Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»

17 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած որ Եվրոպան միջազգային ասպարեզում իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ռահվիրա, այնուամենայնիվ, ռեալ իրականության պարագայում այնպիսի դեպքերի ենք առնչվում, որ եվրոպական համայնքը ոչ միայն լռություն է պահպանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների պարագայում, այլև իր անգործությամբ խրախուսում է դրանք։

Այդպիսի իրավիճակ ունեցանք, երբ Ադրբեջանը մի քանի էտապով ագրեսիվ հարձակումներ սկսեց Արցախի նկատմամբ՝ հասնելով ընդհուպ մինչև հայաթափման։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններն ուղղակի աչքի զարնող են, քանի որ դրանք կոնկրետ փաստերով առկա են։ Ադրբեջանական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում, որ հայկական կողմը հետ վերցնի միջազգային դատական ատյաններում իր ներկայացրած հայցերը, որպեսզի հանցագործությունների մասին աղաղակող փաստերը ջրի երես դուրս չգան։

Նույնիսկ այս պարագայում եվրոպական երկրներն ու կառույցները մի քանի դեկլարատիվ հայտարարություններից բացի ոչինչ չարեցին։ Եվրոպացիների լուռ հայացքի ներքո Արցախից մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ենթարկվեց։ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, Եվրոպայից նորից ոչինչ չձեռնարկեցին Հայաստանին աջակցելու ուղղությամբ։ Ու այդպես՝ մինչև հիմա եվրոպական համայանքը՝ ի դեմս ԵՄ-ի, ամբողջությամբ աչք է փակում Ադրբեջան պետության կողմից հանցագործությունների իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների կոնցեպտների ոտնահարման վրա։

Ու այս պարագայում մի փոքր զավեշտալի է թվում, որ Փաշինյանի՝ Բրյուսել այցելության կոնտեքստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, թե իրենք աջակցում են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հենց այստեղ է, որ ծագում է հետևյալ հարցը. բա որ Ադրբեջանից ու Թուրքիայից հայտարարում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պիտի բացվի, որը լինելու է արտատարածքային սկզբունքով, այսինքն՝ խախտվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ ԵՄ-ից երբևէ մի կես բերան չեն հայտարարում, թե նման արտատարածքային միջանցքն իրենց համար անընդունելի է։

Միգուցե «գաղտնիքը» այլ տեղում է՝ ԵՄում ՀՀ ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության թուլացո՞ւմ։ Բայց Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը դեռևս չի նշանակում, որ մեր երկիրը դրանից շատ ավելի ինքնիշխան է դառնում։

Հաջորդը. եթե Եվրամիությունում այդքան շահագրգռված են, որ Հայաստանն իր հարաբերությունները դիվերսիֆիկացնի, ավելի ստույգ՝ կտրվի Ռուսաստանից, ինչո՞ւ եվրոպական համայնքը պայմաններ չի ստեղծում, որ հայկական արտադրանքն ու ապրանքներն արտահանվեն դեպի Եվրոպա։ Մի ժամանակ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+), որը նախատեսում է մաքսային արտոնություններ, գործում էր նաև Հայաստանի համար. այն ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2022 թվականից սկսած այս արտոնյալ ռեժիմն այլևս չի գործում։ Հայաստանի համար նոր արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու որևէ նախաձեռնություն չկա։ Ու այս ֆոնին պատահական չէ, որ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը չնչին է՝ ի համեմատ առկա մեծ հնարավորությունների։

Իսկ այս պայմաններում մեծանում է Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ՝ ավելի խորացնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ում 2021 թվականից սկսած խոսում են Հայաստանին գումարներ տալու մասին։ Բայց ինչպես չորս տարի առաջ էին հայտարարում 270 մլն եվրո տրանադրելու և հատկացվելիք գումարները մինչև 2,5 մլրդ եվրոյի հասցնելու մասին, այնպես էլ հիմա են շարունակում հայտարարել։ Թերևս 4 տարի հետո ևս նույն գումարների մասին կհայտարարեն։ Եթե ԵՄ-ում իսկապես մտածում են Հայաստանում կյանքի որակի բարելավման և բարեփոխումների մասին, ապա գոնե այդ գումարի մի առյուծի բաժինը պիտի տված լինեին։ Չէ՞ որ Հայաստանը բազմաթիվ սուր խնդիրներ ունի, այդ թվում՝ արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ մեծ զրկանքներ են կրել և զրկվել են իրենց ունեցվածքից։

Չնայած, այստեղ շատ մեծ հարցական է՝ եթե իրոք որոշ գումարներ տրամադրեն, արդյոք դրանք կծառայեցվեն Հայաստանի դիմադրողականությա՞նը, թե՞ իշխող քաղաքական ուժի շահերին ու հակառուսական քարոզչություն իրականացնելու աստառի ներքո կփոշիացվեն։

Մյուս կողմից էլ՝ չեղավ մի դեպք, երբ ԵՄ-ն Հայաստանին լրջորեն աջակցի արտադրության կազմակերպման ու հայկական ապրանքների մրցունակության ապահովման համար։ Այնինչ, դրա կարիքը Հայաստանը շատ ունի։ Դրա փոխարեն մեծ աժիոտաժ է ստեղծվում վիզաների ազատականացման թեմայի շուրջ։ Իհարկե, վիզաների ազատականացումը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա որոշակի ժամանակ ու ռեսուրսներ խնայել, բայց տնտեսական առումով Հայաստանի զարգացմանը ոչինչ չի տալու։ Էլ չենք խոսում այն մասին, որ դրանք զուտ խոսակցություններ են, և դրանց ուղղությամբ շոշափելի որևէ քայլ չի էլ արվել:

Մի խոսքով՝ տպավորություն է, որ միայն փիառի հետ գործ ունենք։ Առավել ևս, որ Հայաստանում որոշում է ընդունվել ԵՄ անդամակցության ուղղություն ընտրելու վերաբերյալ, իսկ ԵՄ-ից որևէ ձայն չկա՝ արդյոք իրենք պատրա՞ստ են ընդունել Հայաստանին իրենց կազմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քնչական կոմիտեից։ Նշենք, որ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս 2 ամսով կալանավորվել էր: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների...

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։ Սրանք մարդիկ են,...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida»...

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...