Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող ․ Սերժ Սարգսյան

15 Ապրիլի, 2025

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.

«Աշխարհաքաղաքական զարգացումները,  մեր շուրջը տեղի ունեցող սարսափելի պատերազմներն ու պարտադրված օտար արժեքների դեմ ազգերի անհաշտ պայքարը հերթական անգամ ապացուցում են, որ  ազգայինը համամարդկային է,  պահպանողականությունն արդիական է, արարչականը իրականն է։ Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող երբևէ գոյություն ունեցած ազգ և պետություն:

Խաղաղության շղարշի տակ թաքնված՝ գաղտնի բովանդակությամբ կասկածելի բանակցությունների հետևանք պայմանագրից հիմա էլ համաձայնագիր դարձած թղթի վերաբերյալ մեր կուսակցության Գործադիր մարմինը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնել է՝ արվել է հրապարակային հայտարարություն: Կրկնելու հարկ չկա: Միայն հավելեմ, որ «խաղաղության համաձայնագիր»  բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող  և իրականությունից հեռու։  Չմոռանանք նաև, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ և քայլ առ քայլ  իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։

Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։  Ակնհայտ է, որ այս  գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն:

Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Սա ստի հանճարեղ օրինակ է: Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին Արցախը: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց  ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով:

Բայց դա ոչինչ, կարևորը, այսպես ասած, «խաղաղությունն» է: Հանգիստ ապրեք, սիրելի՛ հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները «հանուն խաղաղության» չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա: Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք: Դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է:

Պատերազմով մարդկանց վախեցնելով, մեր երկիրն իրենը համարող թշնամու հետ առևտուր անելու, ճանապարհներ բացելու, բարեկեցությունը բարձրացնելու  սուտ խոստումներով արդարացնում են հերթական դավաճանությունը: Ես չեմ հավատում, որ այս պայմաններում տնտեսական կապերը և առևտուրը խաղաղ  համակեցության երաշխիքներ են։ Այդպես կարող են մտածել միայն մարդկության պատմությանը և ներկա համաշխարհային վիճակին անծանոթ մարդիկ։  Օրինակ, Միացյալ Թագավորությունը դուրս եկավ ԵՄ-ից՝ անտեսելով տնտեսական շահերը և հնարավոր կորուստները։

Նույն Միացյալ Թագավորությունում Շոտլանդիայի անկախացման մղումներն ուժեղ են՝ չնայած Լոնդոնի հետ տնտեսական կապերին։ Բելգիայի ներսում Ֆլանդրիան ունի անջատողական  ուժեղ միտումներ, թեպետ փաստացի ԵՄ-ի սրտում է։ Կամ դիտարկենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող լարվածությունը, թեև այդ զույգն է համաշխարհային տնտեսության առաջատարը և ամենափոխկապակցվածը։ Հետևությունները թողնում եմ մեր ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն...

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։ «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։...

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...