Արևմուտքը Նիկոլին ցանկացած ներքաղաքական ապօրինություն, լպիրշություն ներելու է. Արմեն Աշոտյան

11 Հոկտեմբերի, 2024

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։

Հայտնի հանգամանք է, որ ինքս դեմ եմ եղել 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմության՝ ընդհանրապես, և ՀՀԿ-ի՝ մասնավորապես, մասնակցությանը։

Ավելին, պատերազմից 2 ամիս անց զորացրվելուց հետո անձամբ եմ խնդրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չառաջարկել ինձ առաջադրվել արդեն այդ ժամանակ նշմարվող արտահերթին։ Ուստի ներկայիս փուլում մանդատները վայր դնելու քննարկումներին առավել քան օբյեկտիվ եմ և անաչառ։

Ամենասկզբից էլ ասեմ, որ 2021-ի ընտրություններին հաջորդած հիմնական զարգացումները միայն ամրապնդում են այն տեսակետը, որ այդ ընտրությունները պետք էին բոլորին, բացի հայ ժողովրդից, և դրանց մասնակցելը սխալ որոշում էր։ Թող չնեղանան ինձանից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, այդ թվում՝ իմ ընկերները, նրանց գործունեությունն այսօրվա օրենսդիրում նույնպես չի բավարարում հանրային դաշտի հիմնական ակնկալիքները (մեղմ ասացի, որովհետև սա առանձին բարդ խոսակցություն է)։

Սակայն, այսքանով հանդերձ, պիտի ուղիղ և հիմնավոր պնդեմ, որ այս անգամ ևս ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու քննարկումները նույնիսկ իրացման դեպքում անգամ կես քայլով չեն մոտեցնի մեզ մեր պայքարի հիմնական նպատակին՝ իշխանափոխության միջոցով կանխել Հայոց պետականության շարունակվող ոչնչացումը։

Հերթով անդրադառնանք դաշտում հնչող այդ առաջարկության հիմնական հիմնավորումներին։

1. «Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը կառաջացնի սահմանադրական ճգնաժամ»։

Այս փաստարկը ՀՀ Սահմանադրության հետ որևէ իրական աղերս չունի, և բազում բանիմաց իրավաբաններ քանիցս անդրադարձել են այս հարցին։ Ցավոք, նույնիսկ ֆորմալ առումով «անընդդիմադիր» խորհրդարանը մնալու է սահմանադրական իրավակարգի օպերացիոն ինստիտուտ։ Մանդատներից հրաժարվելը չի առաջացնելու սահմանադրական ճգնաժամ։ Տխուր է, բայց փաստ։

2. «Մանդատները վայր դնելը բերելու է քաղաքական ճգնաժամի»։

Ավաղ, այս հիմնավորումը նույնքան նաիվ է, որքան ոմանց մոտ դեռևս գոյություն ունեցող ինքնախաբեությունը, թե «Նիկոլը չուզելով, չհասկանալով, չջոկելով է» մեզ հասցրել այս ազգային աղետին։ Նախ, Հայաստանն առանց այդ էլ՝ 2018-ից մեկնարկած, իսկ 2020-ից՝ բացահայտ դարձած քաղաքական չհանգուցալուծվող ճգնաժամի մեջ է, ու դա բացարձակ փաշինյանական ռեժիմի ֆեյխոային չէ։ Նրանք շարունակում են համառորեն կյանքի կոչել այն ծրագիրը, որի համար միամիտ ժողովրդի ձեռամբ, բայց դրսի ստվերային տիկնիկավարների քավորությամբ բերվել են իշխանության։

3. «Միջազգային հանրությունը կտեսնի և քայլեր կձեռնարկի»։

Նույնիսկ չգիտեմ, սա՞ է ավելի միամիտ սպասելիք, թե՞ նախորդը։ Եթե չգիտեք, կոշտ ու կոպիտ ասեմ. Արևմուտքը Նիկոլին ցանկացած ներքաղաքական ապօրինություն, խայտառակություն, լպիրշություն ներելու է, հանդուրժելու է և աչք է փակելու, ինչպես անում է առ այսօր՝ թքած ունենալով ոստիկանական բռնությունների, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների, ծաղկող կոռուպցիայի, խամաճիկային դատարանների, քաղբանտարկյալների առկայության և այլ բազում աղաղակող խնդիրների վրա։ Ուստի, սա ցավով եմ նշում, թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը խորը և համապարփակ փաթաթած ունեն Նիկոլի լուկաշենկոյացման ակնբախ իրողությունը։

4. «Մեկ է, այս ԱԺ-ից օգուտ չկա, թող դնեն ու դուրս գան»։

Այս տեսակետը, ինչպես արդեն ասացի, կարելի է քննարկել իր առաջին մասով. այո, նույնիսկ ստեղծված իրավիճակում պառլամենտական ընդդիմադիրներից ակնկալիքներն ավելի մեծ կարող են լինել։ Ավելին, վստահ եմ, որ նրանց մեջ կան անհատական խաղով տարված և կոլաբորացիոնիստ եզակի տարրեր։

Ավելի անկեղծանամ. վստահ եմ նաև, որ երկու ընդդիմադիր դաշինքների նախընտրական ցուցակներում հաջորդիվ քիչ չեն լինի մարդիկ, որոնք կվերցնեն վայր դրած մանդատները, երբ հերթն իրենց հասնի, և հավեսով կկցագրվեն փաշինյանական մեծամասնությանը։

Չմոռանանք նաև, որ ընդդիմադիր խմբակցությունները նաև իրավունք ունեն մինչև որոշակի մակարդակ մասնակցել ընտրական հանձնաժողովների ձևավորմանը, ինչը, անկախ որևէ ընտրություններին այդ ուժերի մասնակցության հարցից, վերահսկողության որոշակի գործիք է։

Սրանք էին ընդդիմության մանդատները վայր դնելու գաղափարի ջատագովների հիմնական փաստարկները։

Ի դեպ, այդ ջատագովներն էլ միատարր չեն. նրանց մեջ իրականում ազնիվ, մաքուր, բայց միամիտ մարդկանց կողքին կան արդեն մի քանի անգամ «խփած աղվեսներ», որոնց շարժառիթները հեռու են անկեղծ կամ հայրենասիրական լինելուց և պայմանավորված են նեղ անձնական շահով կամ լատենտ նիկոլական լինելու հանգամանքով։

 Հ.Գ. Սա էլ ասեմ, անկախ նրանից, թե ով կնեղվի. մանդատները վայր դնելու մասին ակտիվացող խոսակցությունները հերթական ընդդիմադիր շարժման անհաջողության սիմպտոմներից մեկն են (կյանքն է ցույց տվել)։ Ուստի, կողմնորոշվեք, փլիզ. Կա՛մ մանդատների թեման շարունակենք ծամծմել, կա՛մ շարժումը չի մարել…»:

Նմանատիպ նյութեր

Լսեցինք ձևակերպումներ, թե ՍԴ-ն քննել է նման գործեր․ ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, սա առաջինն է․ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և...

ԿԸՀ ներկայացուցիչը ակնհայտ դժգոհ դեմքով քննարկում էր ՔՊ-ի հետ

«Երեկվա մեր դիրքորոշման մեջ ես անդրադարձ կատարեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առերևույթ, մոտավորապես՝ 50%-ի չափով նախընտրական հիմնադրամում թույլատրելի ծախսերի գերազանցման մասին,...

Ես ո՛չ 10․000 թոշակը կուզեի, ո՛չ էլ ասֆալտը՝ հայրենիքս կուզեի, հայրենիքս․ Հարցում

«Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Գյումրի քաղաքի բնակիչներին։ Կարծիքները՝...

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր...

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին։ Նման որոշում է կայացվել դատարանում իրենց դիմումը և հիմնավորումները...