Միայն 2024 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, իսկ վիրավորվել՝ 6116-ը։ Այս վիճակագրական տվյալները հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներին նվիրված լսումների ժամանակ։
Լսումները նախաձեռնել էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը։ Խաչատրյանը ընդգծեց՝ գործ ունենք բացառիկ կարևորություն ունեցող ոլորտի հետ։
Նա ներկայացրեց նաև 2025 թվականի հունվար–փետրվար ամիսների նախնական տվյալները, ըստ որոնց՝ այդ ժամանակահատվածում գրանցվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60 մարդ, իսկ 1391-ը վիրավորվել են։
Խաչատրյանն ընդգծեց, որ եթե անգամ շատ կոպիտ հաշվարկ կատարենք, ապա ստացվում է, որ 10 տարվա ընթացքում, Հայաստանի նման 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում, խաղաղ պայմաններում գրանցվում է 3600-ից ավելի զոհ, մոտ 70,000 վիրավոր։ Այդ վիրավորներից մոտ 2,000–3,000-ը դառնում են ցմահ հաշմանդամ։
Նա հավելեց, որ այս թվերում ներառված չեն այն պատահարները, որոնց դեպքում եղել է միայն գույքային վնաս՝ առանց զոհերի կամ վիրավորների։