Գյուղատնտես Հարություն Մնացականյանը գրում է. «Մի շատ վատ ինֆորմացիա է հասել ինձ, հիմա ուզում եմ հանրային ձևով ճշտել ու քանի դեռ , ըստ օդում կախված լուրերի, էդ շրջանառվող նախագիծը չի ընդունվել, հնարավորինս հակազդել ու բացատրություն պահանջել։ Լսել եմ, որ նախագիծ է շրջանառում` փակելու համար անասնաբուժական մարզային լաբորատորիաները։
Մենք բոլորս գիտենք, որ անասնապահության վիճակը տարեցտարի վատանում է, իսկ պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն, ըստ օդում կախված լուրերի, մի բան էլ փորձում է ոչնչացնել ենթակառուցվածքները: Բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից` օր-օրի շատացող հիվանդությունների պատճառով:
Խոզերի անկման դեպքերը արդեն վաղուց տարածվել են բոլոր մարզերում: Տարբեր հիվանդություններ են արձանագրվում, չենք խոսում, որ արտահանմանը չխոչընդոտենք, բայց դրանից հիվանդությունը չի վերանում: Գյուղացին է մնում մենակ, որովհետև շատ հիվանդությունների պատասխան չեն տալիս, որ փոխհատուցում չտան: Ու այս պատկերի վրա, հիմա էլ որոշել են փակել բոլոր անասնաբուժական մարզային լաբորատորիները, փոխանակ զարգացնելու: Մի քանի քիչ մասնագետներն էլ կմնան անգործ, էլ չասած այլ լուրջ վտանգները։ Էդ պրոցեսը ո՞նց եք պատկերացնում, այդքան փորձանմուշ ինչպե՞ս է կազմակերպվելու տեղափոխել Երևան ու ինչպե՞ս է վերահսկվելու։
Աշխարհում թերևս, բացի խիստ հետամնաց երկրներից, չկա որևէ այլ երկիր, որ նման քայլ անի, որ չունենա տարածքային լաբորատորիաներ»։