեշտություն առաջացրած լինել օպերատորին փոխելու համար։ «Դրա վերաբերյալ տարիներով պետք է քննարկում լիներ հասարակության մեջ, և դա պետք է ինքնաբուխ լիներ, ոչ թե մի օր հանկարծ գործադիրը հրահանգեր, և բոլորը հասկանային, որ փաստորեն խնդիր կա։ Իսկ նման խնդիր կա բոլոր ոլորտներում»։

Նմանատիպ նյութեր

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...