ԳՅՈՒՄՐՈՒ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ
ՔՐՈՆԻԿՈՆԸ

Տեղադրվել է: Yerevan Today
13  01  2015

Հունվարի 12-ին, ժամը 12:30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Ընտանիքի 6 անդամներին գտել են հրազենով սպանված: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Տանը հայտնաբերվել է մի քանի ամսական երեխա: Նրան գտել են մոր դիակի մոտ: Փոքրիկին տեղափոխել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Նրան վիրահատել են, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դեպքի վայրում գտել են Գյումրիի ռուսական զորամասից գիշերը փախուստի դիմած զինծառայողի զինվորական կոշիկները: Դրանց վրա գրված է եղել նրա ազգանունը՝ Պերմյակով։ Հայտնաբերվել է նաև ԱԿ 74 ինքնաձիգը, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։ Ժամեր հետո ՀՀ Ոստիկանությունը տարածել է զոհվածների անունները: Համաձայն հաղորդագրության, օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է): 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

 

Տեսանյութ` Գյումրում տեղի ունեցած ոճրագործության վայրից

 

Ռուսաստանը ցավակցում է եվ ուղարկում հետաքննող հանձնաժողով

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Գյումրում կատարված ոճրի վերաբերյալ: «Հայ ժողովրդի հետ մեկտեղ ցնցված ենք Գյումրի քաղաքի բնակիչների խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի ոճրագործությունից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր երեխային: Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն խստագույն պատասխանատվության»: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ ՌԴ իր պաշտոնակցի հետ: Ռուս պաշտոնյաները դատապարտել են կատարված հանցագործությունը: Ավելին, խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ-ից:

 

Գործին միջամտում են ռազմական գործիչները

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին կմեկնի Գյումրի: Ողբերգության պատճառների հետաքննության համար Գյումրու ռուսական ռազմաբազա կմեկնի նաև ՌԴ ՊՆ հանձնաժողովը՝ նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ:

 

Փրկված մանկան վիճակը դեռ ծանր է

ԱՆ Գյումրիում տեղի ունեցած սպանդից փրկված 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Ըստ առողջապահության նախարարության մամուլի ծառայության, այժմ քննարկվում է երեխային Ավստրիական հիվանդանոցից Երևան տեղափոխելու հարցը:

 

Կասկածյալը ձերբակալվել է

Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ներկայացրել է Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները:
«Գյումրի քաղաքի դեպքերի հետ կապված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ուժեղացված ռեժիմով են աշխատել: Հայ-թուրքական սահմանի ամբողջ տարածքը շրջափակել էին սահմանապահ ջոկատները՝ սպաների գլխավորությամբ:
Հունվարի 13-ի ժ. 00:15-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա նկատել են պետական սահմանի կողմ շարժվող անհայտ անձի:
Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից և իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին: Նախազգուշական նկատառումներով Բայանդուր բնակավայրից 700 մետր հյուսիս ընկած տարածքում անհայտ անձին ձերբակալել են:
Իրավախախտը քաղաքացիական հագուստով էր, անձը հաստատող փաստաթուղթ չուներ: Նրա մոտ եղել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր, 6000 դրամ:
Իրականացված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակով Վ.Պ.-ն է»:
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Բիրյուկով Վ.Վ.-ի որոշմամբ ձերբակալվածին հանձնել են 102-րդ ռազմաբազայի հրամանատարին՝ կայազորի զինդատախազության և ռազմա-քննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ:

 

Երեք բջջային, 6000 դրամ եվ լապտեր` Պերմյակովի գրպանում

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը եղել է քաղաքացիական հագուստով: Նրա մոտ հայտնաբերվել են երեք բջջային հեռախոսներ, գրպանի էլեկտրական լապտեր և 6000 դրամի չափով գումար: Զննության ընթացքում անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել

 

Պերմյակովը ցուցմունք է տալիս

Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը հարցաքննվում է: Նա պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի փոքր զբոսնել, գնացել է այդ հասցեով: Պերմյակովը նշել է, որ ցանկացել է ջուր խմել, դուռը ծեծել է, սակայն չեն բացել, փորձել է ներս մտնել, այնուհետև մարդ է արթնացել, որի հետևանքն է դարձել կատարվածը: Պերմյակովը մի քանի ամիս է` Գյումրիում ծառայության մեջ է: Նրա դեմ երկու քրեական գործ կհարուցվի. առաջինը՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից` դասալիքության` զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու մեղադրանքով, երկրորդը` ՀՀ իրավապահների կողմից՝ դաժան սպանության մեղադրանքով:

Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանությունն իրականացրած ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ցուցմունքներում նշել է, որ գործել է միայնակ: Նրա տուն մտնելուց հետո ընտանիքի անդամները չեն հասցրել դիմադրել, ամեն ինչ եղել է շատ արագ, իսկ արձակված բազմաթիվ կրակոցների ձայները հարեւանները շփոթել են հրավառության, պայթուցիկի ձայների հետ:
Ինչ վերաբերում է 6 ամսական բալիկին դանակով հարվածներ հասցնելուն, Պերմյակովն ասել է, թե այդ ժամանակ զենքը չի կրակել, այսպես ասած՝ փուստ է անցել, դրա համար վախեցել է եւ դանակով է հարվածներ հասցրել նրան:

 

16:28 - Պերմյակովին ՀՀ իրավապահներին չեն հանձնի

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության:

 

14.01.2015

 

11:26 - Սպանդից փրկված փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը դեռևս կայուն ծանր է: Երեխային շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել: Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

 

16:10 - Ռուսական մամուլը՝ Գյումրու ողբերգության մասին

Գյումրիում հունվարի 12-ին կատարված ոճրագործությունը նաև ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է: Կատարվածի մասին մեկնաբանություններն ամենատարբեր են: Yerevan.Today-ն առանձնացրել է մի քանիսը:
Коммерсант պարբերականում նշվում է` Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորը պնդում է, որ հանցագործությունը կանխամտածված չի եղել, և Պերմյակովը Հայաստանին չի հանձնվելու: Պարբերականը, հղում անելով ՌԴ ռազմական գերատեսչության իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ ՌԴ ՊՆ-ն մտադիր է խստորեն պատժել կատարվածի հետ որևէ առնչություն ունեցող բոլոր անձանց: Նկատողություններ և նախազգուշացումներ են արվել ռազմաբազայի ղեկավարությանը:
Kavkaz – uzel-ը նշում է, որ Պերմյակովը ռազմաբազայից իր փախուստը մեկնաբանել է ծառայել չցանկանալով: «Ցուցմունք տալիս Պերմյակովը խոստովանեց, որ սպանությունը չէր պլանավորել, ծրագրված է եղել միայն փախուստը: Նա չէր ցանկանում ծառայել, իսկ մարդկանց սպանել է վախից, որ իրեն կհանձնեն հրամանատրությանը»:
«Ազատություն» ռադիոկայանը (Svoboda.org) հիշեցնում է` նախկինում ևս Գյումրիում մի քանի ողբերգական դեպքեր են եղել: 2013-ի գարնանը ռուսական հրասայլային զորավարժարանում ականի պայթյունը երկու երեխայի կյանք խլեց: Այդ ժամանակ շատ էր խոսվում այն մասին, որ զորավարժարանը անհրաժեշտ չափով սահմանազատված չէր, և մեղավորները պետք է պատժվեն: Արդյոք խոսքերը գործ դարձան, հայտնի չէ: 1999 թվականին երկու ռուս զինվորական կրակ բացեցին Գյումրու շուկայում` սպանելով երկու հոգու և վիրավորելով 9 – 14 հոգու: Այս անգամ մեղավորները երկարատև պատիժ ստացան:

Վալերի Պերմյակովը ծնունդով Չիտայից է, 18 տարեկան: Ծառայակիցները նրան դրական են նկարագրում, սակայն ռուսական մամուլում տարածվել են տեղեկություններ, որ նա հոգեկան խանգարումներ ունի: Ծառայության է կանչվել կես տարի առաջ, նախկինում արդեն փախել է զորամասից: ВКонтакте սոցիալական կայքի նրա էջում լոզունգ կա. «Մեր զենքն ուժեղ է, իսկ տանկերն` արագընթաց»:
Ազատություն ռադիոկայանն ընդգծում է. «Հայաստանի ղեկավարությունը երկրում սուգ չի հայտարարել: Առայժմ ընդամենը հայտարարվել է Նոր տարվա առթիվ ավանդական տոնական համերգի չկայանալու մասին»: Գյումրիում ծառայում են շուրջ 5 000 ռուս զինվորականներ: Ռադիոկայանը հիշեցնում է` 2010-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրով` 102-րդ ռուսական ռազմաբազայի` Հայաստանում ներկայության ժամկետը երկարացվել է առնվազն մինչև 2044 թ. :
Vesti.ru-ն Գյումրու ողբերգությունը ներկայացրել է «Վալերի Պերմյակով. գերազանց ծառայող, ով սպանել է վեց հոգու» վերտառությամբ հոդվածում: Vesti.ru-ն մանրամասներ է ներկայացնում Պերմյակովի ձերբակալումից. երբ նա փորձել է հատել սահմանը, սահմանապահները «Կանգնիր» հրամանն են տվել, որին Պերմյակովը չի ենթարկվել, երկրորդ անգամ ևս նա անտեսել է հրամանը: Այդ ժամանակ արդեն կրակոց է եղել օդում, որից հետո նրան հրամայել են դեմքով դեպի գետինը պառկել:
Կայքը նշում է, թե գյումրեցիները կատարվածի տարբեր պատճառներ են շրջանառում: Ոմանք նշում են, որ Ավետիսյանների ընտանիքի հետ Պերմյակովը վաղուց ծանոթ է եղել, անգամ հաճախակի այցելել է նրանց` տաքսիով: Շատերն էլ համոզված են, որ հակառակը` նա անգամ ծանոթ չի եղել Ավետիսյաններին:
Պերմյակովն ընտանիքի վեցերորդ` կրտսեր զավակն է: Ծնողները որդու արարքին մեկնաբանություն տալ դժվարանում են, պատճառները նրանց համար անհասկանալի են: Նրանք նշում են, որ որդին ծառայության մեկնել է ուրախությամբ և երբեք չի դժգոհել, ավելին` հրամանատարության կողմից մշտապես բարձր է գնահատվել:
Odnako.org-ը հոդվածը վերնագրել է. «Արյամբ` քարոզ. ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանության քաղաքականացման առթիվ»: Հոդվածագիրը նշում է, որ հունվարի 12-ին կատարված հրեշավոր արարքն անխուսափելիորեն սկսել է քարոզչական ու քաղաքական երանգներ ստանալ, սակայն ինքը` ոճիրն արդեն իսկ գաղտնիքներ չունի: Պատկերը ԶԼՄ-ների կողմից արդեն ուրվագծված է, սակայն վերջնական` ճշգրիտ նկարագիրը կտան իրավապահները:
Կայքը գրում է. «Միևնույն ժամանակ մամուլում, ասես` հրամանով, սկսվել է քարոզարշավ, որի նպատակն է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վարկաբեկումը: Այդ նպատակներով կազմակերպվել է բողոքի ակցիա` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև: Ցուցարարների պահանջը, ինչպես և ենթադրելի էր, Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումն էր, իսկ իշխանություններից պահանջում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետկանչին հասնել»:
Նշենք, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի հայրը՝ Պավել Պերմյակովը, ՌԴ Չիտայի մարզում գտնվող Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով. քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է: Կազմակերպությունը բողոքական (ավետարանական) եկեղեցի է, որն առավելապես հայտնի է «Հիսունականների եկեղեցի» անվամբ:

 

18:55 - Բողոքի ակցիա ռազմաբազայի մոտ

Գյումրիում հունվարի 12-ին վեց հոգու սպանած Վալերի Պերմյակովին Ռուսաստանի արդարադատությանը հանձնելու դեմ այժմ ռուսական 102-րդ ռազմաբազայի առջև բողոքի ակցիա է: Մասնակիցները պահանջում են ոճրագործին հանձնել հայկական կողմի դատին: Տեղում Շիրակի մարզի դատախազը փորձում է իրավիճակը վերահսկելի դարձնել: Նա ակցիայի մասնակիցներին դիմեց կոչով. «Մի վռազեք, եկեք` տեսնենք իրավական կարգավորումները մեզ ինչ են տալու: Խնդրում եմ` եկեք, գնանք դատախազություն, այնտեղ կզրուցենք, հետո տներով կգնանք, վաղը մյուս օրը մեզ համար պարզ կլինի»: Դատախազի խոսքին հետևեց քաղաքացիների դժգոհության արձագանքը:
Դատախազը հորդորեց բողոքի ակցիա անել այլ տեղում` դատախազության կամ ոստիկանության մոտ, միայն ոչ` ռազմաբազայի առջև: Ցուցարարները, սակայն, երաշխիքներ են պահանջում:
Նշենք, որ նախապես ակցիայի մասնակիցներն ավտոերթ էին կազմակերպել, որն էլ վերաճել է բողոքի ակցիայի: Մարզպետարանի մուտքի առջև ոստիկանները պատնեշ էին կազմել` ակտիվիստներին թույլ չտալով մոտենալ շենքին: Ակցիայի մասնակիցները փորձում էին պատուհանին փակցնել իրենց պաստառները, որոնցից մեկի վրա գրված էր «Кошкин дом в Армении»: Ավտոերթի մասնակիցները երթով շարժվել են դեպի ռազմաբազա, որտեղ այժմ իրավիճակը թեժ է:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց վաղը` 17:00-ին կրկին հավաքվել դատախազության շենքի մոտ` պահանջելով վերջնական պատասխան: Առաջարկն ընդունվեց:

 

21:08 - Այդ հանցագործը պատասխանատվության կենթարկվի Հայաստանում. Գլխավոր դատախազ

«Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել թե ամբողջ ընթացակարգին, և թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը: Հայաստանը երբեք որևէ բան որևէ մեկին չի զիջում: Վաղը բոլորս ականատես կլինենք, երբ ՀՀ իրավապահ մարմինների ակտիվ գործունեությունը ևս այդ առումով կիրականացվի, և բոլորի համար տեսանելի կլինի, որ ՀՀ-ն հետևողականորեն ձեռնամուխ է լինելու պատասխանատվության ենթարկել իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի»,- Գյումրում տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Այս ընթացքում ես ուղղակի չհասցրեցի Գյումրի գնալ, վաղը առավոտյան 10-ին կլինեմ Գյումրիում, եւ գյումրեցիներին առանձին-առանձին ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ Վալերի Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում եւ բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ եւ ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:

 

15.01.2015

 

10:45 - Գյումրու սպանդն իրականացնողը կալանավորվել է

Գյումրիում Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը երեկ երեկոյան կալանավորվել է: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություններ և դասալքություն: Խափանման միջոց ընտրել է ռուսական կայազորի դատավորը:

 

11: 49 - Պերմյակովին այսօր կհարցաքննեն հայ քննիչները. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի իրավապահ համակարգը հետևողական է լինելու Գյումրիում հունվարի 12-ին կատարված ոճրագործության բացահայտման և մեղավորներին պատժի ենթարկելու հարցում: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունվարի 15-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց` մեղավորը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և բոլորը հնարավորություն են ունենալու հետևել ողջ ընթացքին ` քրեական պատասխանատվությանը, այդ թվում` պատիժ կրելուն:
Կոստանյանն ընդգծեց` այստեղ ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, քանի որ մենք ունենք միջազգայյին պայմանագրեր, որ մեր օրենսդրության մաս են կազմում: Գլխավոր դատախազի խոսքով` հանցագործության ծանրությունն իրավունքի տեսակետից նշանակություն չունի, զգացմունքային տեսակետից` գուցե:
Նա տեղեկացրեց, որ հարուցված է երկու քրեական գործ` ՌԴ օրենսդրության հիման վրա` ՌԴ իրավապահ մարմինների կողմից և ՀՀ օրենսդրության վրա` ՀՀ իրավապահների կողմից: Կոստանյանը նշեց` արդեն իսկ սպանության մեջ կասկածվող Պերմյակովին որպես մեղարյալ ներգրավելու որոշում է կայացվել:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք գլխավոր դատախազին արժանահավատ են թվում գործով իբրև մեղադրյալ ներգրավված Պերմյակովի ցուցմունքները: Նա արձագանքեց, թե ցուցմունքի խելամտությունն արժանահավատությամբ չի գնահատվում, այլ` մյուս ապացույցների համակցությամբ:
Պատժի կրումն ու կրման գործընթացը միջազգային այլ կոնվենցիաներով են կարգավորվում: Սպանության կապակցությամբ որևէ իրեղեն ապացույց չկա, թե ինչի հիման վրա են իրենք մեղադրանք առաջադրել նաև սպանության փաստի կապակցությամբ` Կոստանյանը դժվարացավ մեկնաբանել: Նա նշեց, որ ՀՀ իրավապահների կողմից հարուցված քրգործով որևէ այլ անձ ներգրավված չէ:
«Մենք դեռևս տվյալ անձին մեր քրգործով չենք հարցաքննել: Այսօր մեր քննիչները կհարցաքննեն, կհամադրենք: Թե ինչ ցուցմունք է տվել ռուսական օրենսդրությամբ հարուցված քրգործի շրջանակներում, չգիտեմ և չեմ էլ կարող մեկնաբանել: Պատժի նշանակման, կրման ողջ գործընթացը դեռ առջևում է, քննարկելու ենք»,- ասաց նա: Կոստանյանը նշեց, որ ՌԴ օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է նաև գնդակահարությունը, բայց քանի որ երկու երկրներն էլ Եվրոպայի խորհրդի անդամ են այդ հարցը հընթացս չեն կարող քննարկել, սակայն հետագայում ՌԴ իրավապահների հետ այն կարող է քննարկման առարկա դառնալ:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ ռուսական զորամասում կա նաև կալանատուն` իրենց զինծառայողների համար: Նա համոզմունք հայտնեց, որ Պերմյակովն այժմ գտնվում է հենց այդ կալանատանը:

 

13:20 - Սերյոժա Ավետիսյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում. նախարար

Գյումրիի սպանդից փրկված 6-ամսյա փոքրիկին զոնդի օգնությամբ արդեն սկսել են կերակրել: Կառավարության նիստի ընթացքում Սերյոժայի առողջական վիճակի մասին վերջին տեղեկություններն է փոխանցել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Երեխան ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Առողջական վիճակում կան աննշան դրական փոփոխություններ և մոտակա 2-3 օրերին երեխան դեռևս կլինի արհեստական շնչառության ապարատի ներքո:

 

13:11 - Գյումրիի ոճրագործության մեջ մեղադրվողի դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում

Այսօր՝ հունվարի 15-ին, կառավարության նիստից հետո ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը անդրադառնալով Գյումրիի սպանություններին՝ նշեցին, որ կասկածյալի գործի քննությունն ու հետագա ընթացքը պետք է տեղի ունենա Հայաստանում: Կարեն Անդրեսյանի խոսքով, մինչ օրս օրենքի խախտում չի եղել, միայն կա մտավախություն: Շավարշ Քոչարյանի խոսքով, գործ ունենք երկու տիպի հանցագործության հետ՝ առաջինը սպանությունն է, իսկ երկրոդը, որն արդեն Ռուսաստանի իրավասության ներքո է, վերաբերում է զորամսը զենքով լքելուն: Արտգործնախարարի տեղակալի կարծիքով, սա նշանակում է, որ Հայասատանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է համագործակցեն:

 

17:10 - Գյումրում անցկացվում է բազմամարդ բողոքի ցույց. ուղիղ

Գյումրում անցկացվում է բողոքի ցույց՝ գյումրեցի ընտանիքին գնդակահարած ռուս զինծառայողին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով: Ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումը բողոքի վայրից:

 

18:48 - Բախում ոստիկանների եվ ցուցարարների միջև. կան բերման ենթարկվածներ

Հունվարի 15-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցավ բախում, երբ վերջիններս փորձ արեցին մոտենալ դեսպանատանը: Արդյունքում ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներ Տիգրան Խզմալյանին և Արգիշտի կիվիրյանին: Իրավիճակը լարվեց հատկապես երբ ցուցարաներին դեսպանատան դիմացից հեռացնելու համար եկան կարմիր բերետավորները: Ռուսաստանի դեսպանատնից որևէ կերպ ակցիային չարձագանքեցին: Ավելի ուշ ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ դեսպան Իվան Վոլինկինը:

 

19:15 - Կոստանյանը պահանջով կդիմի ՌԴ գլխավոր դատախազին

Գյումրու դատախազության առջև հավաքված բազմությունը պահանջում է հունվարի 12-ի ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը: Ակցիայի մասնակիցների առջև ելույթ ունենալով` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը նշեց. «Մեր պահանջը Ռուսաստանի դաշնությունից և ռուսական ռազմաբազայից է: Երկու կողմում էլ հայեր են, հետևաբար մեր պահանջի օբյեկտը այստեղ չէ: Պետք է շարժվենք քաղաքակիրթ ձևով, հավասարակշռությամբ: Թշնամին այնպես է անում, որ մեզ պառակտի, մենք կուտը կերանք»: Նա նշեց, թե ՀՀ գլխավոր դատախազից ստացել է հավաստիացում` արվելու է հնարավորն ու անհնարը` իրենց պահանջի կատարմանը հասնելու համար: Սրբազանի առաջնորդությամբ` ցույցի մասնակիցներն աղոթեցին:

Ակցիայի մասնակիցների առջև ելույթ ունեցավ նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ի պատասխան հանցագործին հայկական կողմին հանձնելու պահանջի՝ նա նշեց. «Ես հիմա, որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ասում եմ, որ միանշանակ այս պահանջով դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին»:

 

16.01.2015

 

10:59 - Գյումրում բերման է ենթարկվել 21 հոգի, Երեվանում՝ 38

Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից 21 –ը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Բերման ենթարկվածներից 19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բոլոր 21 անձինք բաց են թողնվել:

Գյումրիում դատախազության առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել: Հավաքված բազմությանը ցրելու համար ոստիկանները լուսածխային նռնակներ եր կիրառել: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 անձ (6-ը` ոստիկաններ):
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության մեջ մեղադրվողին` Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով հունվարի 15-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպվել նաև Երևանում: Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել 38 հոգի: Բոլորը բաց են թողնվել:
ՌԴ դեսապանատան շրջակայքից բերման ենթարկված 3 անձի և երեկոյան բերման ենթարկված մեկ անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Երկու անձի մոտ (Կարո Եղնուկյան, Գագիկ Սարուխանյան) հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն: Երեկոյան բերման ենթարկված մյուս անձինք բաց են թողնվել:

 

19.01.2015

 

Հայաստանի՞, թե՞ ՌԴ օրենքներով պետք է դատել Պերմյակովին. Օրենսդրություն

Գյումրեցի ընտանիքի 6 անդամին սպանած՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով երկրում տեղի են ունենում բողոքի ցույցեր: Միաժամանակ, հնչում են մասնագիտական տեսակետ-հիմնավորումներ, թե որ կողմն է իրավասու քննել գործը և որտեղ պետք է պատիժը կրի հանցագործը: Կա երեք տեսակետ

  1. Քննությունը պետք է իրականացնեն հայ իրավապահները՝ ՀՀ օրենքներով:
  2. Քննությունն պետք է իրականացնեն ռուս իրավապահները:
  3. Պետք է քննությունն իրականացնի երկու կողմերի քննչական մարմինների համատեղ խումբը, իսկ դատավարական հսկողությունը իրականացնի նույն սկզբունքով ձևավորված դատախազների խումբը։


Եթե առաջին տեսակետի հեղինակները հայերս ենք, ապա երկրորդ տեսակետը հայտնում է Ռուսական կողմը՝ ՀՀ գլխավոր դատախազության հետ միասին՝ հիմք ընդունելով Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմաբազայի հետ իրավական հարաբերությունները կարգավորող համաձայնագրի 5-րդ հոդվածը, ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը և ոճրագործին ռուս սահմանապահների հայտնաբերելու փաստը: Առաջին տեսակետի կրողները հակադրարձում են, թե ինչու պետք է Հայաստանում գործի Ռուսաստանի սահմանադրությունը, ինչո՞ւ են ՀՀ տարածքում հետախուզական աշխատանք իրականացրել ռուս սահմանապահները, և ինչո՞ւ վերջիններս չեն ենթարկվել ՀՀ օրենսդրությանը՝ հանցագործին բռնելուց հետո չեն հանձնել հայ իրավապահներին:

Մեջբերում ենք այն օրենքները, որոնք հիմք ընդունելով՝ հակադիր կողմերը հիմնավորում են նշված առաջին և երկրորդ տեսակետները:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ՀՈԴՎԱԾ 14:

Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: 2. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝ 1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում. 2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում: 3. Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: 4. Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաեւ այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից: 5. Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

 

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենք, ՀՈԴՎԱԾ 31:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին օրենքի առջև կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար պատասխանատվություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն, ՀՈԴՎԱԾ 61

1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս կամ հանձնվել այլ պետության, 2. Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է իր քաղաքացիների պաշտպանությունն ու հովանավորությունը պետության տարածքից դուրս:

 

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ (1997թ. օգոստոսի 29, ք. Մոսկվա): Ուժի մեջ է մտել 2002թ. մայիսի 24-ից:

ՀՈԴՎԱԾ 4. «Ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

ՀՈԴՎԱԾ 5. «Միևնույն ժամանակ 4-րդ հոդվածով նախատեսված կարգը չի կիրառվում ռուսական ռազմակայանի անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված այն հանցագործությունների և այլ իրավախախտումների դեպքում, եթե դրանք` կատարվել են ռուսական ռազմակայանի տեղակայման կետերի տարածքում, կատարվել են Ռուսաստանի Դաշնության դեմ կամ ռազմակայանի անձնակազմի (կամ նրանց ընտանիքի անդամների) դեմ, ռազմական հանցագործությունների գործերով: Սույն հոդվածի` վերը թվարկված դեպքերում կիրառվում է ՌԴ օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները: Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են ռուսական ռազմակայանի տարածքի տեղակայման կետերի տարածքում` չճշտված անձանց կողմից: Հանցանք կատարած անձի ինքնության բացահայտման դեպքում գործում է կարգ, որ որոշված է սույն համաձայնագրով»:

 

20.01.2015

 

ՀՀ եվ ՌԴ քննչական կոմիտեները համակարգող մարմին կստեղծեն 

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին: 

 

21.01.2015

 

Կկայացվի ոճրին համարժեք դատավճիռ. Սերգեյ Լավրով

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը սարսափելի հանցագործություն է: Մոսկվան ցավակցում է տեղի ունեցածի առթիվ: Հունվարի 21-ին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև հավելել է, թե ողբերգության քաղաքականացման փորձերն անթույլատրելի են, դրանք չեն բխում երկու երկրների ղեկավարությունից: Այս պայմաններում, ըստ Լավրովի, քիչ չեն աղետը աշխարհաքաղաքական ինչ-ինչ առավելություններ ստանալուն ծառայեցնել ցանկացողները: «Նախ և առաջ` ես ցանկանում եմ կրկին ցավակցությունս հայտնել այս սարսափելի ոճրի առթիվ, որ կատարվել է Ավետիսյան ընտանիքի նկատմամբ. ոճրի, որի հետևանքը եղավ անմեղ անձանց մահը»,- ասել է արտգործնախարարը:

Լավրովը համոզմունք է հայտնել, որ Գյումրիի աղետի համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատը կլինի առավելագույնս բաց, կանցնի համատեղ, կկայացվի օբյեկտիվ և ոճրին համարժեք դատավճիռ: Նա հաստատել է` դատավարությունն անց է կացվելու Հայաստանի տարածքում: ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրել է` իրենք անում են ամեն ինչ, որպեսզի այդ հանցանքն անպատիժ չմնա, որ մեղավորը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության և որ այսուհետ տեղի չունենա նման բան: Լավրովը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի առկա իրավիճակից:

 

{$article:948,941,938,935,930,904,901,900,886,877,865,863,860,850,848,842,841}

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ