Ինչո՞ւ են ավելանում տեսախցիկներն ու արագաչափերը

Տեղադրվել է: Yerevan Today
20  11  2017

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար հայտարարություններ է տարածում երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման վայրերի թիվը մեծացնելու վերաբերյալ:

Երևանում ամսե-ամիս քչանում է խաչմերուկների թիվը, որոնք չունեն տեսահսկող սարքեր, անգամ կա խաչմերուկ, որտեղ երկրորդ շարք տեսախցիկներ են տեղադրել: Իսկ արագաչափերը մեկ ուղղությամբ մի քանի հատ են:

Ինչո՞ւ են բազմանում տեսախցիկները, ի՞նչ օգուտ են նրանք տալիս երթևեկությանը, արդյո՞ք տեսախցիկների շատանալուց հետո վարորդները դարձել են ավելի օրինապահ:

Yerevan.Today-ի նոր թեման հենց այս մասին է, զրուցել ենք վարորդների, վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվողների հետ և ստացել ենք ոստիկանությունից մեր հարցման պատասխանը:

 

Բովանդակություն
aw

 

1Վարորդների շահերի պաշտպանների գնահատականները

Ամեն առիթով վարորդին տուգանելը արդեն գրպանահատություն է. Արսեն Պետրոսյան

Մեր զրույցը՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանի հետ

 

 

Վարորդին տուգանելու մեխանիզմները պետք է փոխվեն. Սերգեյ Ղահրամանյան

Մեր զրույցը՝ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ

 

 

2 ՃՈ տեսակետը

Yerevan.Today-ը հոկտեմբերի 24-ին հետևյալ հարցումն էր ուղարկել ՀՀ ոստիկանության

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին

 

«Հարգելի պարոն Կարապետյան,

Խնդրում ենք գրավոր կերպով կամ տեսանկարահանմամբ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ի՞նչ հիմնավորումներով, ո՞ր սկզբունքներից ելնելով են տեղադրվում հավելյալ տեսախցիկները և արագաչափ սարքերը

2. Ինչպե՞ս է որոշվում տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման վայրը

3. Տեսախցիկները տեղադրվելու որոշում կայացնելուց առաջ ուսումնասիրվո՞ւմ է տվյալ վայրում խախտումների քանակը, բնույթը, վտանգավորությունը, թե՞ արվում է հետագա խախտումներից խուսափելու համար:

4. Տեսախցիկների՝ նման տեմպերով շատացումը արդյո՞ք նշանակում է, որ տեղադրվածներն չեն ապահովում երթևեկության կարգուկանոնը և կարիք կա հավելյալ հսկողության: Հաշվի առնենք, որ, օրինակ, Երևանի Սայաթ-Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում կան տեսախցիկներ և նորերն են տեղադրվում, հետևաբար հավելյալ խախտումների արձանագրություններով ապահովվելու է լրացուցիչ եկամուտ»:

 

Նոյեմբերի 1-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ուղարկեց պատասխան նամակ.

«Ձեր 24.10.2017 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

 

17 օրում ոստիկանությունը գրեց հետևյալ պատասխանը. «Ձեր 24.10.2017 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ լուսանկարահանող-արագաչափ սարքերի և տեսախցիկների կիրառման վայրերը որոշվում են ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերլուծության, ինչպես նաև հետաքննության, նախաքննության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների առաջարկությունների ուսումնասիրությունների հիման վրա:

2016 և 2017 թվականներին տեղադրված արագաչափ սարքերի առնվազն 80%-ը տեղադրվել են քաղաքացիների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդության հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքներով:

Լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերով երթևեկության վերահսկման գործառույթի իրականացման շարունակականությունը գլխավորապես պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում բարձր արդյունավետություն ունենալու հանգամանքով:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն»:

 

Ստացվում է, օրինակ՝ Մաշտոցի պողոտա-Սայաթ Նովա խաչմերուկում, որտեղ տեսախցիկներ կային վաղուց, ու գրեթե միշտ ՃՈ մեկից ավելի խմբեր ծառայություն են իրականացնում, վերջերս տեսախցիկներ ավելացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների պահանջով:

 

3Վարորդների տեսակետը

Թեև ոստիկանությունը պնդում է, թե քաղաքացիներն ու ՏԻՄ-ն է 80 տոկոսով պնդում, որ տեսախցիկներ տեղադրեն, սակայն վարորդների հետ մեր հարցումները ցույց են տալիս, որ վարորդներն այդ սարքերը համարում են իրենց կաշին քերթելու միջոց:

Հենց վարորդների հետ հարցումներն են դարձել ոստիկանությանն ուղղված մեր հարցման պատճառ:

 

Որքանո՞վ են նպաստում տեսախցիկները երթևեկության կարգավորմանը. հարցում

 

 

Այս թեմային անդրադառնալիս, ինչպես բոլոր նմանատիպ թեմաների պարագայում, լսելով բոլոր կողմերի կարծիքները, բացատրությունները, կարծում էինք թե հնարավոր է կան այլ ավելի ծանրակշիռ փաստարկներ, քան ուղակի «մեր վերլուծություններով» ձևակերպմամբ գործելաոճը:

Ամեն օր կարելի է լսել քաղաքացի-վարորդների դժգոհությունները, թե՝ «Ինչ աշխատում ենք, տուգանում-տանում են ...»: Վարորդների հետ մեր բազմաթիվ զրույցների և հարցումների արդյունքում հասկանալի դարձավ, որ նրանց դժգոհության պատճառը կրկին անարդարացիությունն է: «Մեր հաշվին իրենց հերթական հարցերն են լուծում»,- բնորոշում են նրանք: Մնում է հուսալ, որ ոստիկանության՝ բարձր արդյունավետություն ունենալու հանգամանքը իրոք վերաբերում է երթևեկության ապահովմանը և ոչ՝ լրացուցիչ եկամուտ ներգրավելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ