«Չի կարող իմ եղբայրը լինել»․ ամուսնացյալ քահանաները պատասխանել են Փաշինյանին

30 Հունիսի, 2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանաները պատասխանել են Փաշինյանի՝ «բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են» հայտարարությանը։

Տեր Գարեգին քահանա Սարգսյանը գրել է․ «Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ։

Իմ հոգևոր ընտանիքն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և իմ Հոգևոր Հայրն է՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ով մերժում է սրբությունները, պատմական արդարությունը և ազգիս հոգևոր սպասավորներին, չի կարող լինել իմ եղբայրը Քրիստոսով»։

Տեր Փառեն քահանա Պետրոսյանը ևս արձագանքել է՝ նշելով․ « «․․․ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մատթ․ 12։50)

Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Մի անձ, ով կարող է գործել հայի ինքնության դեմ, կարող է թիրախավորել ազգային Եկեղեցին, ով կարող է ուրանալ իր սրբություններն ու հողը հայրենի, ով կարող է խաբել, ստել ու կեղծել հայ ժողովրդին, մերժել դարավոր պատմությունն ու իր պապերի կերտած ինքնության ճանապարհը, ով կարող է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը, Արցախը համարել օտարինը, ոտնձգություններ կատարել հոգևորականների դեմ, նա չի կարող իմ եղբայրը լինել»։

Հայտարարությանն անդրադարձել է նաև Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ գրելով․ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։

Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն և կապի հաստատման փորձ։ Սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն։
Մեր հոգևոր ընտանիքի գլուխը, Եկեղեցու սահմանված կարգով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաց դասը մեր հովվապետական առաջնորդությունն է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհով հաստատված։ Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս։
Հետևաբար, անհնար է սիրել մեկ անդամին և մերժել Մարմնի գլուխն ու սյուները։
Որպես ծառա Տիրոջ մեջ՝ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը։ Եթե իմ հավատը և նվիրումը հարգանքի են արժանանում, ապա նույնը պարտադիր կերպով վերաբերում է նաև Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ ու ձեռնադրությամբ է յուրաքանչյուր քահանա իր գոտին կապել։
Խնդրում եմ՝ եթե իսկապես եղբայրական մոտեցում ունեք ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ապա ձեր խոսքը թող համընկնի ձեր գործերի հետ, և դադարեցվի այն պետական քաղաքականությունը, որը սանձազերծել է արշավ Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսաց դասի դեմ։
Աղոթում եմ, որ ճշմարտության լույսը հաղթի մոլորության խավարին։

»

Նմանատիպ նյութեր

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին...

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։ Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ...

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է...

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Դուք «բուդկի պաշտպաններ եք», Շինարարների փողոցում ասել է Աջափնյակի թաղապետը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։ Լարված իրավիճակ է ստեղծվել Աջափնյակում, որտեղ քաղաքապետարանը ապամոնտաժում է կրպակները։ «Քաղաքապետարանը, ջեբկիրի տրամաբանությամբ, գիշերով ուզում է մարդկանց եղածը...