Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն Մելիքյան

22 Ապրիլի, 2025

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։

Նրանք

Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է…

«Մերոնք»

Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։

Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։

Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։

Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...