Թոմ Բարաք. Թրամփի ընկերը, «օտար գործակալը»  և PSG-ի նախկին տերը․ mediamax

17 Հուլիսի, 2025

MediaMax-ը գրում է․

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել է, որ Միացյալ Նահանգները առաջարկում է Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Պատմում ենք Թոմ Բարաքի մասին, որը 40 տարվա ընթացքում տարբեր գործարքներ է կյանքի կոչել Դոնալդ Թրամփի համար:

  1.   Ո՞վ է Թոմ Բարաքը:

Թոմաս Ջոզեֆ Բարաք-կրտսերը ծնվել է 1947 թվականի ապրիլի 28-ին Կալիֆոռնիայի Կալվեր Սիթի քաղաքում քրիստոնյա լիբանանցի ներգաղթյալների ընտանիքում:

1969 թվականին նա բակալավրի աստիճան է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանից (USC): Ուսման տարիներին խաղացել է համալսարանի ռեգբիի թիմում:

Նրա առաջին աշխատանքը Հերբերտ Կալմբախի իրավաբանական գրասենյակում էր, որը ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի անձնական իրավաբանն էր:

  1.   Երբ է սկսվել Թոմ Բարաքի ներգրավումը Միջին Արևելքում:

1972 թվականին նա մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ դարձավ սաուդյան արքայազնի սկվոշ խաղի զուգընկերը: Այս ծանոթության շնորհիվ Բարաքը սկսեց կապեր հաստատել Մերձավոր Արևելքում:

  1.   Արդյո՞ք Թոմ Բարաքն առաջին անգամ է պետական պաշտոն զբաղեցնում:

Ոչ՝ 1982 թվականին նշանակվել էր ԱՄՆ ներքին գործերի փոխնախարար Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում:

  1.   Ե՞րբ է Թոմ Բարաքը ծանոթացել Դոնալդ Թրամփի հետ:

Նա առաջին անգամ Դոնալդ Թրամփի հետ գործ է ունեցել 1985 թվականին՝ վերջինիս վաճառելով Alexander’s խանութների ցանցի բաժնետոմսերի 20 տոկոսը:

1988 թվականին Թրամփը Բարաքին 410 միլիոն դոլար վճարեց Նյու Յորքի հռչակավոր Plaza հյուրանոցի համար: Թրամփը հետագայում խոստովանել էր, որ գինը չափազանց բարձր էր, սակայն ինքը շատ էր ցանկանում դառնալ Plaza-ի սեփականատերը:

Իսկ Բարաքն այդ գործարքի ընթացքն այսպես էր նկարագրել. «Ես երիտասարդ շնիկ էի, իսկ նա այն ժամանակ արդեն մեծ տղա էր Նյու Յորքում»:

«Այդ գործարքից հետո մենք հիանալի անձնական բարեկամություն ստեղծեցինք: Մեր կյանքերը կարծես նույն ճանապարհով էին ընթանում: Երկուսս էլ ամուսնալուծվեցինք, երկուսս էլ նույն տարիքի երեխաներ ունեցանք, հետո երկուսս էլ նորից ամուսնացանք և տարբեր գործարքներ արեցինք միասին», — պատմել էր գործարարը:

2022 թվականի դատավարության ժամանակ պատասխանելով Թրամփի հետ իր հարաբերությունների մասին հարցին՝ Բարաքն ասել էր.

«Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է, ուստի հիմա ակտիվ ընկերական կապեր պահպանելը որոշակիորեն ավելի բարդ է դարձել: Բայց ես նրան մոտ ընկեր եմ համարում»:

5.    Ինչպես է Բարաքը օգնել Թրամփին և նրա փեսային:

1994 թվականին, երբ Թրամփը ֆինանսական դժվարություններ ուներ, Chase Manhattan Bank-ը Բարաքին հրավիրեց օգնելու համար, որովհետև նա «միակ մարդն էր, որը երբևէ կարողացել էր լիարժեք գործ ունենալ Դոնալդի հետ»:

Բարաքը օգնեց կանխել Թրամփի ունեցվածքի բռնագանձումը և ապահովեց սաուդյան թագավորական ընտանիքի աջակցությունը, սակայն Թրամփն ի վերջո ներդրողներ ներգրավվեց Հոնկոնգից:

2010 թվականին Թոմ Բարաքը գնեց Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների 70 միլիոն դոլարի պարտքը՝ օգնելով նրան խուսափել սնանկացումից:

6.    Ի՞նչպես են Բարաքը ու Թրամփը առնչվել քաղաքական գործընթացներում:

Թոմ Բարաքը Թրամփի 2016 թվականի նախագահական ընտրարշավի ավագ խորհրդատուն էր նրա ինագուրացիոն հանձնաժողովի նախագահը՝ հավաքագրելով ռեկորդային 107 միլիոն դոլար:

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Թոմ Բարաքին առաջադրեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրա թեկնածությունը ԱՄՆ Սենատի կողմից հաստատվեց 60 «կողմ», 36 «դեմ» հարաբերակցությամբ 2025 թվականի ապրիլի 29-ին:

2025 թվականի մայիսի 23-ին Թոմ Բարաքը նշանակվեց նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սիրիայի հարցերով:

  1.   Ի՞նչի համար էր մեղադրվում Թոմ Բարաքը:

2021 թվականի հուլիսին Թոմ Բարաքին մեղադրանք ներկայացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների ԱՄՆ-ում չգրանցված օտար գործակալի գործունեություն վարելու, արդարադատության խարխլման և Հետաքննությունների դաշնային բյուրոյին սուտ տեղեկություններ հաղորդելու համար:

Նա բանտից ազատ արձակվեց ռեկորդային 250 միլիոն դոլար գրավի դիմաց՝ GPS վերահսկողությամբ և ճանապարհորդելու արգելանքով:

2022 թվականի նոյեմբերի 4-ին՝ 7 շաբաթ տևած դատական գործընթացից հետո, Թոմ Բարաքն արդարացվեց ատենակալների կողմից:

  1.   Արտասահմանյան ի՞նչ պետական պարգև ունի Բարաքը:

2010 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան շնորհեց Պատվո լեգիոնի ասպետի կոչում՝ ֆրանսիական բիզնեսի և ֆինանսների ոլորտում ներդրման համար:

  1.   Ի՞նչ առնչություն ունի Բարաքը Մայքլ Ջեքսոնի և PSG-ի հետ:

2008 թվականին Բարաքի Colony Capital ընկերությունը գնեց Մայքլ Ջեքսոնի Neverland ռանչոյի 22,5 միլիոն դոլարի ժամկետանց վարկը՝ փրկելով գույքը բռնագանձումից:

2012 թվականին Բարաքը «Պարի Սեն Ժերմեն» (PSG) ֆուտբոլային ակումբը վաճառեց Քատարի ներդրումային հիմնարկությանը:

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն...

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։ «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։...

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...