Ստամբուլում՝ Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում Բոսֆորի ափին գտնվող Առնավուտկոյ շրջանում՝ ԱԳՆ ներկայացուցիչներից կազմված ռուսական պատվիրակության ժամանումից հետո։ Ինչպես գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը, բանակցությունները կարող են տևել առնվազն հինգ ժամ։
Ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտարարելով հանդիպման մասին, հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող են երկու կողմերը շարժվել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, բանակցություններում չեն քննարկվելու քաղաքական կամ անվտանգության հարցեր, և Ուկրաինան նույնպես հանդիպման թեմա չի լինի։