Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ

11 Հուլիսի, 2025

Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Եկեղեցականաց դասը նախ Մայր Տաճարում մասնակցել է Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովը սկսեց իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակված է փոխարինելու Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ որպես քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ։

Այնուհետև ժողովական եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընդգծելով, որ հունիսի 27-ին ծրագրված հավաքը հնարավոր չեղավ անցկացնել ուժային կառույցների ներկայացուցիչների՝ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնարկած անընդունելի գործողությունների պատճառով։

Նորին Սրբությունը նշել է, որ քահանայից հավաքը առիթ է խորհրդածելու ազգային-եկեղեցական կյանքում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև Եկեղեցու շուրջ վերջին մտահոգիչ զարգացումների, եկեղեցականաց դեմ իրականացվող հարձակումների և երկու Սրբազանների ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։

«Ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականներս կոչված ենք ոչ միայն հոգեփրկչական մեր առաքելությունը իրականացնելու, այլև, ցավալիորեն, դիմագրավելու հակաեկեղեցական հարձակումները: Սակայն մենք հավատքով ու ոգով ամուր ենք մնում՝ համաձայն սուրբգրային խոսքի. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում» (Հռ. 5.3-5)։

Սիրելի հոգևոր հայրեր, աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները լուրջ խնդիրների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին: Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ: Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն Եկեղեցին», — ասել է Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ այդ ամենի մասին են վկայում վերջին տարիներին Եկեղեցու առաքելության համար տարբեր ոլորտներում հարուցված խոչընդոտներն ու արհեստական դժվարությունները:

Նորին Սրբությունը նշել է, որ հակաեկեղեցական այս արշավը, որը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը, մեր ժողովրդի միասնականությանը, հարված՝ մեր երկրի և Հայոց Եկեղեցու բարի համբավին։

Անդրադառնալով նաև անցնող օրերին իշխանության կողմից եկեղեցականաց միասնականությունը խաթարելու և միմյանց դեմ տրամադրելու քայլերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն արձանագրել է․ «Մեր Սուրբ Եկեղեցում ողջամտությունը, եղբայրական ոգին, միաբանությունը գերակա են, քանզի կոփված են դարերի ընթացքում և ուժ են առնում մեր բազմադարյա պատմությունից ու փորձառությունից։ Այս բարձր գիտակցությամբ են մեր Սուրբ Եկեղեցու սպասավորները դիմագրավել ու դիմագրավում փորձությունները՝ յուրաքանչյուրն ըստ իր շնորհի և կարողության ծառայելով Աստծուն, ազգին ու հայրենիքին»։

Ըստ Նորին Սրբության՝ Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին։

Վեհափառ Հայրապետը հորդորել է եկեղեցականներին անվհատ ու ամուր մնալ իրենց ծառայության մեջ, առավել զորացնել հավատացելոց հոգևոր խնամքն ու աղոթական կյանքը, գոտեպնդել մեր ժողովրդին հավատով, հույսով ու սիրով՝ զերծ պահելու պառակտումներից․ «Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ՝ թույլ չտալով Եկեղեցու հասցեին վիրավորանք և չարախոսություն։ Մի վարանեք սադրիչ հարձակումներին պատասխանել ճշմարտությամբ, արիությամբ ու սիրով։ Անհրաժեշտ աշխատանք տարեք, որպեսզի ժողովրդի մեջ պատշաճ կերպով ընկալվեն հակաեկեղեցական ընթացքների բուն դրդապատճառները։ Թույլ չտանք, որ մերժելի այս երևույթները, տարատեսակ մոլորեցնող հրապարակումներն ու հայտարարությունները որևէ կերպ թյուրընկալումների տեղիք տան՝ տկարացնելով մեր ազգն ու Եկեղեցին։ Միշտ գիտակցենք, որ բոլոր հայորդիները մեր հոգևոր զավակներն են և սիրով խրատենք ու ճիշտ ճանապարհի ուղղորդենք նրանց»։

Հավաքի առիթով Հայոց Հայրապետը վերստին իր բարձր գնահատանքն է բերել ներկաներին՝ Աստծո և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական ջերմ նվիրումի, հավատարմությամբ և նախանձախնդրությամբ ծառայության համար՝ Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն մեր երկրին ու համայն աշխարհին, ապահովություն ու անվտանգություն՝ մեր պետությանը, համերաշխություն ու միաբանություն՝ մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս:

Ապա Ժողովի ընթացքում եկեղեցի-պետություն հարաբերությունների, իշխանությունների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի, մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել  Մայր Աթոռի Դիվանատան եկեղեցական ժողովական կառույցների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մովսես քահանա Սահակյանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը։

Զեկույցների շուրջ ծավալվել են քննարկումներ, որի ընթացքում եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները և հանդես եկան հայտարարությամբ:

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցել է Երեկոյան ժամերգությանը:

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...